Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը կրկին իշխանությունների վրա է դնում հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատասխանատվությունը


Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը երեքշաբթի օրը Ազատության հրապարակում անցկացրեց «Ո’չ ահաբեկչությանը» կարգախոսով հանրահավաք, որին հետեւեց երթը դեպի Ազգային ժողովի շենքը, ուր հանրահավաքի մասնակիցները ծաղկեպսակ դրեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հուշաքարին:

Դիմելով հանրահավաքի մի քանի հազար մասնակիցներներին՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը ասաց. - «Այս ահաբեկչությունը փոխեց երկրի զարգացման ուղղությունը, որը պրակտիկ առումով Քոչարյանի իշխանությունը դարձրեց անվերահսկելի, իսկ բովանդակային առումով՝ երկրում դրվեցին կլանային համակարգի եւ բռնապետության հիմքերը»:

«Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ուղղակի պատասխանատվություն են կրում ոչ միայն հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը չկանխելու, այլեւ կազմակերպիչների բացահայտմանը խոչընդոտելու եւ հանցագործությունը պարտակելու համար: Հոկտեմբերի 27-ի ոճրագործության տրամաբանական շարունակությունը Քոչարյանի հնգամյա անվերահսկելի իշխանությունն է, որի պահպանման նպատակով 2003 թվականի ընտրությունների ժամանակ իրականացվեցին զանգվածային կեղծիքներ, բռնություններ եւ ահաբեկչական գործողություններ», - ասված է «Արդարություն» դաշինքի հայտարարության մեջ, որը հանրահավաքում հրապարակեց դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը:

«Հայաստանում ստեղծվեց քաղաքական ահաբեկչության միջոցով իշխանությունը բռնազավթելու նախադեպ», - ասված է հայտարարության մեջ: - «Վերանայվեցին 99-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ իշխանությունը աստիճանաբար կենտրոնացավ Ռոբերտ Քոչարյանի վարչախմբի ձեռքում»:

«Եթե որեւէ մեկը մտածում է, թե հոկտեմբերի 27-ը եղավ ու անցավ ու էսպես հիշողության մեջ կմարի ու կանցնի՝ չարաչար սխալվում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: - «Հոկտեմբերի 27-ի բացահայտումից հետո է հնարավոր երկրի բարգավաճումը: Այսինքն՝ հոկտեմբերի 27-ով պիտի ապացուցես, որ երկրում արդարադատություն գոյություն ունի»:

Արամ Սարգսյանի խոսքերով, ցանկացած երկրի նախագահ նման հանցագործությունը բացահայտելու հնարավորությունը «ձեռքից բաց չէր թողնի». - «Եթե Ռոբերտ Քոչրարյանը բացահայտեր հոկտեմբերի 27-ը, դա այն հիմնական գրավականը կլիներ, որ ինքը կարողանար արդար ընտրվել: Բայց ինքը դա չարեց: Ինչո՞ւ: Այս հարցին ինքը պիտի պատասխանի»:

«Իշխանությունները ամեն ինչ արեցին գործը կոծկելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ստեփան Դեմիրճյանը: - «Դատավարությունը չփարատեց հասարակության կասկածները. հակառակը՝ էլ ավելի խորացրեց: Որեւէ մեկը պատասխանատվության չենթարվեց պարտականությունները չկատարելու համար: Ավելին՝ ոմանք նույնիսկ առաջ քաշվեցին»:

Հանրահավաքի մասնակիցներից մոտ հազար մարդ մասնակցեցին երթին դեպի Ազգային ժողովի շենքը, ուր ծաղկեպսակ դրեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հուշաքարին: Քաղաքային իշխանությունները, հիշեցնենք, չէին արտոնել այդ երթը:

Հուշաքարին ծաղկեպսակ դրեցին նաեւ խորհրդարանի իշխանական թեւի ներկայացուցիչները՝ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ:


Հրաչ Մելքումյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG