Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգ «Ադրբեջանի զավթված տարածքներում տիրող իրավիճակի մասին» հարց մտցնելը «Առավոտ» թերթում գրանցվում է վերջին երկու տարում այդտեղ Ադրբեջանի երկրորդ հաջողություն: «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի հարցում իր վարած քաղաքականության մեջ խիստ հետեւողական է», - ընդգծվում է «Առավոտ»-ում: - «Որ հարցը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում անպայման կքննարկվի եւ կնյութականացվի հայկական կողմի համար հերթական անբարենպաստ փաստաթղթի ձեւով, հայաստանյան փորձագետները չեն կասկածում»: «Առավոտ»-ի մեկնաբաններից մեկն էլ խտացրել է. - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ Եվրախորհրդում եւ Եվրամիությունում բավականաչափ աննպաստ փաստաթղթերի ընդունման փաստերին բախվելուց հետո Հայաստանը կրեց հերթական, բայց այս անգամ բավականաչափ լուրջ դիվանագիտական պարտությունը: Դժվար չէ կանխատեսել, թե ամենամոտ ապագայում ինչպիսի նոր բանաձեւեր կընդունի ՄԱԿ-ը, որոնց ուղղակիորեն հակադրվելը արդեն հղի կլինի Հայաստանի համար խիստ ծանր հետեւանքներով»: «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանն էլ այսօր շեշտում է. - «Որ այդպիսի հարցի քննարկման փաստն իսկ Հայաստանի եւ հայկական դիվանագիտության տապալում եւ պարտություն է նշանակում՝ կասկածից վեր է, էլ չենք խոսում գրավյալ տարածքների վերաբերյալ որեւէ բանաձեւի ընդունման մասին: Իսկ փորձագետների գնահատմամբ՝ Գլխավոր ասամբլեայում գրավյալ տարածքների հարցի քննարկումն ավարտվելու է բանաձեւի ընդունմամբ»:

Քաղաքագետ Սուրեն Զոլյանը «Հայոց աշխարհ» թերթում ասում է. - «Եթե Անվտանգության խորհուրդը 1993թ. ընդունել է Ղարաբաղի վերաբերյալ 5-6 բանաձեւ, եւ դրանցից ոչ մեկը չի իրագործվել, ապա ասամբլեայի ընդունած ցանկացած որոշում հազիվ թե իրականանա: Ըստ այդմ, կարծում եմ, որ այս նախաձեռնությունը Ադրբեջանին պետք է քարոզչական նպատակներով, միտված է ապագայում ազդելու Ղարաբաղի կապակցությամբ եվրոպական կառույցներում ընդունվող որոշումների վրա... Եթե հարցը հետագայում քննարկվի միջազգային դատարաններում, վերջիններս չեն հակադրվի ասամբլեայի որոշմանը»: Միաժամանակ, Սուրեն Զոլյանն էլ արձանագրում է. - «Ադրբեջանի կողմից իսկապես կա մտածված քաղաքականություն, ինչը հայկական կողմում չեմ տեսնում: Դա միայն արտգործնախարարության թերացումը չէ, այս առումով արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունեցող բոլոր կառույցների կողմից հստակ մարտավարություն պիտի մշակվի: Մեզ մոտ Ղարաբաղի հարցը դարձել է ներքին օգտագործման, կոնյունկտուրային շահարկումների առարկա՝ հասարակական մակարդակով»:

«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով՝ Հայաստանում «մթնոլորտը աստիճանաբար ավելի ու ավելի է նմանվում նախընտրական ժամանակների մթնոլորտի, թեեւ այս պահին դեռեւս չեն երեւում նախադրյալներ, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է հրաժարական տալ կամ լուծարել խորհրդարանը: Ե’վ քաղաքական իսթեբլիշմենթում, ե’ւ ամբողջ հանրության քաղաքականացված հատվածում կարծես թե առկա է հեղափոխական իրադարձությունների սպասումը»: «Իշխանական կոալիցիայի անդամներից առավել բարդ վիճակում է թերեւս Դաշնակցությունը, որն այսօր սկսում է իր գերագույն ժողովի աշխատանքները», - առանձնացվում է «Իրավունք»-ում: - «Ի տարբերություն այլ գերագույն ժողովների, այս անգամ այն լինելու է լրիվ դռնփակ: Դա պայմանավորված է թերեւս այն հանգամանքով, որ կուսակցության ղեկավարները այս պահին իրենք էլ 100 տոկոսով չգիտեն, թե ինչպիսի քաղաքական ուղեգիծ պետք է որդեգրի գերագույն ժողովը, քանզի սպասվում են լուրջ ներկուսակցական բանավեճեր»: Սրա հետ կապված, Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը «Իրավունք»-ի թղթակցին ասել է. - «Եթե լրագրողներին չեն հրավիրում, դա չի նշանակում, որ այն գաղտնի է, այլ նշանակում է, որ նրանք այդտեղ անելիք չունեն: Ձեր ի՞նչ գործն է, թե ով ինչպես քվեարկեց ՀՅԴ-ում: Մեր օրենքը ասում է, որ եթե որոշումը կայացվեց ձայների մեծամասնությամբ, պարտադիր է բոլորի համար: Մենք հնարավորություն չենք տալիս մամուլին փորփրելու, թե ով ինչպես քվեարկեց»:

«Գերագույն ժողովը կտա բոլոր հարցերի պատասխանը», - կրկին հավաստիացվում է այսօր Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթում: Խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը կոալիցիոն աշխատանքի հետ կապված այստեղ ասում է. - «Եթե ժողովի ժամանակ պարզ դառնա, որ հուշագրով նախատեսվածը չի իրականացվում, ըստ այդմ՝ ժողովը իր որոշումը կկայացնի: Ինչ վերաբերում է այսօրվա գնահատականին, ապա հուշագրի գործնական դաշտի առումով, ըստ Մկրտչյանի, բավական հաջողություններ արձանագրվել են: Այնպիսի քաղաքական հարցադրումների առիթով, ինչպես Հայաստանում ժողովրդավարության ապահովումը, կոռուպցիայի, նաեւ կյանքի այլ բացասական երեւույթների դեմ պայքարի մակարդակը, պատասխանն այսպիսի է. այդ ասպարեզում որոշակի դանդաղկոտություն կա», - փոխանցում է թղթակիցը: «Երկիր»-ում կա եւ այսպիսի ձեւակերպում. - «Այս ժողովը կարեւորվում է նաեւ այն հանգամանքով, որ նախորդելու է 2005-ից Հայաստանում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների, խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին»:

«Տրագիկոմեդիա, տրագիֆարս, տրագիմարազմ, տրագիսարկազմ». - «Հայաստանի Հանրապետություն» թերթում այս բոլոր բնորոշումները տրված են ընտրողների հետ Արտաշես Գեղամյանի երեկվա հանդիպմանը: «Ընդհանուր առմամբ, հարվածները շարունակ ուղղվում էին «Արդարություն» դաշինքին, բայց բարձրաձայնվում էր միայն իշխանությունների անունը, որոնք ամենաքիչ կապն ունեին երեկվա ելույթների հետ», - շեշտադրված է «Հայաստանի Հանրապետություն»-ում: «Առավոտ»-ի թղթակիցն էլ առանձնացնում է. - «Հանդիպման մթնոլորտը ակնհայտորեն ընտրարշավային էր: Ելույթներից ստացած ընդհանուր տպավորությունն էր, թե «Ազգային միաբանություն»-ը այսուհետ համագործակցելու է միայն այն ուժերի հետ, որոնք Գեղամյանին կճանաչեն իբրեւ առաջնորդ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG