Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը Հայաստան ժամանած «Ռուսաստանի երկաթուղի» ԲԲԸ նախագահ Գենադի Ֆադեեւը Երեւանում համաձայնագիր է ստորագրել բեռնափոխադրումների հայ-ռուսական ընկերություն ստեղծելու վերաբերյալ:

«Հայաստանն այսօր շրջափակման մեջ է: Ես կարծում եմ, պետքէ չէ խուսափել այդ բառը հնչեցնել: Գործնականում ո'չ ծովային կապ կա, ո'չ երկաթուղային: Միայն օդային եւ ավտոճանապարհներով, իսկ այդ ուղիներով շատ բան չես տեղափոխի», - դեռեւս օդանավակայանում լրագրողներին ասել էր Ֆադեեւը՝ ավելացնելով, որ ստեղծվելիք նոր համատեղ կառույցը, որին մաս են կազմելու երկու երկրների պետական երկաթուղային ընկերությունները, պետք է նպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումների ծավալի ավելացմանը:

Ֆադեեւի խոսքերով, անթույլատրելի է, որ այսօր բեռները Ռուսաստանից Հայաստան են գալիս Ուկրաինայով:

Ռուսաստանցի պաշտոնյան ասաց, թե ինքը մեղանչած կլիներ ճշմարտության դեմ, եթե չասեր, որ իրենք «մեծ կարիք ունեն», որ Վրաստանը համաձայնագրի հավասար կողմ լինի, քանի որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաղորդակցության ամենակարճ ճանապարհը Վրաստանն է:

Հարցին, թե արդյոք վրացկան կողմի հետ կան պայմանավորվածություններ, Ֆադեեւը պատասխանեց, թե երեկ հանդիպել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի հետ, ով նախորդ օրն էր վերադարձել Վրաստանից, եւ վերջինիս փոխանցմամբ, հարցը ամենաբարձր մակարդակով քննարկվել է Վրաստանի ղեկավարների հետ: Մանրամասներ Ֆադեեւիը չփոխանցեց՝ ասելով սոսկ, թե բանակցությունները «հուսադրող են եղել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG