Մատչելիության հղումներ

logo-print

Բերման է ենթարկվել «Մեղեդի» սրճարանի հարեւանությամբ կատարված սպանության գործով կասկածյալ


Հայաստանի ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության եւ գլխավոր դատախազության աշխատակիցների համատեղ ջանքերով բացահայտվել է անցած ուրբաթ Երեւանի կենտրոնում կատարված սպանությունը: Սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ախալցխա քաղաքի բնակիչ Սուկասյանը:

Հոկտեմբերի 29-ին մայրաքաղաքի Մաշտոցի պողոտա - Թումանյան փողոց խաչմերուկում ժամը 16-ի սահմաններում հրազենային կրակոցներով սպանվել էին Երեւանի բնակիչ, 1976 թվականին ծնված Ստեփան Ալիխանյանը եւ Վրաստանի Ախալցխա քաղաքի բնակիչ Գրիգոր Պոդոսյանը:

«ՀՀ ոստիկանության, գլխավոր դատախազության եւ ԱԱԾ [Ազգային անվտանգության ծառայության] աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ, նշված հանցագործությունը կատարելու համար հոկտեմբերի 30-ին ոստիկանության ԿՀԴՊ (Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի) վարչություն բերման է ենթարկվել Ախալցխա քաղաքի բնակիչ, 1978 թվականին ծնված Ստեփան Սուկասյանը», - տեղեկացնում է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության՝ երկուշաբթի օրը տարածած հաղորդագրությունը:

Այնուհետեւ տեղեկացվում է, որ Սուկասյանի եւ Պոդոսյանի միջեւ խնդիրներ են եղել դեռեւս երկու տարի առաջ՝ Երեւան - Ախալցխա երթուղում աշխատող վարորդների վրա «հսկողություն սահմանելու» շուրջ: Նրանց եւ նրանց ընկերների միջեւ սուր վիճաբանություններ են եղել Մոսկվայում, որտեղ Պոդոսյանը դանակահարել էր Սուկասյանին, եւ անցած սեպտեմբերին՝ Ախալցխայում՝ հրազենի գործադրմամբ, ինչի հետեւանքով տուժել էր պատահական մի քաղաքացի:

«Հոկտեմբերի 29-ին Ս. Սուկասյանը տաքսիով Մաշտոցի պողոտայով երթեւեկելիս «Մեղեդի» սրճարանի մոտակայքում նկատել է . Պոդոսյանին եւ նրա մորաքրոջ տղա Ս. Ալիխանյանին: Իջնելով ավտոմեքենայից՝ Ս. Սուկասյանը «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել եւ սպանել էր Պոդոսյանին եւ Ս. Ալիխանյանին եւ դիմել փախուստի», - ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: - «Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ Ստեփան Սուկասյանի հետ դեպքի վայրում եղած երեք անձանց ինքնությունը, որոնցից երկուսն արդեն հայտնաբերվել են եւ ստուգվում է նրանց մասնակցությունը կատարվածին»:

Հարուցված քրեական գործով նախաքննությունը վարում է ՀՀ գլխավոր դատախազությունը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG