Մատչելիության հղումներ

logo-print

Օսկանյանը բարձրաստիճան ամերիկացի դիվանագետի հետ քննարկում է Իրաքի, Թուրքիայի հետ կապված հարցեր


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հինգշաբթի օրը Երեւանում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցչի հետ՝ քննարկելով երկկողմ եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդի միջազգային հարցեր, այդ թվում՝ հայ զինվորականներին Իրաք ուղարկելու հետ կապված խնդիրներ:

Վարդան Օսկանյանը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Լորա Քենեդին, ինչպես փոխանցում է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, «մտքեր փոխանակեցին Իրաքում հետպատերազմյան կարգավորման եւ այդ գործում հայկական կողմի հնարավոր մասնակցության շուրջ»: Մանրամասներ չեն հաղորդվում:

Հայ եւ ամերիկացի պաշտոնյաները վերջին մեկ տարվա ընթացքում քննարկում են Իրաք հայ զինվորականների փոքր խումբ (զինվորական բժիշկներ, սակրավորներ եւ վարորդներ) ուղարկելու ծրագիրը:

Իրաքում հայ զինվորականների տեղակայման ծրագրերի դեմ բողոքում են հայաստանյան ընդիմադիր ուժերը եւ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ՝ փաստարկելով, թե դա կարող է վնասել իրաքահայ համայնքին: Վերջինիս ղեկավարները նույնպես հորդորել են պաշտոնական Երեւանին հրաժարվել այդ ծրագրերից:

Հայ պաշտոնյաները, մասնավորապես պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը այդ բողոքներին ու հորդորներին հակադարձել է, թե՝ հայ զինվորականների առաքելությունը «մարդասիրական» բնույթ է կրելու:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, մինչդեռ, երեկ ասաց, որ Իրաք հայ զինվորականներ ուղարկելու հարցում «փոփոխություններ են տեղի ունեցել»՝ կապված այդ երկրից Լեհաստանի զինվորական ստորաբաժանումների հնարավոր դուրսբերման հետ: Հայ զինվորականները Իրաք մեկնելու դեպքում իրենց առաքելությունը իրականացնելու են լեհական ստորաբաժանումների կազմում:

«Լեհերի մոտ է հարց առաջացել, թե արդյոք իրենց ստորաբաժանումներ պիտի պահեն Իրաքում թե ոչ», - ասել էր Մարգարյանը՝ ավելացնելով, որ հարցին կանդրադառնան «որոշակի խնդիրներ պարզվելուց հետո»: - «Կերեւա արդեն իրավիճակից եւ անհրաժեշտությունից»:

Օսկանյանի եւ Քենեդիիի այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման հնարավորությունները:

«Նախարար Օսկանյանը մտահոգություն հայտնեց Թուրքիայի կողմից վարվող շրջափակման քաղաքականության կապակցությամբ` նշելով, որ նման քաղաքականությունը խոչընդոտում է տարածաշրջանային զարգացմանը», - փոխանցել է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:

Ուրբաթ օրը ծրագրված են Քենեդիի հանդիպումները Հայաստանի նախագահ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սարգսյանի հետ:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG