Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները «հումորով են վերաբերում» պատգամավորի պահվածքին վերաբերող օրինագծին


Մինչ Ազգային ժողովում օրինաստեղծ աշխատանքի բոյկոտը շարունակող ընդդիմադիրները «հումորով» են վերաբերում խորհրդարանում քննարկվող՝ ԱԺ կանոնակարգում փոփոխություններ նախատեսող եւ պատգամավորի պահվածքի մասին նախագծերին, վերջիններս ներկայացրած քաղաքական ուժերի պատգամավորները ընդհանուր առմամբ անհրաժեշտ են համարում նման փոփոխություններն ու օրենքը, թեեւ վերապահումներ ունեն մասնավորապես պատգամավորի պահվածքին վերաբերող օրինագծի վերաբերյալ:

«Մենք հումորով ենք վերաբերում մեզ սաստելու հետ կապված նախագծերին, եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտում է, եթե պատգամավորի գործունեությունը, որի երաշխիքները պետք է սահմանվեն օրենքով, փորձեն նման ձեւով կանոնակարգել», - հինգշաբթի օրը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը:

Նշված երկու նախագծերը հեղինակային իրավունքով ստորագրել են ՀՀԿ, Դաշնակցության, «Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչներ եւ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը («Ժողպատգամավոր» խումբ):

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խոսեց հատկապես պատգամավորի պահվածքին առնչվող փաստաթղթի մասին:

«Դեմ չեմ այդ օրենքին», - ասաց նա՝ ավելացնելով, սակայն. - «Համենայն դեպս, դա սեթեւեթել եմ համարում: Ես ինքս էլ ստորագրել եմ, իհարկե, նախագծի տակ... Համենայն դեպս, համոզված չեմ, որ դա ինչ-որ մի բանի պիտի օգնի: Նորից պոպուլիզմ կա մեջը»:

Հիշեցմանը, որ իր ստորագրած նախագծում կետ կա, որով մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը պատգամավորը պետք է ձեռնպահ մնա դրա հրապարակային գնահատականից, Գալուստ Սահակյանն արձագանքեց. - «Բնականաբար, եթե այդպիսի հիմարություն կա, առաջիններից մեկը ես կպայքարեմ, որ դա չլինի, որովհետեւ պատգամվորը ոչ թե դատական իրավունքների մեջ է մտնում, այլ քաղաքական գնահատականներ է տալիս: Պատգամավորը, քաղաքական գործիչը հենց դրա համար է»:

Ազգային Ժողովի փոխնախագահ, Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ ասելով, որ նախագիծը դեռ տասնյակ փոփոխություններ կկրի, ավելացրեց. - «Սա պետք է դիտել որպես առաջին քայլ: Ընդհանուր առմամբ, նման փաստաթղթի ստեղծումը մենք դրական ենք գնահատում: Այլ հարց, որ առանձին մեխանիզմների էֆեկտիվ լինելը, թերեւս, դեռ հարցականի տակ է»:

«Օրինաց երկիր»-ի փոխնախագահ, Ազգային Ժողովի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը նույնպես կարեւորեց պատգամավորի պահվածքի մասին օրենք ունենալը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG