Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ո՞վ կմտածեր, որ նախագահի նախորդ ընտրություններից հետո ամերիկյան ժողովրդավարության փոքր-ինչ սասանված հեղինակությունը վերականգնվելու է հենց հայերի ձեռքով», - խանդավառության առիթ է գտել «Հայկական ժամանակ» թերթը՝ պարզաբանելով. - «Դա տեղի ունեցավ հենց այն պահին, երբ հայտնի դարձավ, որ առաջիկա նախագահական ընտրություններում հայ համայնքը պաշտպանելու է Ջոն Քերիին, այսինքն՝ ընդդիմության թեկնածուին: Բանն այն է, որ հայ համայնքների քաղաքական գործունեության փորձը ցույց է տվել, որ այլ երկրներում մենք կարող ենք ընդդիմության կողքին կանգնել միայն կատարյալ ազատության պայմաններում: Այլապես, մենք՝ հայերս, որ տարբեր երկրներում ունենք «յարմըրկաներ» եւ խանութներ, շինարարություն եւ ասֆալտ ենք անում, գիտենք, որ մեր գործի հաջողության գրավականը իշխանությունների հետ քիփ լինելն է, այլապես նրանք մեզ վրա հարկային կուղարկեն, կամ էլ՝ մեր ձեռից կառնեն մեր բիզնեսը: Այս էր պատճառը, որ, ասենք, Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում եւ այս կարգի երկրներում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հայ համայնքը մշտապես կանգնած է եղել իշխանությունների կողքին... Իսկ հիմա, Միացյալ Նահանգների պարագայում, «եթե հայերը պաշտպանում են ընդդիմության թեկնածուին, նշանակում է՝ հաստատ գիտեն, որ ոչ ոք իրենց վրա հարկային չի ուղարկի, բիզնեսը չի խլի, պատի տակ չի թրխկացնի, կարճ ասած՝ քեն չի պահի հակառակորդին բարեւ տալու համար»: «Հայկական ժամանակ»-ն այսօր նաեւ ուշադրություն է հրավիրում. - «Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը անարձագանք չի թողել ԱՊՀ անդամ մի շարք պետությունների հայտնի հայտարարությունը, որում նրանք քննադատում էին ԵԱՀԿ գործունեությունը: ԵԱՀԿ-ն առանձին պատասխաններ է հղել այդ հայտարարությունը ստորագրած նախագահներին»: Եվ, խոսելով, մասնավորապես, 2003-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում տեղ գտած խախտումների մասին՝ ԵԱՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին գրել է. - «Ամենասարսափելին, թերեւս, Ձեր պաշտպանության նախարար եւ նախընտրական շտաբի ղեկավար Սերժ Սարգսյանի ետընտրական այն հայտարարությունն էր, թե եվրոպացիները ժողովրդավարության իրենց չափանիշներն ունեն, հայաստանցիները՝ իրենցը... Այս հայտարարությունը 1975 թվականի Հելսինկյան հիմնարար սկզբունքների եւ 1990 թվականի Կոպենհագենի համաձայնագրով ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների ամոթալի ուրացում էր», - որակել է ԵԱՀԿ-ն:

Ազգային ժողովի պատգամավոր, ՍԻՄ («Սահմանադրական իրավունք» միություն) նախագահ Հրանտ Խաչատրյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում այսօր ասում է. - «Անցած տարիներին, ցավոք, համոզվել ենք, որ Հայաստանում առանց արտաքին միջամտության ներքին փոփոխությունները շատ դժվարությամբ են իրականացվում»: Կա արտաքին պատվերի ձեւավորման երկու ճանապարհ. - «Առաջինը ներսից գործընթաց առաջացնելն է, բայց այդ փուլը, կարծում եմ, արդեն անցավ։ Երկրորդ դեպքում այդ պատվերը առարկայանում է, եթե դրսից որեւէ շահագրգիռ կողմ ձգտում է ներսում իրավիճակ ձեւավորել պատվերը տեղադրելու համար։ Բայց այստեղ էլ սպասողական իրավիճակ է։ Տարածաշրջանում լուրջ հետաքրքրություն դրսեւորող տերությունները այլ կարեւոր խնդիրներ ունեն այս պահին», - ուրվագծում է Հրանտ Խաչատրյանը՝ բանաձեւելով. - «Անհրաժեշտ է որոշակի ներքին անկայունություն, որպեսզի արտաքին միջամտության հնարավորություն լինի։ Այսպիսով՝ եթե առայժմ չկա կոնկրետ պատվեր, հավանական է դրա նախապատրաստումը»։ «Արդարություն» դաշինքի մաս կազմող ՍԻՄ նախագահը նաեւ արձանագրում է. - «Ընդդիմադիր դաշտում նոր գաղափարների, լիդերների, նոր համախմբում իրականացնելու ունակ կենտրոնների փնտրտուք կա: Օբյեկտիվորեն «Արդարությունը» մնում է առաջատար։ Միգուցե այդ ազդեցությունը թուլացել է տարեսկզբի համեմատ, բայց այնքան չի նվազել, որ մյուս ուժերը առաջ անցնեն... Երբ կգա գործողության ժամանակը, այնժամ պարզ կլինի՝ ում հետ լինել, ում օգնել, ում խանգարել։ Բայց այսօրվա մրցակցությունը առայժմ պայմանավորված է հենց նրանով, որ տվյալ պահին կոնկրետ ծրագրի հեռանկար ոչ ոք չի տեսնում», - ամփոփել է Հրանտ Խաչատրյանը։

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով՝ ներկա խորհրդարանում տիրող վիճակը մեկ անգամ եւս ապացուցում է, որ հենց նախագահական կառավարման համակարգն է համապատասխանում հայաստանյան ներկա պայմաններին, միջավայրին ու մենթալիտետին: «Քաղաքական շահեր ասելով՝ մեր խորհրդարանականները հասկանում են սոսկ ԱԺ խումբ-խմբակցությունների կորպորատիվ շահերը, այսինքն՝ ներկայումս իրենց զբաղեցրած եւ ապագայում զբաղեցնելիք աթոռների հարաբերակցությունը ինչպես օրենսդիրում, այնպես էլ գործադիրում», - գրում է մեկնաբանը: - «Երբեմն նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում օրենսդիր իշխանության կարիքը զգացվում է միայն օտարերկրյա պատվիրակություններ ընդունելու եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկիրը ներկայացնելու համար... Մյուս կողմից, սարսափելի է անգամ մտածել, որ նրանք, դառնալով քաղաքականության սուբյեկտներ, կարող են երբեւէ որոշել Հայաստանի ճակատագիրը»: Ի վերջո, մեկնաբանը խտացնում է. - «Խորհրդարանը մեր ազգային արատների ոչ թե պատճառն է, այլ պարզապես հետեւանքը»:

Ըստ «Առավոտ» թերթի՝ «ԱրմենՏել»-ի այս ձգձգվող պատմությունը ֆարս է հիշեցնում. - «Այս ֆոնին բավական արժանահավատ են հնչում Արշակ Սադոյանի պնդումները, թե տվյալներ ունի, որ «ԱրմենՏել»-ը 7 միլիոն դոլարով կաշառել է կառավարության որոշ անդամների, որպեսզի հետաձգվի ընկերությանը մենաշնորհից զրկելու հարցի քննարկումը: Իսկ ամենատարօրինակն այն է, որ Սադոյանի այս հայտարարությանը չեն արձագանքում անգամ նրանք, ում դեմ ուղղված է մեղադրանքը»: «Նորմալ պետության մեջ նման հայտարարությունը բավական կլիներ, որ դատախազությանը հանձնարարվեր համապատասխան քննություն իրականացնել», - շեշտադրում է «Առավոտ»-ը: - «Նորմալ պետության մեջ անգամ իրենք՝ կառավարության անդամները, կպահանջեին ստուգումներ անցկացնել: Նորմալ պետությունում դա կպահանջեր նաեւ հասարակությունը: Մեզ մոտ նման հայտարարությունները պարզապես բանի տեղ չեն դնում: Եվ հենց այս փաստն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ մեր կառավարությունը «ԱրմենՏել»-ի մասին կընդունի ցանկացած որոշում՝ առանց մեր կարծիքը հաշվի առնելու»:

Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը «Ազգ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերածվի քարոզչական պատերազմի: Արտգործնախարարությունը շարունակում է ամրապնդել այն թեզը, որ եթե Ադրբեջանը ցանկանում է ուշադրություն հրավիրել Ղարաբաղյան կարգավորման ամբողջական քննարկումներից հանված առանձին հարցերի վրա, ապա դրանք ուղղակիորեն պետք է քննարկեն Լեռնային Ղարաբաղի հետ: Միաժամանակ ցայտուն դրսեւորվում է Ղարաբաղի իշխանությունների հետ շփումներից Ադրբեջանի կտրական խուսափումը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG