Մատչելիության հղումներ

Չինաստանի արտգործնախարարը գոհ է հայաստանյան հանդիպումների արդյունքներից


Չինաստանի արտաքին գործերի նախարար Լի Չժաոսինը, որի գլխավորած պատվիրակությունը Երեւան էր ժամանել երեկ ուշ երեկոյան, այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահի, վարչապետի, արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելով հիմնականում տնտեսական համագործակցության խնդիրներ:

«Շատ լավ բանակցություններ եմ ունեցել Հայաստանի նախագահի, վարչապետի, արտգործնախարության գործընկերների հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Լի Չժաոսինը: - «Իմ այցի միակ նպատակը Հայաստանի նախագահի՝ անցյալ ամիս Չինաստան կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելն է: Երկու երկրները բազմաթիվ պայմանավորվածություններ էին ձեռք բերել, եւ իմ գործն է հանդիպել գործընկերների հետ, իրականացնել այդ պայմանավորվածությունները, էլ ավելի զարգացնել ու խորացնել մեր երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, առեւտրային եւ միջազգային հարաբերություններում»:

Չժաոսինի խոսքերով, հանդիպումների ընթացքում իրենք «համաձայնության են եկել շատ հարցերի շուրջ»:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ընդունելով Լի Չժաոսինի գլխավորած պատվիրակությանը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանն ու Չինաստանն ունեն համագործակցության լայն սպեկտր, նկատի առնելով նաեւ այն, որ երկու երկրները չունեն քաղաքական խնդիրներ, իսկ միջազգային հրատապ շատ պրոբլեմների վերաբերյալ հանդես են գալիս գրեթե նմանատիպ մոտեցումներով:

«Առեւտրատնտեսական համագործակցությունը համարելով երկկողմ հարաբերություններ կարեւոր տարր եւ առաջնահերթ ուղղություն, կողմերը քննարկել են Չինաստան այցի ընթացքում Հայաստանի նախագահի ձեռք բերած պայմանավորվածությունները եւ դրանք գործնական արդյունքների վերածելու հարցերը: Հատկապես կարեւորվել է համագործակցությունը գյուղատնտեսության, քիմիայի, գիտատեխնիկական ոլորտներում», - տեղեկացնում է նախագահ Քոչարյանի մամլո գրասենյակը՝ ավելացնելով, որ հանդիպման ընթացքում Լի Չժաոսինը ընդգծել է, որ Չինաստանի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համագործակցությանը: - «Չինական կողմի գնահատմամբ, երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար առանցքային նշանակություն ունի նախագահ Ռոբերտ Քոչարյանի` վերջերս Չինաստան կատարած պետական այցը»:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ընդունելով չինական պատվիրակությանը, գոհունակությամբ ընդգծել է իր գլխավորած ՀՀԿ-ի եւ Չինաստանի իշխող կուսակցության միջեւ սերտ համագործակցության եւ բարեկամական հարաբերությունների հաստատման փաստը:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, վարչապետը նշել է, որ Հայաստանը հետեւողականորեն հանդես է գալիս աշխարհի առաջատար երկրներից մեկի` Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին` դրանք դիտարկելով իր արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանակում: Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Չինաստանը այսուհետ եւս կշարունակի անկողմնակալ եւ օբյեկտիվ վերաբերմունք դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նկատմամբ` դրանով իսկ նպաստելով հիմնախնդրի արդարացի լուծմանը:

Չինաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում երկկողմ ապրաքաշրջանառությունը զգալի աճ է ապրել: Նա վերահաստատել է Հայաստանի ենթակառուցվածքներում խոշորածավալ ներդրումներ կատարելու՝ չինական կողմի պատրաստակումությունը:

Ըստ արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին տրամադրած տվյալների, 2004-ին Չինաստանը 1 միլիոն 200 հազար դոլարի տեխնիկական օգնություն է ցուցաբերում Հայաստանին:

Երկու երկրների միջեւ ամենախոշոր ծրագիրը Չինաստանում կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկություն հիմնելու ծրագիրն է: Այդ ուղղությամբ բանակցությունները սկսվել էին 2000-ին, եւ անցած սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանի Չինաստան կատարած այցելության ընթացքում հարցը վերջականապես լուծվել է. Չինաստանում կառուցվելու է կաուչուկի գործարան, որի ֆինասավորումը կատարելու է չինական կողմը, իսկ Հայաստանը մասնակցելու է գիտատեխնիկական ներուժով, կաուչուկի արտադրության տեխնոլոգիաներով ու սարքավորումներով:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG