Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն անցկացրել է խորհրդակցություն ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների անդամների մասնակցությամբ


Ուրբաթ օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարությունների անդամների մասնակցությամբ՝ նպատակ ունենալով կառավարությունների միջեւ շփումները դարձնել ավելի «կանոնակարգված», իսկ աշխատանքը՝ ավելի «համաձայնեցված»:

Ղարաբաղյան պատվիրակությունը գլխավորել են նախագահ Արկադի Ղուկասյանը եւ վարչապետ Անուշավան Դանիելյանը: Խորհդրակցությանը մասնակցել է նաեւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Ինչպես հաղորդել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցության ընթացքում նշել է, որ «Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը գտնվում են միեւնույն տնտեսական դաշտում, հետեւաբար իրականացվող բարեփոխումները պետք է համահունչ լինեն, այլապես` տնտեսությունների միջեւ մեծ խզում կառաջանա»:

«Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ համագործակցությունն ավելի արդյունավետ, նպատակային ու ծրագրավորված դարձնելու նպատակով ստեղծել համատեղ աշխատանքները համակարգող հանձնաժողով, ինչպես նաեւ ակտիվացնել փոխադարձ այցելություններն ու շփումները», - ասված է նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG