Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի դիտարկումներով, երեկ Ազատության հրապարակում հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հերթական տարելիցին նվիրված հանրահավաքին մասնակցել է երկու-երեք հազար մարդ: «Մասնակիցների այս թիվը իշխանության հավակնող քաղաքական ուժի կազմակերպած ակցիայի համար շատ փոքր է, մյուս կողմից, սակայն, տեղավորվում է նախապես հնչած կանխատեսումների շրջանակներում», - նշում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ընդհանրապես, չնայած երեկվա ակցիան իր բնույթով օպերատիվ-քաղաքական նշանակություն չուներ, այսուհանդերձ՝ իր նկատմամբ մեծ հետաքրքրություն էր առաջացրել, ու ոմանք կարծում էին, որ այս ակցիայով կարելի է որոշակի պատկերացում կազմել գործող ընդդիմության իրական պոտենցիալի մասին: Այս առումով երեկվա հանրահավաքը ոչ մի նոր ինֆորմացիա մեզ չտվեց, եւ ընդդիմության մասին մեր պատկերացումները, փաստորեն, դրա արդյունքում ոչ մի փոփոխություն չեն կրելու»: «Ազգ» թերթի մեկնաբանի ձեւակերպմամբ՝ հենց փաստը, որ մեր երկրում տեղի ունեցավ «ընդհանրապես ողջ աշխարհի կտրվածքով աննախադեպ ոճրագործություն, վկայում է, որ Հայաստանում այսօր արձանագրվող ճահճային անդորրը շարունակական լինել չի կարող»: Միեւնույն ժամանակ, «Ազգ»-ում փաստված է. - «Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ունակ խանդավառ զանգվածը չկա... Հանրահավաքների հավատավոր երկրպագուներ մնում են միայն տարեցները: Երիտասարդների մի մասը բազեացել է, մի մասը երեւի աշխատանք ունի, մի մասն էլ փնտրում է... դրսում»:

«Այսօրվա ընդդիմությունը հիմնականում հոկտեմբերի 27-ի արդյունքում է միս ու արյուն ստացել, այդ պատճառով էլ կամա թե ակամա նրա յուրաքանչյուր քայլ հիմքում սկիզբ է առնում այդ ակունքից», - գրում է «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը: - «Բայց որեւէ մեկը իր անձնական ցավը, ինչքան էլ այն խորն ու անանց լինի, չպետք է դարձնի հասարակական խնդիր»: Այս մոտեցմամբ մեկնաբանը նաեւ հարց է ձեւակերպել. - «Մի՞թե դժվար է հասկանալ, որ, երբ մտադրություն կա ապակայունացնել երկիրը, արտաքին ուժերը, առանց որեւէ օվկիանոսային տարածություն հաշվի առնելու, հոկտեմբերի 27-ի ողբերգությունն էլ իրենց խաղաքարը կդարձնեն, ինչն էլ փորձում են անել՝ օգտագործելով հենց տեղական հայաստանյան քաղաքական ուժերին, որոնք դեմ են այսօրվա պետությանը»:

«Հայոց աշխարհ» թերթի ուրվագծմամբ՝ Հայաստանում հետհոկտեմբերյան քաղաքական զարգացումները եւս ընթացան «ոչ թե ընդհանուր ապագայի համար պատասխանատվության միասնական դաշտի ձեւավորման, այլ ի սկզբանե «հոկտեմբերի 27»-ը մի յուրահատուկ մահակի վերածելու եւ երկրի ներսում սեփական խնդիրների լուծման համար օգտագործելու նեղմիտ տրամաբանության շրջագծում»: «Բայց», - գնահատում է «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը, - «անցած 5 տարիները ցույց տվեցին, որ դա անօգուտ զբաղմունք է: Ապացույցը արհեստականորեն ստեղծված նման մահակի աստիճանաբար մաշվելու եւ սովորական ճիպոտի վերածվելու ներկա իրողությունն է... Անցած տարիները ապացուցել են, որ հայոց պատմության «հոկտեմբերի 27» էջը փակված է արդեն ոչ թե այն մոռացության տալու, այլ նման մեծ ողբերգությունն ու ցավը չսեփականաշնորհելու համար»:

«Իշխանությունը չարակամների հորինվածք է համարում այն պնդումները, թե 1999-ի հոկտեմբերի 27-ից առաջ հակասություններ կային բարձրագույն վերնախավում: Սակայն», - մատնանշում է «Առավոտ»-ի լրագրողներից մեկը, - «ահա թե ինչ է վկայել հենց Սերժ Սարգսյանը 2003 թվականի մայիսին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված «Մարդու ժամանակը» հաղորդաշարում»: «Առավոտ»-ում բերվում են Սերժ Սարգսյանից մասնավորապես հետեւյալ մեջբերումները. - «1999-ի խորհրդարանական ընտրություններից հետո զգացի, որ մթնոլորտը ինչ-որ ձեւ... կարծես թե... ուրիշ կերպ է: Քոչարյանն ասաց, թե՝ գիտե՞ս, կարծիք կա, որ ճիշտ կլինի կիսել ներքին գործերի եւ ազգային անվտանգություն նախարարությունը: Ասաց՝ գիտե՞ս, Վազգենն ա, իրան մի քիչ լավ չի զգում... Վազգենն ասաց՝ ո՞ւմ ես տեսնում անվտանգության նախարար: Ասացի՝ Վազգեն ջան, ես անվտանգություն եմ ուզում գնալ, որովհետեւ ներքին գործերի նախարարությունում նորից ու նորից պետք է պրոբլեմներ առաջանան, նորից քեզ հայտնի խնդիրները պետք է ծագեն եւ այլն... Երբ Վազգեն Սարգսյանը պիտի ստանձներ վարչապետի պարտականությունները, ինձ առաջարկեց գնալ պաշտպանության նախարար: Կատեգորիկ հրաժարվեցի: Իսկ մինչ այդ Վազգենն ինձ ասում էր, որ դու պիտի գնաս վարչապետ: Ասացի՝ ես չեմ կարող պաշտպանության նախարար լինել, որովհետեւ գալով պաշտպանության նախարարություն՝ դու գիտես իմ բնավորությունը, ես միայնակ կղեկավարեմ այդ նախարարությունը, եւ քո միջամտությունները ուղղակի պրոբլեմատիկ են լինելու, կոնֆլիկտային են լինելու», - վերհիշում է Սերժ Սարգսյանը:

Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, Ռոբերտ Քոչարյանը իշխանական կոալիցիայի երեք կուսակցություններին մինչեւ տարեվերջ ժամանակ է տվել՝ թվով երեք նախարարական պաշտոնների նոր թեկնածուներ առաջարկելու համար. - «Այս շարքում է նաեւ մի քանի ամիս առաջ մշակույթի նախարար նշանակված Հովիկ Հովեյանը»: «Կառավարությունում եւս հիացած չեն Հովեյանի անկանխատեսելի վարքագծով», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: - «Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը եւս Քոչարյանի սեւ ցուցակում է... Նախագահը Դաշնակցության լիդերների հետ հանդիպումների ժամանակ դժգոհել է առողջապահության նախարար Նորայր Դավիդյանից՝ ասելով, որ նա չի կարողանում վերահսկել ոլորտը»։ «Քոչարյանի 4-րդ թիրախը բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն է», - առայժմ ի մի է բերում «Հայկական ժամանակ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG