Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Պարզվում է, հայաստանյան ընդդիմությունը այս օրերին հակաիշխանական որեւէ գործողություն չի ձեռնարկում ոչ թե իշխանափոխության ծրագրերի բացակայության, այլ այն պարզ պատճառով, որ որեւէ գործողություն չձեռնարկելը հենց իշխանափոխության ծրագրի մաս է կազմում»: Առաջին հայացքից ծիծաղելի այս մոտեցումը, «Հայկական ժամանակ» թերթի հայացքով, որոշակի տրամաբանություն ունի, եւ «ոմանք կարծում են, որ հենց այս մարտավարությունն է, որ քայքայելու է իշխանությունը». - «Փաստն այն է, որ ընդդիմության ակտիվության փուլերում ներիշխանական հակասությունները մղվում էին երկրորդ պլան, քանզի իշխանությունը միախմբվում եւ մեկ միասնական բռունցք էր դառնում իր միասնական թշնամու՝ ընդդիմության դեմ: Իսկ երբ իշխանության հայացքի առաջ կամաց-կամաց խունացավ միասնական թշնամու կերպարը, արդեն ջրի երես դուրս եկան ներիշխանական հակասություններն ու ներիշխանական շահերի բախումները... Ընդդիմության չգոյության պայմաններում կոալիցիայի կուսակցությունները սկսեցին ավելի ուշադիր նայել միմյանց, եւ այդ կուսակցություններից յուրաքանչյուրը հանկարծ զգաց, որ դիմացինը ոչ պակաս վտանգավոր թշնամի է, որքան, ասենք, ընդդիմությունն էր»: Ուստիեւ «Հայկական ժամանակ»-ը չի բացառում, որ սեփական գործողությունները զրոյական մակարդակի վրա պահելու ընդդիմության մարտավարությունը տա սպասված պտուղները. - «Համենայնդեպս, ընդդիմության պասիվության վեցամսյակի ընթացքում իշխանության զանազան թեւերի հարաբերությունները ծայրաստիճան սրվել են, եւ այդ պրոցեսը շարունակում է անշեղորեն խորանալ»: Զրուցելով թե’ «Արդարություն» դաշինքի, թե’ «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչների հետ՝ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը փոխանցում է. - «Հետագա մարտավարության հարցում ընդդիմության երկու ճամբարում էլ կատարյալ ներդաշնակություն է. երկուսն էլ, ըստ էության, սպասում են, որ իշխանափոխություն իրականացնի իշխանությունը` որեւէ այլ երկրի իշխանություն»: «Ընդդիմությունն անհարկի ակտիվություն չպետք է ցուցաբերի, պիտի շարունակի ձգել լռության իր պաուզան, որպեսզի իշխանական բուրգը քայքայվի», - ձեւակերպում են ընդդիմադիրները, որոնց մոտեցմամբ, այսօր ընդդիմության խնդիրը մեկը պետք է լինի՝ «ընտրել ճիշտ պահը եւ հասարակության մեջ կուտակված էներգիան օգտագործել ճիշտ պահին»։ Իսկ ճիշտ պահն ընտրելը, ըստ թերթի, քաղաքական վերլուծության խնդիր է, թեեւ տեղեկություններ կան նաեւ, որ որոշ ընդդիմադիրներ այս հարցում էլ դիմում են աստղագուշակների օգնությանը:

«Ժողովրդական պատգամավոր» խորհրդարանական խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ընդգծում է. - «Իշխանությունը եւ ընդդիմությունը քաղաքական ընդհանուր օրգանիզմի բաղկացուցիչներն են. մեկի բացակայությունն ուղղակիորեն հուշում է, որ օրգանիզմը լրիվ, ամբողջական չէ, թերի է։ Այս թերությունը պետք է վերացնել. սա բոլորիս խնդիրը պետք է լինի»: «Ամուր պետական համակարգ ունենալու համար բուրգի մաս պետք է կազմեն բոլոր այն սոցիալական խավերն ու հասարակական խմբերը, որոնք օտարված են իշխանությունից, չեն մասնակցում որոշումներ ընդունելու գործընթացին», - կարեւորում է «Ժողպատգամավոր» խմբի ղեկավարը։ Մյուս կողմից, նա մատնանշում է. - «Կուսակցական պատկանելության սկզբունքով պաշտոններ բաժանելու գործընթացը այնպիսի մառազմատիկ դրսեւորումներ է ստացել, որ հիմա արդեն միջկուսակցական վեճերը իջել են հավաքարարների աշխատատեղերը բաշխելու մակարդակի»։

«Առավոտ» թերթն այսօր կրկին անդրադարձել է. - «Չնչին աշխատավարձ ստացող մեր չինովնիկները քաղաքով մեկ բացահայտորեն շրջում են «համմերներով» եւ «մերսեդեսներով», կառուցվում են շքեղ առանձնատներ, ռեստորաններ եւ խաղատներ, սակայն երբ մամուլի աշխատակիցները փորձում են ճշտել, թե, կներեք, այդ ի՞նչ միջոցներով ենք ձեռք բերում այդ ամենը, անմիջապես հետեւում է «սուխոյ ատկազը»: Իբր՝ առանձնատունն իմը չէ, մեքենան ընկերս է տվել քշելու, իսկ խաղատուն կյանքումս ոտք չեմ դրել»: «Հիշո՞ւմ եք մի դեպք, երբ անաշխատ եկամուտներով հարստություն դիզած մի պետական ծառայող, որի մասին մամուլում հրապարակում է եղել, հրաժարական տար... Իսկ որ մամուլում տեղ գտած նյութերը հիմք ընդունելով՝ բարձրաստիճան ղեկավարությունը կամ, ասենք, դատախազությունը ծառայողական հետաքննություն անցկացնեն, դա արդեն ֆանտաստիկայի ոլորտից է», - արձանագրում է «Առավոտ»-ը: - «Հայաստանում ոչ ոք կոռուպցիայի մեջ մեղադրվելու կասկածով հրաժարական չի տա: Մեր իշխանություններն ընդհանրապես թքած ունեն ամեն կարգի քննադատության վրա»: «Իսկ «Ա1+»-ը փակում են, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները եթեր չեն թողնում թերեւս ներքաղաքական կայունությունը պահպանելու համար... Դա արդեն պետական խնդիր է», - հեգնում է «Առավոտ»-ը:

«Ինչո՞վ են զբաղված Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, Սոչիի եւ Դոնի Ռոստովի հյուպատոսությունները», - տարակուսում է «Ազգ» թերթի մեկնաբանը՝ նկատի ունենալով, որ նրանք անհրաժեշտը չեն անում ռուս – վրացական սահմանին ծանր վիճակի մեջ հայտնվող հայաստանցիներին օժանդակելու-ուղղորդելու համար: Ընդհանուր առմամբ, մեկնաբանը փաստում է. - «Ե’վ Հարավային Օսիայի, ե՛ւ Վրաստանի իշխանություններն այդ նույն մարդկանց դժբախտության հաշվին փորձում են քաղաքական խնդիրներ լուծել: Հետ չի մնում նաեւ Ռուսաստանը... Փորձում է հայերի միջոցով վարկաբեկել վրացական իշխանություններին, բարդություններ ստեղծել Երեւան- Թբիլիսի փոխհարաբերություններում»: «Ազգ»-ում ամփոփված է. - «Հայաստանը պարտավոր է բոլոր միջոցները գործի դնել՝ թույլ չտալու իր քաղաքացիների մուտքը Հարավային Օսիա, քանի դեռ ռուս-վրացական սահմանային կետերը բնականոն չեն գործում: Իսկ եթե այս պահին Երեւանն ուղղակի ի զորու չէ արդեն իսկ ծանր վիճակում հայտնված մի քանի տասնյակ իր քաղաքացիներին դուրս բերել Էրգնեթիից, ապա պետք է դիմել միջազգային կազմակերպություններին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG