Մատչելիության հղումներ

Դայնը հորդորում է Հայաստանի նախագահին հեռուստաեթեր վերադարձնել «Ազատություն» հեռուստածրագիրը


(Պրահա/Վաշինգտոն – 19-ը հոկտեմբերի, 2004). - Այսօր «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Ա. Դայնը նամակ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ դատապարտելով հայաստանյան «Կենտրոն» մասնավոր հեռուստաընկերությամբ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության «Ազատություն» լրատվական-վերլուծական հեռուստածրագրի հեռարձակման՝ «խորհրդային ոճով» դադարեցումը: Դայնը նախագահ Քոչարյանին հորդորում է «դատապարտել խորհրդային տարիների ոգով ձեռնարկված քամահրական քայլը եւ օգնել՝ եթեր վերադարձնելու «Ազատություն» հեռուստածրագիրը»:

Նամակում Դայնը հայտարարում է, որ ինքը «հաստատակամ է «Ազատություն»-ը եթեր վերադարձնելու հարցում եւ ջանքեր չի խնայի դրան հասնելու համար՝ ներառյալ Բուշի վարչակազմում, Միացյալ Նահանգների կոնգրեսում, Եվրոպայի խորհրդում եւ ամբողջ աշխարհի հասարակական կազմակերպություններում հարցը բարձրացնելը»:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության կողմից պատրաստված եւ նորություններ ու վերլուծական նյութեր մատուցող նոր հեռուստածրագիրը հոկտեմբերի 13-ին անսպասելիորեն հանվել էր հայաստանյան «Կենտրոն» հեռուստաընկերության ծրագրից՝ առաջին անգամ հեռարձակվելուց եւ դրվատական գնահատականների արժանանալուց երեք օր անց: Թեեւ «Կենտրոն» հեռուստաընկերության ղեկավարությունը որեւէ մեկնաբանություն չի արել որոշման առնչությամբ, մեծ կասկածներ կան, որ «Կենտրոն»-ի վրա ճնշում է գործադրվել, որպեսզի դադարեցնի հեռուստածրագրի հետագա հեռարձակումը՝ պաշտոնական կամ տեղական մրցակից լրատվամիջոցների շահագրգռվածության հետեւանքով:

«Ազատության» հեռուստածրագրի դադարեցումը հոկտեմբերի 14-ին լայնորեն լուսաբանվել է հայաստանյան մամուլում: «Առավոտ» օրաթերթը հայտարարել էր, թե ծրագրի դադարեցման գործում դերակատարություն է ունեցել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, «որը շահագրգռված է, որ ռադիոկայանի հեռուստածրագիրը միայն Հ1-ի եթերում լինի՝ բարձր վճարի դիմաց»: «Առավոտ»-ի՝ հոկտեմբերի 15-ի համարում տպագրված հարցազրույցում Հարությունյանը հերքել է, թե որեւէ առնչություն է ունեցել «Ազատության» հեռուստածրագրի դադարեցմանը: Նախագահ Քոչարյանին հղած իր նամակում Դայնը, այդուհանդերձ, փաստում է, որ «անձամբ տեղեկացվել էր, թե հեռարձակման դադարեցումը բարձրաստիճան հայ պաշտոնյայի ճնշման արդյունք է եղել»:


(Լուսանկարում՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Դայնը եւ ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ ընդունելության ժամանակ: Ապրիլ, 2004 թվական:)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG