Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 30-ը հոկտեմբերի)

«Կմասնակցե՞ք արդյոք Հայաստանի նախագահի ընտրություններին, եթե այն տեղի ունենա այս կիրակի օրը»: «Առավոտ» թերթում ներկայացվող հեռախոսային հարցման տվյալներով, որ անցկացվել է օրերս Երեւանում, մասնակցելու է տրամադրված մոտ 47 տոկոսը միայն: Իսկ «Ո՞ւմ օգտին կքվեարկեիք» հարցին ի պատասխան, մոտ 15 տոկոսը տվել է Ռոբերտ Քոչարյանի անունը, 9,5-ը՝ Ստեփան Դեմիրճյանի, 6-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի: Հավասար՝ շուրջ 5 տոկոս ձայներ են ստացել Տիգրան Կարապետյանն ու Արթուր Բաղդասարյանը: Հետեւում են Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս հարցման ցուցանիշով 9-րդ անունը Արամ Կարապետյանն է:

«Հոկտեմբերյան ոգով շիկնածը». - այսպես է «Հայաստանի Հանրապետություն» թերթը հեգնանքով վերնագրել «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Կարապետյանի՝ ակտիվի հետ երեկվա հանդիպման անդրադարձը: «Բանախոսը հայտնեց, թե իրենց կուսակիցների թիվը հասել է 15 հազարի... Դե ինչ, այսպես եթե շարունակեն, կհասնեն «կոմունիստական» թվերի», - զուգահեռներն է ամրապնդում լրագրողը: «Փարաքարից մինչեւ բարիկադներ» վերնագրի տակ «Ազգ» թերթի թղթակիցն էլ նմանեցնում է. - «Նոր ժամանակներ» կուսակցության ակտիվի ժողովում լենինյան «Ինչ անել»-ի հանրահայտ ծրագրային դրույթներին չզիջող ելակետեր առաջարկեց կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը»: «Ամենազավեշտալին Կարապետյանի տեսլական հեղափոխության նպատակն է», - բնորոշում է «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը: - «Քանզի պարզվում է՝ այդ հեղափոխության արդյունքում նախագահի փոփոխություն չի նախատեսվում»: Այս մեկնաբանի ընկալմամբ՝ Ռոբերտ Քոչարյանից «կադրային արմատական փոփոխություններ ՀՅԴ-ն պահանջում է ոչ միայն իր անունից, այլ նաեւ իր արբանյակ կուսակցությունների միջոցով»: «Լինելով կոալիցիայի մաս՝ ՀՅԴ-ն չի կարող բացահայտորեն պահանջել խորհրդարանի լուծարում եւ նոր կառավարության ձեւավորում, մինչդեռ Արամ Կարապետյանը երեկ Կինոյի տանը, իր ղեկավարած կուսակցության ակտիվի հետ հանդիպման ժամանակ, բացահայտորեն խոսեց ազգային հեղափոխության իրականացման անհրաժեշտության մասին», - մատնանշվում է «Հայկական ժամանակ»-ում:

«Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԺ նախկին խոսնակ Արմեն Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին տեղեկացրել է, որ նախօրեին Ուկրաինայի հայկական համայնքը ժողով է արել եւ որոշել է սատարել պրոռուսական թեկնածու, Ուկրաինայի վարչապետ Յանուկովիչին: Արմեն Խաչատրյանը երկու բանում միանշանակ վստահ է. անպայման լինելու է երկրորդ փուլ, եւ թե՛ բուն ընտրությունների օրը, թե՛ դրան հաջորդող օրերին երկրում անպայմանորեն լուրջ անհանգստություններ են լինելու: «Ուզում է՝ տանձերի հեղափոխություն լինի, ուզում է՝ խնձորների հեղափոխություն, էական չէ. կարեւորը, որ երկրի կայունությունը դրանից չխաթարվի, որովհետեւ Ուկրաինայում տեղի ունեցող ընտրությունները շատ լուրջ եւ էական ազդեցություն կարող են ունենալ ԱՊՀ ողջ համակարգում հարաբերությունների, նաեւ՝ արեւմուտք-արեւելք հարաբերությունների վրա», - ասում է մեր դեսպանն Ուկրաինայում: Նա նաեւ համադրել է. - «Իրար տակ փորելն ու Հայաստանում ընդունված մնացած բոլոր նախընտրական տեխնոլոգիաներն այստեղ եւս գործում են, պարզապես՝ մասշտաբներն են տարբեր... Ուկրաինայում, որը 50 միլիոն բնակչություն ունի, չես կարող մտնել ամեն գյուղ ու յուրաքանչյուր գյուղացու 10-ական դոլար բաժանել: Սակայն, իհարկե, այստեղ եւս ցանկացած նախընտրական տեխնոլոգիա, այդ թվում նաեւ՝ սեւ PR, կիրառվում է: Էլ չեմ խոսում պոպուլիստական խոստումների մասին, որը օրվա բոլոր ժամերին հնչեցնում են բոլոր 24 թեկնածուները»:

«Ինչպես կազդի Եվրախորհրդում մեր դիրքերի վրա ՄԱԿ-ում Ղարաբաղին առնչվող տարածքների խնդրի արծարծումը»: Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Հայոց աշխարհ» թերթում ասում է. - «Եվրախորհրդում քննարկվող փաստաթղթերի ձեւակերպման ժամանակ ՄԱԿ-ում ընդունվող բանաձեւերը բնականաբար հաշվի առնվում են: Ուզում եմ հիշեցնել, որ Ղարաբաղի վերաբերյալ Թերի Դեւիսի զեկույցում էլ հղումներ կային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին, որտեղից էլ առաջացել է այդ «գրավյալ տարածքներ» ձեւակերպումը»: Տիգրան Թորոսյանը հույս ունի, որ եթե նույնիսկ հարցը մտնի գլխավոր ասամբլեայի օրակարգ եւ բանաձեւ ընդունվի, այնտեղ չեն լինի բացասական շեշտադրումներ, որ հետո պրոբլեմներ առաջացնեն Ղարաբաղի հարցի հետ կապված. - «Այլապես այդ փաստաթուղթը եւս հավանաբար կընդգրկվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում պատրաստվող Ղարաբաղի վերաբերյալ զեկույցում»: Մի խոսքով, ինչպես կրկին շեշտում է Թորոսյանը, միջազազգային ասպարեզում կա «լուրջ համակարգված մեխանիզմներով, հստակ ծրագրերով աշխատանքի անհրաժեշտություն»:

Ինչ վերաբերում է ներքին ասպարեզին՝ «Երեւանում կարծես արդեն սովորական է դառնում օրը ցերեկով մարդաշատ եւ բանուկ վայրերում հրազենի գործադրմամբ կատարվող սպանությունը», - երեկվա դեպքին է անդրադառնում «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը՝ հիշեցնելով, որ նման բան տեղի ունեցավ նաեւ մի քանի ամիս առաջ: Բխեցվում է, որ «իրավապահ մարմինները պետք է, ի վերջո, որոշակի նախականխիչ քայլեր ձեռնարկեն»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG