Մատչելիության հղումներ

Հայաստանի ոստիկանությունն ամփոփեց այս տարվա 9 ամիսների տվյալները: Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինայնն արձանագրեց, որ անցած տարվա 9 ամիսների համեմատ հանցագործությունների թիվը նվազել է 4, 4 տոկոսով՝ կազմելով 8098 դեպք, որից մոտ 1,5 տոկոսը առանձնապես ծանր հանցագործություններն են, 33, 5 տոկոսը՝ ծանր:

«Այս տարվա 9 ամիսների ընդհանուր հանցավորությունը որոշակի նվազման միտում ունի», - հայտարարեց Շիրինյանը: - «Դեպքերը գրանցված նվազել են եւ բացահայտումն ավելին է, քան նախորդ տարի»:

Ընդամենը 3 ամիս առաջ, մինչդեռ, Հայաստանի փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը, ամփոփելով առաջին կիսամյակի տվյալները, հանցագործությունների 4,5 տոկոս աճ էր արձանագրել: Մահտեսյանը դա բացատրել էր 2003-ի օգոստոսին նոր Քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելով, որը մեղմացրել է մի շարք հանցատեսակների համար սահմանված պատիժները, ինչպես նաեւ՝ նրանով, որ գարնանը ընդդիմության զանգվածային հանրահավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանության գործում ընդգրկված ոստիկանության աշխատակիցները չէին կարողացել ինչպես հարկն է զբաղվել հանցագործներով ու աչքաթող էին արել բուն գործը:

Այդուհանդերձ, այսօր հրապարակված տվյալը 4,5 տոկոս աճի փոխարեն գրեթե նույնքան նվազում է արձանագրում, ու ստացվում է, որ վերջին երեք ամսում պատկերը արմատապես փոխվել է:

«10 հազար բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 25,2», - շարունակեց Շիրինյանը՝ համեմատության համար բերելով նույն ցուցանիշը Մոլդավայում՝ 210,4, Ռուսաստանում՝ 148,7 եւ Ուկրաինայում՝ 82,9:

Շիրինյանի ներկայացմամբ, եթե սպանությունների ու բռնաբարությունների դեպքերն անցած տարվա համեմատ նվազել են, ապա աճել են գողության, ավազակության ու խարդախության դեպքերը. հանցատեսակներ, որոնց պատճառը սոցիալական վատ պայմաններն են: Շատացել են նաեւ թմրամիջոցների եւ հրազենի հայտնաբերման ու առգրավման դեպքերը:

Իրավիճակը մտահոգիչ է ճանապարհատրանսպորտային պատահարների առումով. անցած 9 ամսում գրանցված 872 պատահարի զոհ է դարձել 173 մարդ, 17 երեխա:

«Ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառները շարունակում են մնալ արագության գերազանցումը եւ վազանցի կանոնների խախտումը», - ասաց նա:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG