Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 16-ը հոկտեմբերի)

«Հայկական ժամանակ» թերթում այսօր կա այսպիսի մի հրապարակում. - «ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը հասարակությանը կոչ է անում պատրաստվել Քոչարյանի պաշտոնանկությանն ու արտահերթ նախագահական ընտրությունների: Իսկ պաշտոնանկության պատճառը, ըստ Եղիազարյանի, լինելու է ոչ թե ընդդիմության շարժումը, որպիսին այլեւս գոյություն չունի, այլ Զանգելանի, Ֆիզուլիի եւ Կուբաթլիի հանձնումն Ադրբեջանին, ինչը նախկին պատգամավորը համարում է կայացած փաստ»: Նա նաեւ ասում է. - «Քոչարյանը երեք հիմնական թեկնածու ունի, որոնցից մեկին՝ այն պահին, երբ կհանձնի Արաքսի ափով տեղակայված երեք շրջաններն ու հրաժարական կտա, կփորձի պարտադրել ժողովրդին. Արթուր Բաղդասարյանն է, Աղվան Հովսեփյանն ու Դավիթ Հարությունյանը: Ես միանշանակ բացառում եմ այն վարկածը, որ Քոչարյանը կարող է հանկարծ իշխանությունը հանձնել Սերժ Սարգսյանին»: Ընդհանուր առմամբ, ըստ Գուրգեն Եղիազարյանի, «Քոչարյանը դիտավորյալ, հատուկ դիվերսիոն ծրագրով Հայաստանը տանում է կործանման, որովհետեւ նա այս երկիրը չի սիրում մեկ պատճառով՝ Հայաստանի ժողովուրդն իրեն չի ընտրել, եւ նա մինչեւ իր վերջին օրը վրեժխնդիր է լինելու ժողովրդից»: Ահա այսօրինակ մեկնաբանություններ ու արտահայտություններ նկատի ունենալով, «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը ձեւակերպում է. - «Երբ քաղաքական դաշտին համատարած ճահճացում է սպառնում, երբ բարիկադների մի կողմում կյանքի հաճույքներն են վայելում, իսկ մյուս կողմում անգործությունից տառապում են, քաղաքականամերձ հասարակությանը զբաղեցնելու համար շրջանառության մեջ են մտցվում ամենաէկզոտիկ բամբասանքներ եւ արվում են ամենաանհավանական բացահայտումներ»: Սրանց շարքին է մեկնաբանը դասում եւ արտգործնախարար Օսկանյանին մեղադրող եւ նրա մոտալուտ հրաժարականը կանխորոշող վերջին շրջանի մի շարք հրապարակումներ: «Կառավարության, պաշտպանության նախարարի հրաժարականի, կադրային այլ փոփոխությունների շուրջ ասեկոսեները դեռ երկար կմնան սիրված թեմաներից, բայց», - ընդգծվում է «Գոլոս Արմենիի»-ում, - «նորմալ տրամաբանության տեսանկյունից ներկայումս նման փոփոխությունների, ինչպեսեւ խորհրդարանի լուծարման համար որեւէ նախադրյալ չկա»: Ինչ վերաբերում է քաղաքական ընդդիմությանը, մեկնաբանը գրում է. - «Քանի որ ընդդիմությունը արդեն համակերպվել է, որ ընդունակ չէ կոնկրետ գործողություններով արդարացնել իր գոյությունը, նրա հիմնական ուրախությունը դարձել են ներիշխանական հակասությունները: Բայց հնարավոր է ընդդիմությունից փախչողների, մասնավորապես՝ խորհրդարան վերադարձողների թեման օրախնդիր դառնա կառավարության կազմի փոփոխություններից շատ ավելի շուտ»:

«Լրագրողները կրակն են ընկել ստախոս եւ սեփական ասածից հրաժարվող գործիչների ձեռքը», - վրդովվում է այսօր «Առավոտ» թերթի մեկնաբանը: - «Նախ [պատգամավորներից] Հակոբ Հակոբյանն էր լրագրողներին պարտադրում ձայնագրել իր վիրավորանքը Մհեր Շահգելդյանի հասցեին, խոստանում, թե դատարանում կապացուցի այն, անգամ կներկայացնի երկու վկա: Բայց երեւի մի քիչ ճնշեցին, ու Հակոբ Հակոբյանը մեկ փորձեց իր ասածն այլ կերպ մատուցել, իսկ հետո էլ ընդհանրապես հրաժարվեց... Իսկ երեկ էլ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը հրաժարվեց ԱԺ նախագահի հասցեին հրապարակավ արված իր արտահայտությունից եւ մեղքն էլի գցեց լրագրողի վրա»: «Առավոտ»-ի խմբագրականն էլ շեշտում է. - «Անհրաժեշտ է անհապաղ ընդունել դեպուտատական էթիկայի կոդեքս: Նման եզրակացության մեր որոշ խորհրդարանականներ եկել են ԱԺ-ում տեղի ունեցած բոլորին հայտնի աղմկահարույց պատմությունից հետո, երբ, ըստ էության, չարաշահումներում մեղադրվող պատգամավորը պատասխանեց զուտ սեքսուալ ամբաստանություններով»: «Մեզ մոտ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ընդդիմությունը իրեն շատ ավելի քաղաքակիրթ ու լուրջ է պահում, քան մյուսները՝ իշխանության եռագլուխ կուսակցությունը եւ անկուսակցական ճահիճը», - որակում է «Առավոտ»-ը: - «Թերեւս բանն այն է, որ քրեական տարրեր ու թաղային հեղինակություններ ընդդիմության շարքերում համարյա չկան, ինչը չես ասի իշխանական մեծամասնության մասին: Մեծամասնության ներկայացուցիչները, ի տարբերություն վրացի խորհրդարանականների, ԱԺ շենք, ճիշտ է, չստերով ու ներքնաշապիկներով չեն ներկայանում, հակառակը՝ նրանց կարելի է հանդիպել միայն թանկարժեք (որպես կանոն՝ զոլավոր) կոստյումներով, բայց նրանք անընդհատ հիշեցման անհրաժեշտություն են զգում, որ հասարակական վայրերում, առավել եւս՝ խորհրդարանում, չի կարելի մայր հայհոյել, քիթը փորել (կարող են ուղեղները վնասել) եւ բռունցքներ ճոճել: Հիմա արդեն կարելի է պատկերացնել, թե խորհրդարանի էթիկայի կոդեքսը որքան զավեշտական կետեր կունենա: Աշխարհին չծիծաղեցնելու համար թերեւս ճիշտ կլինի այդ կոդեքսի ընդունումը հետաձգել՝ մինչեւ ավելի լավ ժամանակներ», - խորհուրդ է տալիս «Առավոտ»-ը:

Անդրադառնալով հայ բժիշկներին եւ վարորդներին Իրաք գործուղելու խնդրին, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը «Հայոց աշխարհ»-ի թղթակցին ասել է. - «Չէի ցանկանա, որ ասածս ընկալվեր իբրեւ դաժանություն, բայց տվյալ դեպքում նժարի վրա է այն, ինչ կարող է ստանալ մի ողջ երկիր, իսկ մյուս կողմում փոքրաթիվ Իրաքի հայ համայնքի խնդիրները: Այս ակցիայից ակնկալվելիք դրական արդյունքը ավելին է, քան հնարավոր բացասականը: Մյուս կողմից՝ ավելի քան վստահ եմ, որ Հայաստանի ղեկավարությունն այդ որոշումն ընդունելիս նախօրոք տեղյակ է պահել իր գլխավոր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին, եւ հավանաբար Մոսկվայից լուրջ առարկություններ չեն եղել»: Քաղաքագետը նաեւ համոզված է. - «Եթե Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, հայությունն ու Հայաստանը պետք է օրակարգից հանեն Ցեղասպանության հարցը: Որովհետեւ Հայաստանն այդ հարցը միայնակ լուծել չի կարող, միայն փորփրելու է սեփական վերքը՝ իր համար ստեղծելով ոչ միայն հոգեբանական, այլեւ դիվանագիտական, քաղաքական եւ տնտեսական պրոբլեմներ՝ հզոր հարեւանի հետ չլուծված հարաբերությունների արդյունքում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG