Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք» թերթի լրատվությամբ, օրերս կայացած Դաշնակցության Հայաստանի գերագույն ժողովը կարճ տեւեց, որովհետեւ ՀՅԴ ղեկավար կազմի եւ շարքերի միջեւ առկա է «աննախադեպ պայթյունավտանգ լարվածություն»: Ըստ «Իրավունք»-ի աղբյուրների, ժողովի առաջին իսկ նիստում եղել է այնպիսի թեժ վիճաբանություն, որ նախագահողը հարկադրված է եղել ընդմիջում հայտարարել: Դժգոհություններ են եղել մասնավորապես Վահան Հովհաննիսյանից, Հրանտ Մարգարյանից, Արմեն Ռուստամյանից եւ Հրայր Կարապետյանից: Այսուհանդերձ, «Իրավունք»-ի ձեւակերպմամբ՝ «ՀՅԴ ղեկավարությանը հաջողվեց կառավարելի վիճակում պահել գործընթացները, եւ արդյունքում գերագույն մարմնի կազմում կտրուկ փոփոխություններ չեղան»: «Առավոտ» թերթի տեղեկություններով էլ, Դաշնակցության հայաստանյան կառույցի ժողովը «բավականին լուրջ քննադատության է ենթարկել կոալիցիայի անցած ուղին եւ հրահանգել է հասնել նրան, որ խստորեն կատարվի կոալիցիայի հուշագիրը». - «Այդ գործի համար տրվել է մոտ երկու տարի ժամանակ: Եթե այդ ընթացքում էլ կոալիցիան աշխատի այնպես, ինչպես հիմա, այսինքն՝ չաշխատի, ապա Դաշնակցությունը դուրս կգա կոալիցիայից»: «Իրականում», - մեկնաբանվում է «Առավոտ»-ում, - «երկու տարվա մասին ակնարկելով՝ Դաշնակցությունը ոչ թե կոալիցիային, այլ Ռոբերտ Քոչարյանին է հասկացնում, որ երկու տարի եւս կծառայի իրեն»:

«Իրավունք» թերթը հայաստանյան անցուդարձը ընդանուր առմամբ բնորոշում է «գզվռտոց եւ անորոշություններ» բանաձեւով՝ նկատի ունենալով թե’ իշխանության թե‘ ընդդիմության եւ թե’ արտաքին իրավիճակի զարգացումները: Այս շրջանակում մեկնաբանը նշում է. - «Անորոշություններից առաջինը կապված է Ռոբերտ Քոչարյանի հիմնական քաղաքական հենարան համարվող Դաշնակցությունում տիրող իրավիճակի հետ: Կարճատեւ գերագույն ժողովում ըստ էության բուռն քննարկումների պատճառ դարձավ Դաշնակցության իշխանամետ կամ ընդդիմադիր լինելու հարցը: Ու թեեւ կուսակցության ղեկավարությունը շրջանցեց սուր անկյունները, եւ ընտրված գերագույն մարմինն էլ առավել նոմենկլատուրային է, քան նախորդ գերագույն մարմինն էր, այնուամենայնիվ, բավականին հավանական է, որ նորընտիր մարմինն ինքը, որոշակիացնելով Դաշնակցության քաղաքական կուրսի հարցերը, մի որոշ ժամանակ անց հարկադրված լինի հրավիրել արտահերթ գերագույն ժողով»:

Անդրադառնալով քաղաքական որոշ ուժերի նկրտումներին՝ «Առավոտ» թերթը ընդգծում է. - «Նախեւառաջ ժողովուրդը պիտի այրվի հեղափոխության գաղափարով, այլ ոչ թե ընդդիմության առաջնորդները: Ներքեւների մեծ մասը կարծես չի ցանկանում բարիկադներ բարձրանալ: Չի ցանկանում, որովհետեւ իրավիճակը թերեւս չի հասել այն աստիճանին, երբ ժողովուրդը ոչինչ չունի կորցնելու՝ իր շղթաներից բացի: Ներքեւները թերեւս այն գիտակցության են եկել, որ չարժե հեղափոխություն անել հանուն քաղաքական առաջնորդների մեխանիկական փոփոխության, երբ քիչ վստահելի ղեկավարին փոխարինում ես այնպիսի մեկով, որին նույնպես չես հավատում»:

Օրերս հրապարակված հասարակական մի հարցման հետքերով «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը տարակուսում է, որ նախագահի թեկնածու են դիտարկվում նաեւ անձինք, ովքեր առաջադրվելու օրինական պահանջներին չեն համապատասխանում: Եվ որեւէ մեկը դա չի էլ հիշեցնում: Ընդհանուր առմամբ, մեկնաբանը մատնանշում է ողբերգական միտում. - «Երկրի քաղաքական դաշտում չկան առաջնորդներ, ովքեր, ընտրողների կարծիքով, ի վիճակի են ղեկավարել Հայաստանը»: Շատ թե քիչ հավանական բոլոր թեկնածուների վարկանիշն էլ նախորդ տարվա համեմատ էապես ընկել է: «Արդյունքում», - ահազանգում է մեկնաբանը, - «մենք կարող է ստիպված լինենք ընտրություն կատարել այս անհույս թեկնածուների միջեւ կամ էլ կասկածելի աղբյուրների ֆինանսավորած ինչ-որ անհայտ մեկը ի վիճակի կլինի վերցնել փողոցում ընկած իշխանությունը»:

«Միացյալ Նահանգներում այսօր կայանալիք նախագահական ընտրությունները լուրջ ազդեցություն են գործելու ոչ միայն այդ գերտերության, այլեւ ողջ աշխարհի հետագա զարգացման ընթացքի եւ ուղղվածության վրա», - շեշտվում է այսօր «Հայոց աշխարհ» թերթում: - «Եթե նույնիսկ նախագահ ընտրվելու պարագայում Ջոն Քերին ոչինչ չփոխի երկրի ներքին եւ հատկապես արտաքին քաղաքականության մեջ, միեւնույն է, Ջորջ Բուշի չընտրվելն ինքնին կդառնա այնպիսի հզոր հոգեբանական հարված, որն ինքնաբերաբար իր ազդեցությունը կգործի ընդհանրապես ողջ աշխարհի վրա... Քանզի ինչպես աշխարհը, այնպես էլ Հայաստանը ընդամենը մեկ հարցի պատասխանի են սպասում Ամերիկայից. Միացյալ Նահանգների ժողովուրդը իր վրա՞ է վերցնում 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո իրականացվող քաղաքականության պատասխանատվությունը»: Ամեն դեպքում, «Հայոց աշխարհ»-ում ընդծված է. - «Անթույլատրելի է, որ ամերիկյան ընտրապայքարի ավարտը որեւէ չնչին ստվեր անգամ գցի հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: Դրանք պետք է շարունակվեն ու խորանան՝ ելնելով Հայաստանի երկարաժամկետ պետական շահերից»: «Հայկական ժամանակ» թերթում էլ խտացված է. - «Բոլոր նրանք, ովքեր ԱՄՆ նախագահի փոփոխությունից ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխություն են սպասում՝ առնվազն մոլորության մեջ են: Միակ բանը, որ նախագահների փոփոխությունից կարող է փոխվել` արտաքին քաղաքականության իրականացման նրբերանգներն են: Այնպես որ, նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում ավելի շուտ սպորտային հետաքրքրություն են առաջացնում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG