Մատչելիության հղումներ

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում, ամփոփելով խորհրդի 2,5-ամյա գործունեությունը, ասաց, որ քաղծառայողների ատեստավորումների ժամանակ բախումներ են ունենում տարբեր ղեկավարների հետ:

«Երբ այբուբենը չտիրապետող մարդը զբացեղնում է բավականին բարձր պաշտոն», - նման դեպքերը մասնավորեցրեց Բադալյանը՝ հավաստիացնելով. - «Իհարկե նման մարդիկ աստիճանաբար դուրս են մղվելու, ինչպես դուրս են մղվել 227 քաղաքացիական ծառայողներ»:

Երկու տարի առաջ ուժի մեջ մտած «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի շրջանակում ձւեավորված Քաղծառայության խորհուրդը անցկացնում է քաղծառայության թափուր պաշտոնների մրցույթներ, քաղծառայողների ատեստավորումներ եւ վերապատրաստումներ:

2002-2004 թվականներին թափուր տեղերի համար անցկացվել է 1851 մրցույթ, որոնց մասնակցել է 11 հազար 500 քաղաքացի: Մրցույթներից ավելի քան 200-ում հաղթող չի եղել, անցկացվել են կրկնակի մրցույթներ:

Բադալյանի փոխանցմամբ, այս ընթացքում կուտակվող փորձի հիման վրա օրենքում են փոփոխություններ կատարվել: Օրինակ, եթե սկզբում մրցույթի արդյունքներն ամփոփվում էին փակ գաղտնի քվեարկությամբ, ապա այժմ հանձնաժողովի անդամները բաց են քվեարկում, նախկինում հանձնաժողովի անդամներն էին հարցեր տալիս դիմողներին, հիմա մրցույթի մասնակիցը պատասխանում է համակարգչում զետեղված հարցերին:

Անցկացված ատեստավորումները ցույց են տվել, թե որ նախարարություններում են ավելի շատ աշխատում պաշտոնին չհամապատասխանող քաղծառայողներ: «Առաջին տեղում բնապահպանության նախարարությունն է, երկրորդ տեղում՝ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը, երրորդ տեղում՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը», - փոխանցեց Մանվել Բադալյանը:

Բադալյանի ներկայացրած հաջորդ ցավոտ հարցը հետեւյալն էր. երբ օրենքը ուժի մեջ մտավ, մարդիկ արդեն աշխատում էին այդ պաշտոններում եւ համարվեցին քաղծառայողներ, բայց, ըստ օրենքի, այն մարդիկ, ովքեր չէին համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, պետք է ազատվեին աշխատանքից:

«Ավելի քան 120 քաղաքացիական ծառայողներ օրենքի կարգի խախտմամբ, պաշտոնատար անձանց թողտվության արդյունքում մեխանիկորեն շարունակել էին զբաղեցնել այդ պաշտոնները», - ասաց Բադալյանը՝ ավելացնելով, որ այդ շարքում կային մարդիկ, ովքեր փաստաթղթեր էին կեղծել, նախկինում դատվածություն էին ունեցել կամ ՀՀ քաղաքացի չէին: Նրանք բոլորն արդեն ազատվել են աշխատանքից: Քաղծառայության խորհրդի նախագահը մտահոգիչ է համարում, որ այդ ամենին մասնակից են դարձել պետական պաշտոնյանները:

Եղել են նաեւ քրեական բնույթի խախտումներ, որոնց մասին նյութերը փոխանցվել են գլխավոր դատախազություն.


Հայաստանում ընդհանուր առմամբ կա 7300 քաղծառայող: Ամեն տարի նրանց մեկ երրորդը պետք է ատեստավորում անցնի Քաղծառայության խորհրդում: Ներկայումս ատեստավորում անցել են քաղծառայողների կեսից ավելին:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG