Մատչելիության հղումներ

«Հայաստանը առաջնային է համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»


Պաշտոնական Երեւանը չորեքշաբթի օրը կտրականապես հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, թե Հայաստանը պատրաստ է վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շրջակա 7 գրավյալ շրջանները մինչեւ ԼՂՀ կարգավիճակի հարցի շուրջ համաձայնության գալը:

«Ինչ էլ Ադրբեջանը ցանկանա կամ հայտարարի, մենք բազմիցս հայտնել եւ կրկին վերահաստատում ենք, որ բանակցությունների ընթացքում Հայաստանն առաջնային է համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մնացյալ խնդիրներն ածանցյալ են կարգավիճակի հարցից եւ Հայաստանը դրանք դիտարկում է բացառապես Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի համատեքստում», - ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանի տարածած հայտարարության մեջ: - «Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է միմիայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ամբողջական լուծումով եւ բանակցություններում իր մասնակցությունը պայմանավորում է այդ մոտեցմամբ»:

Հայտարարությունը հետեւել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի պնդումերին (ըստ Բաքվում լույս տեսնող «525» թերթի), թե Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման վերջին բանակցությունները «նպատակաուղղված են եղել այն բանին, որպեսզի «Հայաստանն ազատի Լեռնային Ղարաբաղի շրջակա 7 գրավյալ շրջանները»:

Մամեդյարովը եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը անցած ապրիլից ի վեր չորս անգամ հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի միջնորդների ներկայությամբ: Նախագահներ Քոչարյանը եւ Ալիեւը հարցի կարգավորման ուղղությամբ բանակցել են անցած ամիս Ղազախստանի մայրաքաղաքում: Ըստ Օսկանյանի, կոնկրետ համաձայնություններ այդ հանդիպման ընթացքում ձեռք չեն բերվել:

Ըստ ադրբեջանական թերթի, Մամեդյարովը հայտարարել է նաեւ, թե ադրբեջանական կողմը Երեւանից պատասխան է սպասում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման առնչությամբ, քանի որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Աստանայում թայմ-աութ էր վերցրել «անցկացված հանդիպումների եւ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների մակարդակով կարծիքների փոխանակման վերլուծության համար»:

«Երկու նախագահներն էլ պայմանավորվել են այդ դադարի վերաբերյալ, որպեսզի ժամանակ ունենան ուսումնասիրելու բարձրացված հարցերը: Հայաստանին հետաքրքրող հարցերի վերաբերյալ մենք դեռեւս Ադրբեջանից արձագանք չենք ստացել», - ասված է Համլետ Գասպարյանի հայտարարության մեջ:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG