Մատչելիության հղումներ

Իրաքում պատանդառված Նալբանդյանը վերադարձավ Բեյրութ


Երեկ լիբանանցի Արամ Նալբանդյանը, որը գրեթե մեկ ամիս պատանդ էր Իրաքի Ֆալուջա քաղաքում, վերադարձել է Բեյրութ։

Նալբանդյանը իր լիբանանցի գործընկեր Չարբել Հաջի հետ 27 օր պատանդ էր պահվում իրաքցի զինյալների մոտ։ Նրանց հետ էր նաեւ վարորդ Ահմեդ Միրզան։ Սեպտեմբերի 17-ին զինյալները կանգնեցրել էին նրանց մեքենան Ֆալուջայի ճանապարհին։ Մեքենայում էր նաեւ Ֆադի Յասինը, որը ղեկավարում էր CiCi ընկերությունը, որտեղ աշխատում էին պատանդառվածները։ Անհասկանալի հանգամանքներում ղեկավարին հաջողվեց մի քանի օր անց ազատվել, իսկ Արամ Նալբանդյանը եւ երկու արաբները մնացին պատանդ։

«Մենք ամեն օր սպասում էինք մահվան», - ասում է տուն վերադարձած Նալբանդյանը։

Մինչ պատանդները գերության մեջ փորձում էին գուշակել իրենց ճակատագիրը, ընկերության ղեկավարը, որին ըստ երեւույթին ազատ էին արձակել փրկագին բերելու նպատակով, միջնորդների միջոցով բանակցություններ էր վարում։ Վերջապես պատանդառուները համաձայնեցին 100 հազար դոլար փրկագնի դիմաց ազատ արձակել Արամ Նալբանդյանին եւ մյուս երկու պատանդներին։

Սակայն հենց այն օրը, երբ միջնորդը պետք է բերեր գումարը, ամերիկացիները հարձակվեցին եւ հրետակոծեցին այն շենքը, որտեղ գտնվում էին պատանդները։ Բոլոր զինյալները սպանվեցին, սպանվեց նաեւ վարորդ Միրզան։ Իսկ Արամն ու Չարբելը երկու ժամ մնացին փլատակների տակ մինչեւ տեղացիները մաքրեցին դրանք եւ փրկեցին լիբանանցի պատանդներին։



Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG