Մատչելիության հղումներ

Իգոր Լեւիտին. «Ռուս-հայկական առեւտրատնտեսական պոտենցիալը լիարժեք չի օգտագործվում Վրաստանի կառավարության ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով»


Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ չորեքշաբթի օրը Երեւանում մեկնարկած միջազգային գործարար համաժողովի իր ելույթում Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը «ոչ կառուցողական» որակեց Վրաստանի կառավարության դիրքորոշումը հարավկովկասյան տրանսպորտային ուղիների շրջափակումը վերացնելու, այդ ուղիները զարգացնելու առումով:

Խոսելով Հայաստանում ռուսաստանյան ներդրումների մասին, Ռուսաստանի տրանսպորտի նախարարը, ով նաեւ Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է, տեղեկացրեց, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանի արտաքին ներդրումների ցուցակում։

Միայն անցյալ տարի, Լեւիտինի փոխանցմամբ, ռուսաստանյան մասնավոր աղբյուրներից Հայաստանում ներդրվել է 68 միլիոն դոլար, իսկ 1988 թվականից ի վեր ռուսաստանյան մասնավոր կապիտալի ներդրումները Հայաստանում կազմել են 230 միլիոն դոլար։

«Սակայն, այդ ներդրումները կարող էին շատ ավելի մեծ լինել, եթե չլինեին տարածաշրջանային բեռնափոխադրումների արգելքները», - շարունակեց Լեւիտինը՝ հավելելով, թե, օգտագործելով Անդրկովկասի հաղորդակցության ուղիները, Ռուսաստանը կարող էր տարեկան մինչեւ 15 միլիոն տոննա բեռներ փոխադրել այլ տարածաշրջաններ, սակայն, այդ հնարավորությունների չնչին մասն է օգտագործվում, քանի որ հարավկովկասյան տրանսպորտային ուղիները շրջափակված են ու թերզարգացած. - «Միեւնույն ժամանակ, ռուս-հայկական առեւտրատնտեսական պոտենցիալը լիարժեք չի օգտագործվում Վրաստանի կառավարության ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով»:

Այսօր եւ վաղը Իգոր Լեւիտինը Հայաստանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ համագործակցության ծրագրերը, մասնավորապես՝ տրանսպորտի եւ բեռնափոխադրումների ոլորտում վերջին շրջանում ծագած խնդիրները։ Նա մտադիր է Հայաստանից մեկնել Ադրբեջան ու Վրաստան՝ այդ երկրների ղեկավարներին համոզելու վերաբացել շրջափակված երկաթուղային հաղորդակցությունը։

«Մենք, իհարկե, հասկանում ենք, թե դա ինչքան բարդ խնդիր է, սակայն, ձեզ հետ միասին, դա մենք պետք է լուծենք», - ընդգծեց ռուս նախարարը։

Տնտեսապես հզորացող ու հարակից շուկաները ներթափանցելուն պատրաստ Ռուսաստանը թերեւս արդեն սկսել է հաշվել այն կոնկրետ կորուստները, որ կորցնում է իր սահմանակից պետությունների միջեւ եղած հակամարտությունների պատճառով: Ուստի փորձում է հաշտեցնել անհաշտ հարեւաններին։ Սա, սակայն, հարցի տնտեսական կողմն է, մինչդեռ տվյալ պարագայում առաջնային են քաղաքական խնդիրները։

«Քաղաքական օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառների առկայությունը որոշակի խոչընդոտներ է ստեղծում ներդրումների համար», - համաժողովում ասաց Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: - «Դրանք, սակայն, ժամանակավոր են, եւ եթե մենք կամք եւ ցանկություն ունենք, ապա, բնականաբար, ինչպես մինչեւ այժմ դա հաղթահարել ենք, միասնական ուժերով հնարավորություն կունենանք նաեւ այս իրավիճակում հաղթահարելու»:

«Այն, ինչ կապված է Ադրբեջանի հետ, բավականին բարդ հարց է», - այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով նույն խնդրին, ասաց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ շարունակելով. - «Դա հարցերից մեկն է, եւ մենք պետք է դրան լուծում տանք»:

Ապաշրջափակման հարցի վերաբերյալ նույն ասուլիսում խոսեց նաեւ ռուսաստանաբնակ հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:
«Հայաստանը շատ փոքր պետություն է, որպեսզի կարողանա ինքն իր հարցերը լուծել: Ցավոք սրտի», - ասաց նա: - «Ամենամեծ հնարավորությունը, որ կարող է ընձեռվել Հայաստանին, դա այն է, որ Ռուսաստանի պես հզոր պետությունը կամ Միացյալ Նահանգները կարողանան մեր շահերը առաջ տանել»:

Ասուլիսի բանախոսները, այդուհանդերձ, չանդրադարձան հարցին, թե տրանսպորտային մայրուղիները բացելու դեպքում Ռուսաստանի եւ մյուս գերտերությունների տնտեսական շահը ի՞նչպիսի զիջումներ կպահանջի հակամարտող կողմերից։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG