Մատչելիության հղումներ

Transparency International-ի ցուցակում Հայաստանը 82-րդն է


Transparency International կազմակերպության այս տարվա զեկույցում, որը նվիրված է աշխարհում կոռուպցիայի տարածմանը, Հայաստանը 146 երկրների ցանկում զբաղեցրել է 82-րդ տեղը, մինչդեռ անցած տարի 78-րդն էր։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի Հակակոռուպցիոն տեղեկատվական կենտրոնում, Հայաստանի վատթարացած ցուցանիշը չի նշանակում, որ կոռուպցիայի տեսակետից իրավիճակը Հայաստանում ահագնանում է։ Անցած տարի Transparency International-ը իր ցուցակում ընդգրկել էր 133 երկիր, իսկ այս տարի՝ 13-ով ավելի։ Ըստ կենտրոնի ներկայացուցչի, կարեւորը երկրի ոչ թե տեղն է, այլ ցուցանիշը։ Աշխարհի տարբեր երկրներում կոռուպցիայի տարածվածության աստիճանը գնահատվում է 10-բալանոց սանդղակով։ Հայաստանի գնահատականն այս տարի 3,1 է՝ անցած տարվա 3-ի փոխարեն։

Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշը լավագույնն է։ Սակայն Transparency International-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Միկլոշ Մարշալը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է, որ թեեւ Վրաստանի ցուցանիշը առաջվա պես շատ ցածր է՝ ընդամենը 2 բալ, բացատրությունն այն է, որ այս համակարգումը շարունակական է եւ ընդգրկում է վերջին 3 տարին, այսինքն՝ Վրաստանում կատարված վերջին փոփոխությունները չեն ընդգրկվել զեկույցում։

Միեւնույն ժամանակ Transparency International-ի ղեկավար Փիթեր Էյգենն այսօր նշել է, որ Ադրբեջանը եւ նավթով հարուստ այլ երկրներ ունեն ամենացածր ցուցանիշները եւ գտնվում են ցուցակի ստորին հատվածում։

Հայաստանի նախագահի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդական Բագրատ Եսայանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ԱՊՀ երկրներից ընդամենը մի քանիսում է առաջխաղացում գրանցվել, այդ թվում՝ Հայաստամում:

Ճգնաժամերի հարցերի միջազգային խմբի այս շաբաթ հրապարակված զեկույցում, մինչդեռ, ասված է, որ կոռուպցիան Հայաստանում այնքան տարածված է, որ, ըստ դիտորդներից մեկի՝ «մարդկանց ընկալմամբ պրոբլեմը կոռուպցիան չէ, այլ կաշառք տալու համար փող ճարելը»։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG