Մատչելիության հղումներ

Հաջորդ տարվանից պարտադիր սոցապ վճարները գանձելու է հարկային ծառայությունը


Կառավարության՝ հաջորդ տարվա ընթացքում սոցիալական ոլորտում նախատեսած լուրջ տեղաշարժերի իրականացումը ապահովելու նպատակով, ինչպես այսօր հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, արդեն կայացվել է քաղաքական որոշում եւ գալիք հունվարի 1-ից սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գանձման գործառույթը փոխանցվելու է Հարկային պետական ծառայությանը։

Ըստ նախարարի, եկող տարի կտրուկ կավելանան աղքատության նպաստները, կենսաթոշակները, ինչպես նաեւ սոցիալական ոլորտի մյուս ծրագրերին հատկացվող գումարները։ Սոցիալական ծախսերը, նախարարի փոխանցմամբ, կավելանան ինչպես պետական բյուջեի հատկացումների աճի, այնպես էլ տնտեսության ստվերային հատվածի բացահայտման ու հարկման հաշվին.

«Այստեղ են թաքնված նաեւ ե’ւ սոցիալական խնդիրների ավելի լավ լուծման մեխանիզմը, ե’ւ կենսաթոշակների աստիճանական բարձրացման հիմնական ռեսուրսները», - ասաց նա:

2005 թվականի աղքատության ընտանեկան նպաստներին պետական բյուջետային հատկացումները այս տարվա համեմատ կավելանան 4 միլիարդ դրամով՝ հասնելով 20 միլիարդ դրամի, ինչը թույլ կտա նպաստի չափը ներկայիս 9000 հազար դրամից հասցնել 12200 դրամի։ Բազային նպաստների հետ մեկտեղ կավելացվեն նաեւ անչափահաս երեխաներին տրվող լրացուցիչ նպաստի գումարները:

Նախատեսվում է եկող տարվա ապրիլի 1-ից բազային կենսաթոշակի չափը ներկայիս 3000-ից դարձնել 4000 դրամ, միաժամանակ, կավելացվեն նաեւ աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար տրվող հավելումները։ Բացի այդ, նախատեսվում է կրկնապատկել գործազրկության դիմաց տրվող նպաստները՝ ներկայիս 3900 դրամից հասցնելով 7800 դրամի։

«Զբաղվածության ոլորտում մենք ամբողջ ուշադրությունը դարձնում ենք զբաղվածության ակտիվ ծրագրերին՝ մարդուն օգնելու աշխատանք գտնել, վերապատրաստվել՝ հատկապես խոցելի խմբերի համար», - ասաց Վարդանյանը:

Ըստ նախարարի, եկող տարի եւս, ինչպես այս տարի, 20 տոկոսով կավելացվեն զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին տրվող թոշակները։

Ընդհանուր առմամբ, այս քայլերի արդյունքում սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ծախսերը կավելանան շուրջ 15 միլիարդ դրամով։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG