Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Բելառուսում հոկտեմբերի 19-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները Հայաստանի ապրիլյան դեպքերի գրեթե պատճենումն են», - համադրում է «Առավոտ» թերթի մեկնաբանը: - «Եվ ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր հայտարարում, թե մեր ընդդիմությանը չի հաջողվի կրկնել Վրաստանի հեղափոխության փորձը, այսպես էլ Բելառուսի ԿԳԲ-ի եւ ներքին գործերի նախարարության ղեկավարներն են հայտարարել, թե Մինսկում չկա «վարդերի հեղափոխության» բուրմունք եւ իրենք բավարար ուժ ու միջոցներ ունեն երկրում կայունությունը պահպանելու համար»: «Մինսկում կատարվածը գրեթե լիովին համընկնում է այն ամենին, ինչ կատարվել էր ապրիլին մեր Բաղրամյան պողոտայում... Պատկերի լիակատար նմանությունը ամբողջացնելու համար նշենք, որ միջազգային կառույցները արդեն իսկ հանդես են եկել կատարվածը դատապարտող եւ իրենց «խորը» մտահոգությունը արտահայտող հայտարարություններով», - ի մի է բերված «Առավոտ»-ում:

«Հայոց աշխարհ» թերթի տեսաբանը ձեռնամուխ է եղել համեմատելու ԱՊՀ «ժողովրդավարացման գոտու» վերածված տարբեր երկրներում ներկայումս պաշտոնավարող, թերեւս ամենաօդիոզ նախագահների՝ Միխայիլ Սահակաշվիլու եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի կերպարները, որպեսզի, ի վերջո, հասկանա, թե նրանցից ո՞րն է ավելի համապատասխանում ներկայումս Ուկրաինայի, վաղը՝ Հայաստանի, Ադրբեջանի կամ Մոլդովայի պահանջներին: Տեսաբանի համոզմամբ, Սահակաշվիլի-Լուկաշենկո հակաթեզը, որ ներկայումս «փաստորեն պարտադրվում է Ուկրաինային, ակնհայտորեն հետքայլ է լինելու՝ այդ երկրում առկա համեմատաբար ժողովրդավարական վարչակարգից»: «Ուկրաինային պարտադրվող «շագանակների հեղափոխությունը» սպառնում է հանգեցնել հստակորեն ավտորիտար, իսկ հնարավոր է նաեւ բռնապետական իշխանության հաստատման... Կարծում ենք՝ ուկրաինական «էքսպերիմենտից» հետո փորձ կարվի նույն փակուղային հակաթեզը պարտադրել նաեւ Հայաստանին ու Ադրբեջանին, որովհետեւ «Ղարաբաղյան թնջուկը» քանդելու անհրաժեշտ պայմանը «ժողովրդավարական հեղափոխությունների» արագացումն է», - զարգացվում է «Հայոց աշխարհ»-ում: - «Սրանով կարելի է բացատրել վերջերս մեր արմատական ընդդիմության տարօրինակ կերպարանափոխությունները, մանավանդ նրա մի թեւի ակնհայտ մերձեցումը ՀՀՇ-ի եւ այլ ամերիկամետ ուժերի հետ»: Տեսաբանի կարծիքով, սակայն, ժողովրդավարությո՞ւն, թե՞ բռնապետություն հակաթեզից մեզանում միշտ էլ ռացիոնալ լուծում է գտնվել. դա ազգայնականությունն է: Ուստի՝ «Հայաստանի հանդեպ նման արտաքին պարտադրանքից սոսկ կարող է ծնունդ առնել այնպիսի իշխանություն, որը կլինի է՛լ ավելի ազգայնական, քան իր նախորդը», - եզրափակված է «Հայոց աշխարհ»-ում:

«Հայկական ժամանակ» թերթում ներկայացվող հարցազրույցում Աշոտ Մանուչարյանը որակում է, թե «հասել ենք մի իրավիճակի, երբ իրադարձությունները կարող են զարգանալ անկանխատեսելի ուղիով: Ոչ մի նախադրյալ չկա, որ քաղաքական դաշտը կարողանա հստակ կառավարելիության շրջանակում պահել իրադարձությունների զարգացումը»: «Երկիրը հենց վաղը կարող է զարթնել եւ կանգնել նոր իշխանության ընտրության առաջ», - ընդգծում է նա: - «Եվ մոտ 10 բավականին ազդեցիկ խմբեր դուրս են գալու իրար դեմ եւ պայքար են մղելու իշխանության համար»: Ինչ վերաբերում է իր վրա հարձակմանը, Աշոտ Մանուչարյանը մասնավորապես ասում է. - «Ինձ համար այդ անձինք հստակ պարզ են: Եվ անկախ այն հանգամանքից, որ պատվիրատուն սիրում է տեղի-անտեղի անդադար հիշատակել, թե ինքը Հայաստանի միակ տղամարդն է, այդ որակը ոչ տղամարդ է, ոչ էլ կին»: Ըստ Մանուչարյանի՝ նաեւ հենց իշխանական շրջանակներից է օր-օրի շատանում արտահոսքը, թե ով է եղել պատվիրատուն, եւ ինչպես է դեպքը կատարվել:

«168 ժամ» շաբաթաթերթի թղթակիցը երեկ Կոշ քրեակատարողական հիմնարկում հարցազրույց է ունեցել Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի հետ: Վերջինս կիսվել է. - «Անկախ Հայաստանի ստեղծման գործընթացում ես մեծ լումա եմ ունեցել եւ շատ էի շփվում քաղաքական գործիչների հետ ե’ւ ներկա, ե’ւ նախկին: Արամը՝ չէ: Մարդկանց հետ շփվելիս տեսնում, սովորում, ընկալում, լսում էի: Արամը քիչ էր շփվում: Սա է իմ ու նրա տարբերությունը: Շփվել եմ հանրապետության թե’ առաջին, թե’ երկրորդ նախագահների հետ, երկուսի հետ էլ նստել-վեր եմ կացել, երկուսն էլ ինձ շատ են սիրել ու հարգել, ես էլ՝ իրենց: Ես նույնիսկ մեկուսարանից նամակ եմ ուղարկել Ռոբերտ Քոչարյանին, եւ նա վերաբերմունք է ցուցաբերել», - ասում է Արմեն Սարգսյանը: - «Մարդ է ուղարկել ինձ մոտ, որ տեսնի, թե ինչի կարիք ունեմ: Կարծում եմ, նախագահին ճիշտ ինֆորմացիա չեն տվել այս գործի մասին: Նրան ճիշտ չեն ներկայացրել իրականությունը: Եվ եթե ճիշտ ներկայացնեին, նա ավելի ճիշտ կվերաբերեր այս հարցում: Ես համոզված եմ, որ այդ մարդը՝ Ռոբերտ Քոչարյանը, իմ նկատմամբ լավ է տրամադրված»: «Որեւէ տեղ հոկտեմբերի 27-ի մասին ո'չ խոսել եմ, ո'չ էլ արտահայտվել», - խտացնում է Արմեն Սարգսյանը: - «Այսօր այս ժողովրդին մաքուր մարդիկ են պետք... Ես պետք եմ մեր ժողովրդին, որովհետեւ Վազգենից կիսատ գործ կա թողնված»: Որպես այս հարցազրույցի վերնագիր մեջբերված է Վազգեն Սարգսյանի բանտարկված եղբոր հետեւյալ ձեւակերպումը. - «Ուզում են իմ եւ Քոչարյանի հարաբերությունները փչացնել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG