Մատչելիության հղումներ

Բողոքում են IP հեռակապ տրամադրող ընկերությունները


Շուրջ 250 կազմակերպություններ, որոնք Երեւանում, երկրի մյուս քաղաքներում եւ մարզերում առաջարկում են IP հեռակապի ծառայություններ (միջազգային հեռախոսակապ ինտերնետի միջոցով), երկուշաբթի օրը տարածել են հայտարարություն, որով իրենց մտահոգությունն են արտահայտել ոլորտը «ԱրմենՏել»-ի վերահսկողության տակ դնելու՝ շրջանառվող լուրերի կապակցությամբ:

Անցած շաբաթ կառավարության նիստում հերթական անգամ հետաձգվել էր «ԱրմենՏել»-ի թիվ 60 լիցենզիայում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման կիրառումը: Տարեսկզբին ընդունած որոշմամբ կառավարությունը «ԱրմենՏել»-ին զրկել էր բջջային կապի մենաշնորհից, սակայն որոշման կիրառումը մի քանի անգամ հետաձգվում է:

Ակնկալվում է, որ գալիք հինգշաբթի կառավարության նիստում հարցը կարող է ինչ-որ լուծում ստանալ, եւ հայտարարության հեղինակների պնդմամբ, ըստ հավաստի աղբյուների, «ԱրմենՏել»-ը, զրկվելով բջջային կապի մենաշնորհից, կպահպանի ինտերնետային կապի մենաշնորհը:

Ինչպես «Ազատությում» ռադիոկայանին ասաց «ԱրմենՏել»-ի հանրային կապերի պատասխանատու Հասմիկ Չութիլյանը, «ԱրմենՏել»-ը պատրաստ է զիջել բջջային կապի մենաշնորը, սակայն հարց է դրել, որպեսզի տնօրինի ինտերնետային հեռախոսակապի ոլորտը:

«ԱրմենՏել»-ը բազմիցս պնդել է, որ ինտերենետով հեռախոսակապ տրամադրող կազմակերպությունները անօրինական են գործում, որ կապի նախարարությունից ստացված լիզենզիայով այդպիսի ծառայություն նախատեսված չէ, եւ այդ ընկերւթյունները, փաստորեն, շահույթ են ստանում, որը ոչ մի տեղ չի երեւում եւ չի հարկվում:

«Մեր տեսանկյունից, ընդլայնվում են «ԱրմենՏել»-ին տրված մենաշնորհի շրջանակները», - ասված է IP հեռակապի ծառայություններ տրամադրող ընկերությունների կազմկոմիտեի հայտարարության մեջ: - «ԱրմենՏել»-ին տրվում է IP ինտերնետ հեռակապի մենաշնորհը, որից հետեւում է, որ այս ոլորտում գրանցված շուրջ 250 կազմակերպություններ ստիպված են լինելու դադարեցնել իրենց գործունեությունը»:

Ըստ հայտարարության հեղինակների, իրենց ծառայություններում մոտ 3000 մարդ է աշխատում, որոնք կարող են գործազուրկ դառնալ:

Կազմկոմիտեի ներկայացուցիչները պնդում են, թե «ԱրմենՏել»-ին տրված լիզենզիայում ինտենետային կեռախոսակապի ոլորտի մենաշնորհի մասին խոսք չկա, ուստի դրանով կարող են զբաղվել նաեւ այլ կազմակերպություններ, որոնք համապատասխան նախարարությունից համապատասխան լիզենզիա են ստացել, ինչը վկայում է, որ իրենց գործունեությունը օրինական է:

Կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Արմենակ Խաչատրյանի խոսքերով, «ԱրմենՏել»-ը բազմաթիվ անգամ խոչընդոտել է ինտերնետով հեռախոսակապ ապահովող ընկերությունների գործունեությանը , անջատել է կապուղիները, սակայն դատական վճիռները իրենց օգտին են եղել, իսկ կապի եւ տրանսպորտի նախարարությունը պաշտոնապես գրություն է ուղարկել, որ ոլորտը չի մտնում «ԱրմենՏել»-ի մենաշնորհի մեջ:

Բնականաբար, այս մարդիկ նաեւ սեփական բիզնեսը կորցնելու վտանգի առջեւ են կանգնած: Լրագրողների հարցերին, թե որքան շահույթ է բերում այդ գործունեությունը, նրանք անգամ մոտավոր թվեր չհրապարակեցին՝ պատճառաբանելով, թե նման գործունեությամբ զբաղվող կազմարպությունները շատ են, հաշվարկ չի կատարվել:

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները, սակայն, պնդում են, որ ոլորտը ամեն ամիս 2 միլիոն դոլարի շահույթ է բերում: Նաեւ լուրեր են շրջանառվում, թե բնագավառը վերահսկում են կապի եւ տրասպորտի, առեւտրի ու տնտեսական զարգացման, ինչպես նաեւ տարածքային կառավարման ու արտադրական ենթակառույցների գործունեությունը համակարգող նախարարները:

Առաջին երկուսի՝ Անդրանիկ Մանուկյանի եւ Կարեն Ճշմարիտյանի՝ նման որոշմանը դեմ լինելու մասին ասացին նաեւ այսօրվա ասուլիսի բանախոսները. - «Հավաստի տվյալներ նաեւ ունենք, որ կառավարության որոշ անդամներ, 2-3 նախարարներ կոնկրետ դեմ են արտահայտվել ընդհանրապես այդ որոշման կայացմանը: Ուզում եմ շեշտել կոնկրետ՝ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը եւ կապի ու տրանսպորտի նախարարը, որոնք հանդես են եկել «ԱրմենՏել»-ին եւս մեկ մենաշնորհ տալու դեմ»:

Ինչ վերաբերում է Հովիկ Արբահամյանին, ապա ասվեց, թե նման տեղեկատվություն կա, որը, սակայն, «ճշտված չէ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG