Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունը տագնապ է հնչեցնում անտառների վիճակի կապակցությամբ


Բնապահպանական հասարակական կազմակերպությունների գնահատումներով, եթե անտառահատումների ներկայիս տեմպերը պահպանվեն, Հայաստանի անտառներին ոչնչացում է սպառնում արդեն 20 տարի հետո: Եթե 100 տարի առաջ ներկայիս Հայաստանի տարածքի 25 տոկոսն էր ծածկված էր անտառներով, իսկ 1991-ին՝ 11 տոկոսը, ապա այսօր այդ ցուցանիշը կրճատվել է մինչեւ 8 տոկոսի:

«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության ղեկավար Ջեֆրի Թուֆենկյանը վստահեցնում է, որ խնդիրը միայն 90-ականների ճգնաժամի ընթացքում անտառների ոչնչացումը չէ: Այս միտումը, նրա խոսքերով, շարունակվում է մինչեւ օրս եւ անտառների մեծ մասը հատվում է կոմերցիոն նպատակներով:

«Անտառների ոչնչացումն այսօր մեծամասամբ ապօրինի բիզնես գործողությունների հետեւանք է: Տվյալներ կան նաեւ Հայաստանից փայտի ապօրինի արտահամնան մասին մերձակա երկրներ՝ օրինակ, Իրան, ինչպես նաեւ՝ Եվրոպա, Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Թուֆենկյանը:

«Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման, ասաց, թե Եվրոպա արտահանման մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ պաշտոնապես նման բան չկա: Հայաստանից, իրոք, որոշակի քանակությամբ փայտ է արտահանվում (հիմնականում Իրան)՝ «Հայանտառ»-ից թույլտվություն ստանալուց հետո, եւ խոսքը, ըստ ամենայնի, վերաբերում է միայն թափուկին, այսինքն՝ բնական աղետների հետեւանքով ընկած ծառերին:

Ընթացիկ տարվանից արտահանումը իրականացվում է բացառապես «Հայանտառ»-ի թույլտվությամբ՝ փայտանյութի ծագման օրինականության մասին փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Մարտուն Մաթեւոսյանի կարծիքով, այդուհանդերձ, փայտանյութի արտահանումը Հայաստանից պետք է իսպառ արգելվի:

«Քանի որ փայտանյութը բարձր գներ ունի նաեւ հարեւան երկրներում, այստեղ կարծես դաշտ է բացվում մարդկանց համար խորանալու այդ բիզնեսի մեջ», - ասաց նա: - «Ես չեմ բացառում, որ հնարավոր է նաեւ ապօրինի հատված ծառերի արտահանում»:

Հարցին, թե համաձա՞յն է հասարակական կազմակերպությունների կանխատեսումներին, թե այս տեմպով շարունակվելու դեպքում Հայաստանում անտառներ չեն մնա, Մաթեւոսյանը պատասխանեց. - «Ես միանշանակ համոզված եմ, որ այս տեմպերով չի շարունակվի»:

Նրա փաստարկներից մեկն էլ այն է, որ կառավարությունը վերջերս հաստատել է ապօրինի հատումների դեմ համալիր ծրագիր: Թե որքանով այն արդյունավետ կգտնվի, ցույց կտա ժամանակը: Այստեղ թերեւս գործ ունենք նաեւ կոռուպցիայի դրսեւորումների հետ: Օրինակ, քիչ չեն դեպքերը, երբ ապօրինի հատումների համար քրեական պատասխանատվության են ենթարկվում անտառապահները: Մինչդեռ միամտություն կլինի կարծել, որ անտառապահներ են ներքին շուկայում իրացնում կամ արտահանում հսկայական քանակությամբ փայտանյութը:

Մաթեւոսյանի փոխանցմամբ, «Հայանտառ»-ը իրականացնում է նաեւ անտառվերականգնողական ծրագրեր. միայն այս տարի վերականգնվել է 2500 հեկտար անտառ եւ տնկվել է 450 հեկտար նոր անտառ:

«Հայանտառ»-ը, հենվելով Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված միջազգային մի շարք կազմակերպությունների հետազոտության վրա, տեղեկացնում է, որ տարեկան Հայաստանում իրացվում է մոտ 1 մլն խորանարդ մետր փայտ, որից 700 հազարը հատում են անտառամերձ տարածքների բնակիչները: Հասարակական կազմակերպությունները, սակայն, կարծում են, որ ծառերի մեծ մասը հատվում են կոմերցիոն նպատակներով:

Նշված հետազոտությունը պարունակում է հետեւյալ ուշագրավ եզրահանգումը. - «Վառելափայտի եւ շինանյութի ներկայիս օգտագործումը եւ փոխադրումը առնվազն 10 անգամ գերազանցում է մթերման պլանավորված չափը»: Ավելացնենք, որ, ըստ զեկույցի, այս թվերը նվազագույնն են, քանի որ դրանք չեն ընդգրկում անտառամերձ համայնքների կողմից սեփական օգտագործման համար հատումները:

Այս առումով, Ջեֆրի Թուֆենկյանի կարծիքով, ավելի կարեւոր է, որ սփյուռքահայ դոնորները եւ միջազգային կազմակերպությունները փորձեն կանխել ապօրինի ծառահատումները, քան նոր ծառեր տնկեն:

«Ամենամեծ խնդիրը կարճ ժամկետում շահույթ ստանալու մենթալիտետի դեմ պայքարելն է: Ապօրինի անտառահատումների հետեւում կանգնած իշխանավորները մտածում են՝ եթե ունենք հիմա մի բան, եկեք վաճառենք: Մարդիկ պետք է իրոք հասկական, որ այս ամենը բումերանգի նման նրանց եւ նրանց երեխաներին է վերադառնալու: Հայաստանը բնապահպանական լուրջ խնդիրներ է ունենալու ոչ թե երկար տարիներ անց, այլ շատ շուտով», - ասաց նա:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG