Մատչելիության հղումներ

Հրատարակվել է նոր ուղեցույց փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար


«Երեւան» հյուրանոցում այսօր տեղի ունեցավ «Գործարարի ճանապարհային քարտեզ. ինչպես գրանցել ձեր բիզնեսը» ուղեցույցի շնորհանդեսը, որը պատրաստել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Միկրոձեռնարկատիրության զարգացման նախաձեռնությունը եւ Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը:

Դիմելով շնորհանդեսին հրավիրված հյուրերին, գործարարներին, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Մարշալ Էվանսը ասաց, թե Հայաստանի գործարարների առջեւ ծառացած լրջագույն խոչընդոտներից մեկը կառավարության ընթացակարգերի վերաբերյալ գործարարների ունեցած տեղեկատվության պակասն է:

Էվանսը մեջբերեց Լենինի խոսքերը, թե՝ «գիտելիքը ուժ է», եւ շեշտեց, թե ձեռնարկատերերի ուղեցույցը «կլրացնի տեղեկատվական բացը, նրանց կապահովի նոր հնարավորություններով եւ լծակներով»։

Հայաստանի Փոքր եւ միջին ծեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Ռշտունի Մարտիրոսյանի համոզմամբ, գործարարին մատուցվող այս նոր ուղեցույցը նրան թույլ կտա նվազեցնել բիզնեսի գրանցման ծախսերը, ինչպես նաեւ խնայել ժամանակը։

Մարտիրոսյանի խոսքերով, վերջին տարվա ընթացքում փոքր եւ միջին բիզնես ունեցած մասնաբաժինը ստեղծվող եկամուտների եւ պետական գանձարան փոխանցվող հարկերի մեջ շարունակել է աճել։ Զանգվածային փոքր բիզնեսը արդեն ստեղծում է երկրի համախառն ներքին արդյունքի 40 տոկոսը, պետական բյուջեի հարկային մուտքերի 38 տոկոսը։ Դրան որոշ առումով նպաստել են նաեւ պետական աջակցության ծրագրերը, մասնավորապես, փոքր բիզնեսի վարկավորման երաշխիքային ծրագիրը, որը արդեն անցել է փորձնական փուլը, եւ նոյեմբեր ամսից կդառնա մշտապես գործող ծրագիր։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG