Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր կոմիտեն հավանություն է տվել Ադրբեջանի նախաձեռնությանը՝ խորհուրդ տալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընթացիկ՝ 59-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել գրավյալ տարածքների վիճակի մասին հարցը։ Ադրբեջանը պնդում է, թե «մինչ բանակցություններ են ընթանում Ղարաբաղյան հարցի շուրջ, հայերը վերաբնակեցնում են գրավյալ տարածքները՝ փոխելով ժողովրդագրական իրավիճակը»։

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հերքել է այդ պնդումը՝ հակադարձելով, որ Ղարաբաղից դուրս հայկական բնակավայրեր չկան։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանն ասել է, որ թերեւս իսկապես այդ տարածքներում հատուկենտ անհատ վերաբնակվողներ կան Շահումյանի կամ Գետաշենի փախստականներից, բայց «նրանք եղանակ չեն ստեղծում»։ Նա ավելացրել է, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի վերջին նախաձեռնությունը Հայաստանին չի վերաբերում։

Ադրբեջանի նախաձեռնությանը գլխավոր կոմիտեում կողմ է քվեարկել 9 երկիր, ձեռնպահ է մնացել 14-ը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները։ Ամերիկյան կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող կոնգրեսականների խմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, նախապես իմանալով, որ իր երկիրը որոշել է ձեռնպահ մնալ այդ քվեարկության ժամանակ, բողոքի նամակ է գրել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջոն Դանֆորտին՝ փաստարկելով, որ Ադրբեջանի այս նախաձեռնությունը վտանգում է խաղաղ բանակցությունների գործընթացը։

Ադրբեջանի նախաձեռնության վերջնական ճակատագիրը որոշվելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։



Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG