Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 23-ը հոկտեմբերի)

Հայաստանում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից գրեթե երկու տարի անց՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության հանձնախումբը հոկտեմբերի 13-ին ներկայացրեց զեկույց՝ ՀՀ-ում 2003-ին տեղի ունեցած նախագահական եւ ԱԺ ընտրությունների մասին եւ, ինչպես այսօր ուշադրություն է սեւեռում «Հայկական ժամանակ» թերթը՝ այն լի է «Հայաստանի իշխանություններին վերաբերող խայտառակ ձեւակերպումներով»: Թերթի մատուցմամբ, այդ զեկույցում «ըստ էության հստակ նշված է, որ Ռոբերտ Քոչարյանը լեգիտիմ նախագահ չէ, նաեւ ակնարկվում է, որ 1999 թվականին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունը կարող է Քոչարյանի պաշտոնանկության հիմք դառնալ»: Հարցին, թե ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից գրեթե երկու տարի անց կրկին անդրադառնալ 2003-ի ընտրություններին, Ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Ստեփան Սաֆարյանը արձագանքել է. - «Զեկույցն, ըստ իս, ուղղակիորեն միտված է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը, եւ նման զեկույցի անհրաժեշտությունն առաջացել է հիմա, երբ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ինչ-ինչ միտումներ են նկատվում: Այս զեկույցն ուղղակի ուլտիմատում է Ռոբերտ Քոչարյանին՝ ԼՂ հիմնահարցին լուծում տալու համար»: Ըստ փորձագետի՝ Միացյալ Նահանգների պաշտոնական տեսակետը ներկայացնող այս զեկույցը հստակ հասկացնում է, որ եթե Քոչարյանը ԼՂ հարցով անհրաժեշտ զիջումներ չանի, ապա խիստ հավանական է, որ կսկսվի նրա պաշտոնանկության գործընթացը, ինչի համար հիմք կարող են հանդիսանալ հոկտեմբերի 27-ի գործոնը կրկին շրջանառության մեջ դնելը, նաեւ՝ խորհրդարանում վերջինիս պաշտոնանկության նոր գործընթաց սկսելը. - «Չի բացառվում, որ անհրաժեշտ պահին արտաքին որոշ ուժեր հոկտեմբերի 27-ի հետ կապված ինչ-ինչ նոր փաստեր հրապարակ նետեն»։

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը «Հայոց աշխարհ»-ում հերքում է որոշ թերթերի լուրերը, թե նախագահ Քոչարյանի հետ իրենց հերթական հանդիպման ժամանակ կադրային փոփոխությունների խնդիրներ են առաջադրել: Լրագրողը կրկիր դիմել է. - «Չնայած կադրային փոփոխությունների անհրաժեշտության մասին վերջին ասուլիսում հնչած հայտարարությանը, կոնկրետ պաշտոնյաների ազատելու եւ ուրիշներին նշանակելու խնդիր Դաշնակցությունը չունի՞»: «Ո՛չ», - պատասխանում է ՀՅԴ ներկայացուցիչը: - «Ուղղակի իսկապես կան մամուլի որոշ միջոցներ, որոնք շարունակ դիմում են մեզ, կոալիցիայի գործընկեր կուսակցություններին՝ անընդհատ փորձելով ճշտել, թե լինելո՞ւ են կադրային փոփոխություններ, ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում կոալիցիայում: Շարունակաբար այս թեման թեժ պահելու նպատակով է, որ երբեմն նաեւ նման ապատեղեկատվություն է տարածվում», - մեղադրում է Լեւոն Մկրտչյանը: Իսկ ընդդիմության՝ հոկտեմբերի 26-ին կազմակերպելիք «Ո’չ ահաբեկչությանը» կարգախոսով հանրահավաքին նրա վերաբերմունքը հետեւյալն է. - «Հասարակության ուշադրությունն այդ երեւույթի վրա կենտրոնացնելը անիմաստ չեմ համարում: Այն, որքան գիտեմ, գումարվելու է հոկտեմբերի 27-ի դեպքերի 5-րդ տարելիցի կապակցությամբ, իսկ դա մեծագույն ահաբեկչություն էր Հայաստանի պետականության նկատմամբ: Եվ այդ համատեքստում եւս հանրահավաքին նորմալ եմ վերաբերվում»:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի հայացքով, եթե իշխանական եռյակի պահվածքը, թեեւ առանձնապես չի խանդավառում, բայց գոնե տեղավորվում է տրամաբանության շրջանակում, ապա արմատական ընդդիմադիրների վարքը անըմբռնելի է. - «Այսպես, անհասկանալի է, թե ինչու Գեղամյանի կուսակցությունը չի ուզում մասնակցել «Արդարություն» դաշինքի նախաձեռնած հոկտեմբերի 26-ի հանրահավաքին»: Սա դիտվում է եւս մեկ վկայություն, որ եթե ընդդիմադիրներին ինչ-որ բան էլ միավորում է, ապա դա միայն «ոչինչ չանելու մարտավարությունն է»: Մեկնաբանը ձեւակերպում է. - «Արմատականները լքել են մարտադաշտը եւ իրենց անգործությունը արդարացնելու համար մխիթարանք հորինել, թե դեպքերի ինչ-որ զարգացման դեպքում իշխանափոխություն կկատարվի այլ պետությունների ջանքերով»: «Ո’չ իշխող կոալիցիայի, ո’չ էլ ընդդիմության հետ մեր հասարակությունը այլեւս հույսեր չի կապում եւ իր խնդիրները փորձում է արդեն իր ուժերով լուծել», - խտացված է «Գոլոս Արմենիի»-ում: - «Վերջին փողոցային գործողությունները հուշում են. հանրությունը հասկացել է, որ իշխանության հետ հարցերը ինքը պետք է լուծի՝ ընդդիմության վրա հույս չդնելով»:

«Հայկական ժամանակ» թերթի ուրվագծմամբ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանը երեկ նմանվում էր ռմբակոծության ենթարկված օբյեկտի. - «Դատարանի միջանցքները դատարկ էին, դատարանի աշխատակիցների հայացքներում շփոթություն էր նկատվում, իսկ դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը ընդհանրապես աշխատանքի չէր ներկայացել. ասում են՝ դեպրեսիայի մեջ է: Իսկ այս ամենի պատճառը ՀՀ գլխավոր դատախազության՝ նախօրեին տարածած տեղեկանքն էր, որով վերը նշված դատարանի դատավորները մեղադրվում էին ապօրինի վճիռներ կայացնելու մեջ»: «Իհարկե, այս դատավորների վիճակը կարելի է հասկանալ: Նրանց համար իսկապես դժվար է ընկալել, թե ինչու այդ իշխանությունը, որին իրենք հնազանդորեն ծառայել են, կատարել են նրա բոլոր հրահանգները, ջանք ու եռանդ չեն խնայել նրան դուր գալու համար, ահա այդ իշխանությունը իրենց այդքան ծանր հարված է հասցնում», - վիճակի մեջ է մտնում «Հայկական ժամանակ»-ը: - «Բայց հիշենք, որ այդ նույն դատավորները հարյուրավոր անմեղ մարդկանց են վարչական կալանքի ենթարկել սեփական քաղաքական հայացքներ ունենալու համար, շինծու մեղադրանքներով մարդկանց ազատազրկման են ենթարկել ու իշխանության քաղաքական ընդդիմախոսներին լռեցրել: Ու հիմա նրանք ամենաշատը, երեւի, վախենում են իրենց նման մի դատավորի ձեռքն ընկնելուց: Չնայած, երեւի թե իշխանությունը այս անգամ կխնայի նրանց, ու նրանք կսկսեն ավելի փութաջանորեն դատել անմեղներին», - ամփոփել է «Հայկական ժամանակ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG