Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «Հայկական ժամանակ» թերթի՝ «որ արտաքին գործերի նախարարը մի տեսակ դեպրեսիայի մեջ է, դա նկատում են անգամ նրա գործընկերները՝ կառավարությունից»: Որպես դրա դրսեւորում է «Հայկական ժամանակ»-ը դիտարկում եւ Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե «գոնե այս վերջին 5-6 տարվա ընթացքում իսկապես չեմ լսել մի լուրջ երկրի կողմից, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվին»: Տարբեր աղբյուրներից եւ լրատվական գործակալություններից մեջբերով հակառակը վկայող փաստագրումներ, մեկնաբանը խտացնում է. - «Այնպիսի «անլուրջ» պետությունների, ինչպիսին ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի ու Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներն են, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, հաստատել են, որ իրենց երկրները ղարաբաղյան հիմնահարցի լուծումը տեսնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում»:

«Թարմացել են «Սերժի ու Ռոբերտի» տարաձայնությունների մասին հրապարակային ու ստվերային քննարկումները», - անդրադառնում է այսօր «Այբ-Ֆե» թերթը: - «Պատմում են, թե Սերժ Սարգսյանի առաջխաղացումը կասեցնելու ինչ բազմաքայլ կոմբինացիաներ է մտահղանում Ռոբերտ Քոչարյանը: Մեր գնահատմամբ, Քոչարյանը շատ էլ երջանիկ կլինի, եթե կարողանա իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցել: Ուրիշ որեւէ տարբերակի դեպքում նա անվտանգության 100 տոկոսանոց երաշխիքներ չի ունենա: Ըստ ամենայնի իրենց հակասությունների մասին լուրերը հենց իրենք են տարածում. եթե գործը պահանջի, կարող են այնպես կազմակերպել, որ Քոչարյանին պաշտոնանկողը հենց պաշտպանության նախարարը լինի», - ուրվագծում է «Այբ-Ֆե»-ն:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի այն հեգնանքի առիթով, թե դաշնակցականները նոր բառ են սովորել, բայց չգիտեն որտեղ օգտագործել, Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթը հակադարձում է. - «Ամեն դեպքում, միայն այն, որ հայրենի քաղաքական գործիչներից ոմանք թերեւս առաջին անգամ քաղաքագիտական տերմինների առնչվելու հնարավորություն ստացան, նշանակում է ասուլիսի որոշակի հաջողություն: Քանզի ոմանք, թերեւս, ասուլիսից իմացան, թե իրենց իշխանությունն ինչ տերմինով է բնութագրվում (փողի իշխանություն-պլուտոկրատիա), թե իրենք ինչ չեն կարողանում անել (օրենքների տեղայնացում-իմպլեմենտացիա)»:

«Ըտրական օրենսգիրքը, թերեւս պիտի բաղկացած լիներ ընդամենը երկու հոդվածից: Առաջինը՝ պատգամավորի տեղը փոխանցվում է ժառանգաբար՝ ընտանիքի մեկ անդամից մյուսին: Եվ երկրորդը՝ եթե ժառանգորդ չկա, Ազգային ժողովում այդ տեղը վաճառվում է աճուրդով»: Այս մտքերը «Առավոտ» թերթին պատել են թիվ 27 ընտրատարածքում եղբոր փոխարեն Առաքել Մովսիսյանի անմրցակից առաջադրման հետ կապված: «Ինչ վերաբերում է կոնկրետ Շմայսին, ապա նա, ինչ խոսք, անբիծ կերպար է եւ միանգամայն հարիր մեր այսօրվա խորհրդարանին», - գրում է «Առավոտ»-ը: - «Բացի այն, որ նրա մտավոր մակարդակը եւ ուղեղը կարծես թե ստեղծված են օրինաստեղծ աշխատանքի համար, նա ունի նաեւ կոնկրետ արժանիքներ: 1999-ին դատապարտվել է թմրանյութերի ու խարդախության հոդվածներով: Մասնավորապես, ըստ քրեական գործի՝ նա գրպարել էր գյուղացիներին հասնող հումանիտար ոսպը: 2003 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլի ժամանակ նա իր հայրենի Էջմիածնում ծեծկռտուք էր սարքել՝ բնականաբար, հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Մի խոսքով, դրական կերպար է, Հայաստանի ներքաղաքական կայունության երաշխավոր: Այդպիսիները մեր ներկայիս Ազգային ժողովում շատ են: Նրանք բոլորն էլ «էս ժողովրդի համար շատ բան են արել»: Եվ բոլորն էլ կայունության երաշխավորներ են: Այնպես որ, մի Շմայսով ավելի, մի Շմայսով պակաս՝ մեր բարձրագույն օրենսդիր մարմինը դրանից չի տուժի», - ամփոփում է «Առավոտ»-ը:

«Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը երեկ մամուլի ասուլիսում այնքան համոզված էր խոսում աբխազական եւ Ադրբեջանից Հայաստան մտնող երկաթուղիների վերագործարկման հնարավորության մասին, կարծես տեղյակ չէր տարածաշրջանում առկա հակամարտություններին եւ թշնամանքին», - տարակուսում է «Ազգ» թերթի մեկնաբանը: - «Ընդհանրապես Լեւիտինի ռուսերենն անհասկանալի էր հայ լրագրողների համար, ինչի պատճառը մեր ռուսերենի վատ իմացությունը չէր»: «Սպիրտահոտ ասուլիս» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն էլ նշում է. - «Չնայած այս հանձնաժողովի դարակազմիկ դերին, ռուսական կողմի համանախագահի պաշտոնը ՌԴ կառավարությունում հետզհետե իջնում է: Լեւիտինի հայտարարությունները ճանապարհների մասին ընդունում են մի տեսակ հումորի բնույթ. երեկ նա սկսեց պատմել, որ իրենք դիտարկում են Ռուսաստան-Հայաստան ցամաքային հաղորդակցության այլընտրանքային տարբերակներ, մասնավորապես՝ Հայաստան - Իրան - Կասպից ծով - Ռուսաստան տարբերակը»: «Ինչ կա որ. կարելի է նաեւ այդպես գնալ, բայց», - համադրվում է «Հայկական ժամանակ»-ում, - «նույն բանը կմաղթեինք մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ին, որպեսզի Մոսկվայից Պետերբուրգ իրենք իրենց բեռները տեղափոխեն Մոսկվա - Ուրալ - Վլադիվոստոկ - Խաղաղ օվկիանոս - Հյուսիսային սառուցյալ օվկիանոս - Մուրմանսկ - Սանկտ Պետերբուրգ երթուղով»:

Ռեժիսոր, հրապարակախոս, արձակագիր Գրիգոր Բաբայանը, որը երեկ հեռացավ կյանքից, «Հայոց աշխարհ» թերթում այսօր բերվող մի վերջին խոսքում խտացրել է. - «Այն, ինչին ամենքս ակնապիշ եւ կամ, ընդհակառակը, ակնախուփ ականատես ենք, երբեմն էլ՝ մասնակից ու հանցակից, հաճախ հիշեցնում է ալքիմիական գործողություն։ Երբ միմյանց խառնելով հնոցում միաձուլում են զանազան ստոր մետաղներ՝ տարբեր խորության կամ ծանծաղության հավատով հուսալով, թե կրակն իջնելուց հետո ձուլածոն կլինի... ոսկի։ Հենց նման գռեհկացված ալքիմիական գործողությունների ենք ականատես հայոց աշխարհի իշխանական լաբորատորիաներում՝ ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ կառավարության մեջ։ Մեկ կամ երկու կաթսայում քլթքլթալով եփվում կամ չեն եփվում տհասությունը, շահամոլությունը, կարիերիզմը, հիմարությունը, ամբարտավանությունը, սրան բոլորն են մասնակից եւ յուրաքանչյուրն իր հերթին չեն դադարում վրդովվել, թե ինչու է այս եփուկի հոտից սրտները խառնում։ Երբեք հնարավոր չէ, որ 40 հիմար, մեկտեղ նստելով, հանկարծ կայացնեն իմաստուն որոշում։ Եվ», - ասում է Գրիգոր Բաբայանը, - «բնավ կարիք չկա լուրջ վերաբերվել խորիմաստությանը, թե «դեռեւս ռեզերվներ կան», որովհետեւ ոչ մի «ռեզերվ» չի կարող լինել ակնկալիքում, որ ժանգոտ թիթեղը հանկարծ կդառնա ոսկի»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG