Մատչելիության հղումներ

Դալմայի այգիներում պայմանագրով հողատարածքներ ունեցողների պայմանագրերը կերկարաձգվեն


Այսօրվա նիստում կառավարությունը որոշեց ավելի քան 550 հեկտար տարածք զբաղեցնող Դալմայի այգիների 256 հեկտար անտառային նշանակության հողամասերը առանց մրցույթի տասը տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել այդ տարածքները օրինական պայմանագրերով վարձակալած 581 քաղաքացիներին։

Նիստից հետո Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը լրագրողներին ասաց, որ թեեւ այդ պայմանագրերը սահմանված կարգով գրանցված չեն կադաստրում, կառավարությունը, այնուամենայնիվ, որոշեց վերակնքել այդ փաստաթղթերը եւս 10 տարով:

«Հանրապետության նախագահը իր ելույթներում նշել էր նաեւ, որ 256 հեկտարի հետ կապված քաղաքացիները, որոնք ժամանակին վարձակալությամբ վերցրել են, նրանց իրավունքների որեւէ ոտնահարում չի լինի եւ նրանք կպահպանեն իրենց իրավունքները այդ տարածքների նկատմամբ», - ասաց Զախարյանը՝ ավելացնելով, որ պայմանագրերի հիման վրա զբաղեցված տարածքներում որեւէ շինարարություն արգելվելու է. - «Վերահսկողությունը կլինի շատ խիստ»:

Երվանդ Զախարյանի փոխանցմամբ, ինքնակամ հողեր զավթած ու դրանք ապօրինի զբաղեցրած քաղաքացիների հետ վարձակալական պայմանագրեր չեն կնքվի։ Հավանաբար, դա հենց այն քաղաքացիներն են, որոնք ակտիվորեն բողոքում են՝ չցանկանալով հեռանալ մեկ-երկու տասնամյակի ընթացքում իրենց քրտինքով յուրացրած տարածքներից։ Այդ տարածքները, մինչդեռ, կառավարության որոշումներով արդեն հանձնվել են քաղաքապետարանի տնօրինությանը ու պետք է կառուցապատվեն, ընդ որում՝ կլինեն նաեւ անտառապատումներ:

Հարկ է նկատել, որ մայրաքաղաքի այդ հատվածում հողի գինն այժմ շատ բարձր է, ու պետք է ենթադրել, որ մարդկանց այդ տարածքներից կվտարեն բոլոր հնարավոր միջոցներով՝ մի մասին համոզելով, մյուսներին՝ չնչին փոխհատուցումներ տալով, երրորդներին՝ պարզապես բռնի ուժով, ինչպես վարվեցին Հյուսիսային պողոտայի բնակիչներից ոմանց հետ։

Քաղաքապետը տեղեկացրեց, որ հողերից վտարված 25 բնակիչների արդեն փոխհատուցումներ են տրվել, եւ նույնիսկ գոհունակությամբ փաստեց, թե այդ մարդիկ գոհ են մնացել փոխհատուցման չափից։ Մարդիկ այդ տարածքներից հեռացվում ու անմիջապես փոխհատուցվում են ոչ թե պետության, այլ հենց այդ տարածքների նոր տերերի կողմից։ Փոխհատուցման չափը, քաղաքապետի խոսքերով, որոշվում է անհատական կարգով։

Այստեղ հողի օտարման որոշակի նրբություններ կան։ Հարցը, թե, այնուամենայնիվ, ի՞նչ արժե հողի քառակուսի մետրն այդտեղ՝ խիստ հռետորական է, քանզի տարածքները վաճառվում են ոչ թե աճուրդով, այլ ուղղակի վաճառքի պայմանագրերով։

Վերջին շրջանում տպագիր մամուլի էջերում նույնիսկ տրվում են Դալմայի այգիներն զբաղեցրած նոր տերերի անունները։ Մասնավորապես, «Իրավունք» թերթի աղբյուրների համաձայն, արդեն որոշակի տարածքներ սեփականության իրավունքով պատկանում են գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին: Առանց մրցույթների տարածքներ են հատկացվել «Ռենկո Արմեստեյտ», «Ֆրանկ Մյուլլեր Արմենիա» ընկերություներին, «Հայկական ավիաուղիներին»։ Մնացած տարածքների պոտենցիալ նոր տերերի թվում են, նույն «Իրավունք»-ի փոխանցմամբ, «Հովնանյան» եւ «Ալեգով» ընկերությունները, որոնք պատրաստվում են Դալմայի այգիներում 50-60 հեկտար տարածք գնել՝ գոլֆի դաշտեր կառուցելու նպատակով, Երեւանի գարեջրի գործարանը, որը պատրաստվում է գնել 1,5 հեկտար՝ պտղատու այգիներ հիմնելու համար։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG