Մատչելիության հղումներ

Vox Populi. Հայաստանցիները կողմնորոշված են թե’ դեպի Ռուսաստան, թե’ դեպի Արեւմուտք


Հայաստանի հանրությունը գնալով ավելի կոմպլեմենտար է դառնում՝ գրեթե հավասարապես կողմնորոշվելով թե’ դեպի Արեւմուտք, թե’ դեպի Ռուսաստան։ Դա է վկայում վերջին հարցումը, որը սեպտեմբերի երրորդ տասնօրյակում Հայաստանի տարածքում անցկացրել է «Ընտրական համակարգեր» կենտրոնի Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը։

1095 հարցվածների 14 տոկոսը նախընտրելի է համարում, որ Հայաստանը ղեկավարեն այն քաղաքական գործիչները, ովքեր Հայաստանի արտաքին ինտեգրացիայի հարցում կողմնորոշված են բացառապես դեպի Ռուսաստանը։

Ճիշտ նույնքան մարդ՝ ուղիղ 14 տոկոսն էլ պատասխանել է՝ բացառապես դեպի Արեւմուտք։ Բայց հայաստանցիների ամենամեծ հատվածը՝ 26 տոկոսը կցանկանար, որ հանրապետության ղեկավարները հավասար հարաբերություններ պահպանեին թե’ Ռուսաստանի, թե’ Արեւմուտքի հետ։

Նույնը չէ վերաբերմունքը Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության նկատմամբ։ Այստեղ թեքումը դեպի Ռուսաստանն է։ Թեեւ հարցվածների ամենամեծ հատվածը՝ 29 տոկոսը ցանկանում է, որ Հայաստանը ռազմական բնագավառում հավասարապես ինտեգրվի թե’ Ռուսաստանի, թե’ Արեւմուտքի հետ, հստակ միակողմանի դիրքորոշումների կողմնակիցների թիվը տարբեր է՝ ռազմական բնագավառում բացառապես Ռուսաստանի հետ է ցանկանում ինտեգրվել հայաստանցիների 18 տոկոսը, մինչդեռ բացառապես Արեւմուտքի հետ՝ ընդամենը 8 տոկոսը։

Եվ վերջապես հարցին, թե որտեղ կնախընտրեին լինել հայաստանցիները՝ ԱՊՀ-ի՞, թե՞ Եվրամիության կազմում, հարցվածների 72 տոկոսը, այսինքն՝ երկու երրորդից ավելին խոստովանել է, որ ցանկանում է Եվրամիությունում լինել։ Իսկ ԱՊՀ-ում կցանկանար մնալ հայաստանցիների ընդամենը 26 տոկոսը։

Այս թվերն ու փաստերը մեկնաբանելու՝ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքը Vox Populi-ի աշխատակիցները մերժեցին։ Փոխարենը տրամադրեցին համեմատական թվեր, քանզի նույն հարցումը նույն մեթոդոլոգիայով անցկացվել էր նաեւ Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում եւ Ղազախստանում։ Եզրակացությունը հետեւյալն է. 5 երկրների թվում, որտեղ տրվել են հարցերը, հայաստանցիները ամենաեվրոպամետն են։ Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում եւ Ղազախստանում բնակչության մեկ երրորդից պակասն է ձգտում դեպի Եվրամիություն, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը 72 տոկոս է։

Մյուս կողմից, ԱՊՀ-ի նկատմամբ ամենաքիչ համակրանքը Հայաստանում է՝ ընդամենը 26 տոկոս: Մինչդեռ թե’ Ռուսաստանում, թե’ Ուկրաինայում, թե’ Բելառուսում եւ թե’ Ղազախստանում 50 հարցվածների տոկոսից ավելին կողմնակից են ԱՊՀ-ին։



Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG