Մատչելիության հղումներ

Ընդդիմության առաջնորդները հերքում են, թե բանակցություններ են վարում իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ


Հայաստանյան ընդդիմության առաջնորդները չորեքշաբթի օրը հերքեցին Ազգային ժողովի եւ իշխանական Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի՝ երեկ մամուլում հրապարակածը, թե՝ «կոալիցիա֊ - ընդդիմություն հանդիպումներն սկսվել են»:

«Եթե ինչ-որ մեկի հետ ինչ-որ խոսակցություն եղել է, դա որեւէ բան չի նշանակել», - չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ ավելացնելով, որ ինքը անձամբ նման որեւէ քննարկման չի մասնակցել. - «Դաշինքի օրակարգում նման հարց չկա: Չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»:

«Կարող եմ ընդամենը ասել՝ ով կգնա, չնայած ես չունեմ նման ինֆորմացիա, այսպես ասած սեպարատ բանակցությունների, նա իրեն դուրս կդնի դաշինքից», - ավելացրեց Ստեփան Դեմիրճյանը՝ հիշեցնելով. - «Բանակցելու մեր պայմանները, հարցադրումները շատ պարզ են եւ շատ հստակ են՝ պետք է պատասխանատվության ենթարկել [անցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում] բռնարարքներ իրականացրած անձանց: Սակայն որեւէ մեկը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել... Միայն դրանից հետո հնարավոր կլինի երկխոսությունը»:

Դեմիրճյանը ասաց նաեւ, որ ընդդիմության հարցադրումները, նաեւ վստահության հանրաքվեի հետ կապված, չեն փոխվել. - «Չմասնակցելով Ազգային ժողովի աշխատանքներին, մենք ,միեւնույն ժամանակ, հասարակությանը ներկայացնելու ենք մեր տեսակետները հասարակական հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ»:

«Իշխանությունը ոչ միայն ցանկություն չի հայտնել շփումների, այլ ամեն ինչ արել է, որ նման շփումներ տեղի չունենան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Արդարություն» դաշինքին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: - «Որեւէ շփում, որեւէ բանակցություն տեղի չի ունեցել»:

Իր բնորոշմամբ՝ «իշխանությունների մանր ու մեծ ճնշումներից» մանրերի մեջ Արամ Սարգսյանը նշեց իր մեքենան տուգանային հրապարակ տանելն ու ինչ-որ հիմնադրամի օգտին որոշակի գումար պահանջելը, իսկ մեծերի մեջ՝ «Արդարություն» դաշինքի դեմ քրեական գործը՝ անցած ամիս կարճելու հիմնավորումը՝ «գործուն զղջում»:

«Անձամբ ես ընդհանրապես հրաժարվել եմ ցուցմունքներ տալուց եւ դատախազությունում հայտարարել եմ, որ դատախազությունը դարձել է քաղաքական գործիք», - վրդովված ասաց նա՝ ավելացնելով, թե դեմ չէ կոալիցիայի կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին: - «Բայց նույնիսկ այդ հանդիպումները որոշակի խանդ են առաջացնում հասարակության մեջ: Իրենք պահանջում են, որ չհանդիպեմ: Իրենց մոտ կասկածներ են ծնվում»:

«Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե իրենց հետ չեն ընթանում բանակցություններ, չնայած որպես երեւույթ դրական գնահատեց նման նախաձեռնությունը:

Այնդուհանդերձ, հարցին, թե արդյո՞ք հարկ կա վերանայելու բանակցելու պահանջները, Գեղամյանը պատասխանեց. - «Բացարձակապես մեկը մյուսի հետ կապ չունի: Եթե բանակցություններ են նախաձեռնում ընդդիմության հետ, կնշանակի գիտակցում են, որ կոալիցիա ասածի հետեւից... ոչ մի ժողովրդական զանգված չկա»:

«Ազգային միաբանություն»-ը, նրա խոսքերով, ուրիշ խնդիր է իր առջեւ դրել: «Գիտակցում ենք վտանգները, որոնք առկա են հանրապետության առջեւ եւ այդ գիտակցումն է, որ հարկ եղած դեպքում սատանայի ճտերի հետ էլ կբանակցենք, որ կարողանանք գոնե իրենց վնասակար ազդեցությունը չեզոքացնել»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG