Մատչելիության հղումներ

Երեւանում սկսվեց «Հայագրոֆորում» առաջին միջազգային համաժողովը


«Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում հիմգշաբթի օրը մեկնարկեց «Հայագրոֆորում» առաջին միջազգային համաժողովը, որին մասնակցում են Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, կառավարության անդամներ, միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ծառայությունների ղեկավարներ, աշխարհի 27 երկրների մասնագետներ ու ագրարային բիզնեսով զբաղված գործարարներ, հարյուրավոր ֆերմերներ Հայաստանի տարբեր մարզերից:

Համաժողովի իր ելույթում Հայաստանում ՄԱԿի ծրագրերի համակարգող Լիզ Գրանդեն, մասնավորապես, ասաց, թե գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարեւորագույն ոլորտներից է, որ արտադրում է երկրի Համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը։

«Գյուղատնտեսության ոլորտը, սակայն, չափազանց աշխատատար է, այնտեղ զբաղված է երկրի աշխատուժի 40 տոկոսը, կամ մոտավորապես կես միլիոն մարդ», ասաց Գրանդեն՝ եզրակացնելով, թե այս թվերը պետք է լուրջ մտածելու տեղիք տան։ - «Այդ պատճառով, անհրաժեշտ է լուրջ ներդրումներ անել գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը բարձրացնելու եւ թողարկվող մթերքների բազմազանությունը ավելացնելու համար»:

ՄԱԿի ներկայացուցիչը արտահայտեց այդ կազմակերպության պատրաստակամությունը թվարկված խնդիրները լուծմանը հետագայում եւս աջակցելու հարցում։

Համաշխարհային բանկի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն տիկին Դոննա Դոուսեթ Կոյրոլոն ասաց, որ Համաշխարհային բանկը եւս շարունակելու է գյուղատնտեսության հատվածի աջակցության իր ծրագրերը, մասնավորապես, հիմնական շեշտադրումները կարվեն ոռոգման համակարգերի, գյուղական վայրերի եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի վրա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանով է Հայաստանում ձեռնտու գյուղմթերք արտադրելը «Որդի Արմեն» ընկերության նախագահ Լյուդմիլիա Հովհաննիսյանը ասաց, որ, չնայած բարդ պայմաններին, իրենց հաջողվում է ոչ միայն որակյալ մթերք արտադրել, այլեւ արտահանել ու շահույթ ստանալ:

Սակայն խնդիրներ ու խոչընդոտներ էլ կան: «Մի քիչ հարկային դաշտը պետք է կանոնավորել, քանի որ ռիսկային է գյուղատնտեսությունը», - ասաց Հովհաննիսյանը:

Շուրջ 500 անդամներ ներառող Հայաստանի ֆերմերների ազգային միության նախագահ Վանիկ Սողոմոնյանը դժգոհեց, թե հայ ֆերմերներն այսօր պաշտպանված չեն անբարեխիղճ մրցակցությունից, հատկապես՝ դրսից ներկրված անորակ մթերքների ցածր գներից: Ըստ նրա, Հայաստան ներկրվող մթերքը հիմնականում անորակ է եւ ժամկետանց:

Համաժողովին մասնակցող Սփյուռքի հայ գործարարները, սակայն, համոզված չեն, թե հայ ֆերմերը այսօր մրցունակ է միջազգային շուկաներում։

«Մեր ընդհանուր տպավորությունն այն է, որ հայ գյուղատնտեսությունը մրցունակության մեջ շատ տկար է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ամերիկյան տեխնոլոգիական խումբ» ընկերության ներկայացուցիչ Զարեհ Իզմիրլյանը:

«Հայագրոֆորում» միջազգային համաժողովը կաշխատի եւս երկու օր:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG