Մատչելիության հղումներ

Տարադրամով փոխանցումները ծավալը Հայաստան շարունակում է աճել


Ինչպես երկուշաբթի օրը հայտարարել է Հայաստանի կենտրոնական բանկը, այս տարվա առաջին 9 ամիսներին դրսից Հայաստան է փոխանցվել ավելի քան կես միլիարդ դոլար՝ 1,5 անգամ ավելի, քան անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում։

Ընդ որում, արտարժույթի գերակշիռ մասը՝ մոտ 55 տոկոսը իրենց ընտանիքներին փոխանցել են Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցները, եւս 15 տոկոս փոխանցվել է Միացյալ Նահանգներից, մնացյալը՝ այլ երկրներից։

Ուշագրավ է, որ այս նույն ժամանակաշրջանում Հայաստանից արտերկիր է փոխանցվել շուրջ 330 միլիոն դոլար. ընդ որում դոլարի արտահոսքն ավելի արագ է աճել, քան ներհոսքը։ Դեպի դուրս արտահոսած արտարժույթի առյուծի բաժինն ուղղվել է Միացյալ Արաբական Էմիրություններ, մի մասը՝ վերստին Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան։

«Արտահոսքը ունի բիզնես բովանդակություն, ներհոսքը՝ սպառողական», - արտարժույթի նման երկկողմանի հոսքերը գնահատելով՝ բնորոշեց Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նրա մեկնաբանությամբ, մարդիկ դրսից գումարները փոխանցում են ընտանիքներին, որոնք դրանցով գնումներ են անում ապրանք վաճառողներից, իսկ վերջիններս էլ արտարժույթն հավաքելով վերստին դրսից ապրանք են ներմուծում։

Այդուհանդերձ, Կենտրոնական բանկի պատասխանատուների հավաստմամբ, այս տարին հատկանշական է նաեւ նրանով, որ արտարժույթի այսպես կոչված զուտ ներհոսքը, այսինքն՝ ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը, աննախադեպ աճ է գրանցել՝ անցյալ տարվա 9 ամիսների համեմատ ավելանալով մոտ 40 միլիոն դոլարով։

Բնականաբար, «ավելցուկ» դոլարի այս անձրեւը ուղղակի բումերանգի պես է գործել՝ արժեզրկելով հենց նույն դոլարը. վերջին երեք ամիսների ընթացքում դոլարն արժեզրկվել է ավելի քան 12 տոկոսով։ Այս ամենին Կենտրոնական բանկում շատ հանգիստ են նայում՝ փաստելով, որ դրամի փոխարժեքի կայունացումը իրենց խնդիրը չէ. երկրի գլխավոր դրամատան համար կարեւորը գների մակարդակը կայուն պահելն է, իսկ փոխարժեքի հարցում պասիվ դիտորդի դերն էլ բավարար է:

Դոլարի փոխարժեքի կտրուկ անկումը ամենեւին էլ անվնաս ու անհետեւանք գործընթաց չէ։ Փոխարժեքի կտրուկ փոփոխությունը լրջորեն վերաբաշխում է ինչպես ընտանիքների, այնպես էլ գործող բիզնեսների եկամուտները։ Այն ընտանիքները, որոնք դրսից դոլարային փոխանցումներ են ստացել, բնականաբար, այս ընթացքում կորուստ են ունեցել, քանի որ այլ հավասար պայմաններում դրամով արտահայտված գներն աճել են։

Մյուս կողմից, դոլարի փոխարժեքի կտրուկ անկումից կորցրել եւ կորցնում են այն գործարարները, որոնք զբաղված են ինչպես ներքին, այնպես արտաքին շուկաների համար ապրանքների արտադրությամբ ու արտահանմամբ։

Դրամի արժեվորումից շահում են բոլոր ներկրողները։ Օրինակ, Հայաստանում ավտովառելիքի գների աճը վերջին երեք ամսվա ընթացքում, փաստորեն, հնարավոր է եղել զսպել դոլարի փոխարժեքի կտրուկ անկման հաշվին։ Բենզին ներկրողները ներկրած նույն քանակի, սակայն, զգալիորեն թանկացած վառելիքը նույն գնով վաճառելուց ստացած դրամական հասույթով կարողանում են ավելի շատ դոլար գնել, քանի որ վերջինս այս ընթացքում արժեզրկվել է։ Բնականաբար, եթե դրամը չարժեվորվեր, բենզինի եւ դիզվառելիքի գները անհամեմատ բարձր կլինեին՝ լիտրի հաշվով առնվազն 35-40 դրամով։

Դոլարի արժեզրկումից զգալիորեն շահել են նաեւ մյուս շահաբեր ներկրումներով՝ ասենք, շաքարավազի, հացահատիկի, գազի ներմուծումներով ու վաճառքով զբաղված ընկերությունները։ Դոլարի արժեզրկումից շահել եւ շահում է նաեւ կառավարությունը, որը էժանացած դոլարը շուկայից հավաքելով, կարողանում է ավելի քիչ ծախսերով սպասարկել երկրի արտաքին պարտքը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG