Մատչելիության հղումներ

Սկսվեց Ռոբերտ Քոչարյանի այցը Վրաստան


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ օրը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Ռոբերտ Քոչարյանի եւ Միխայիլ Սահակաշվիլիի առանձնազրույցից եւ դրան հետեւած ընդլայնված կազմով հայ-վրացական բանակցություններից հետո, երկու նախագահները համատեղ ասուլիսում գոհունակությամբ նշել են, որ փոխըմբռնում է արձանագրվել քննարկված բոլոր հարցերի գծով:

Բանակցություններում կենտրոնական են եղել տնտեսական համագործակցության, տրանսպորտային հաղորդակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ Ջավախքին:

Ասուլիսի ընթացքում Վրաստանի նախագահը «շատ լավ» բնութագրեց բանակցությունները՝ ասելով, որ երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրով «փոխընբռնում կա»:

«Եղբայր երկրների միջեւ հարաբերությունները միշտ եղբայրական են եղել», - ասաց Սահակաշվիլին:

Ռոբերտ Քոչարյանը, իր հերթին, ասաց, որ քննարկել են տնտեսությանը, տրանսպորտային հաղորդակցությանը, մաքսային, սահմանապահ, ոստիկանական ծառայություններին վերաբերող հարցեր՝ ավելացնելով, որ առաջիկա երկու օրերին կանդրադառնան նաեւ տարածաշրջանային, միջազգային խնդիրներին:

Պատասխանելով Ջավախքին վերաբերող հարցին, Սահակաշվիլին ասաց, որ տեղի բնակչությունը, ունենալով երկրի էկոնոմիկային ինտեգրվելու բոլոր հնարավորությունները, պետք է պահպանի կապերը Հայաստանի սահմանամերձ շրջանների հետ:


Հրաչ Մելքումյան, Թբիլիսի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG