Մատչելիության հղումներ

Կապանում լույս տեսնող «Սյունյաց երկիր» շաբաթաթերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը այսօր առավոտյան թերթի խմբագրատանը ծեծի է ենթարկվել «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահի (որն անդամակցում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությանը) եւ երկու այլ անդամների կողմից:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասաց Ալեքսանյանը, միջադեպի շարժառիթը թերթի վերջին համարի հրապարակումներն են:

«Սեպտեմբերի 1-ից մարզում փակվել է երկու դպրոց. Գորիսի թիվ 4 եւ Կապանի թիվ 2 դպրոցները», - ասաց Ալեքսանյանը՝ շարունակելով, թե մասնավորապես Գորիսի թիվ 4 դպրոցը ուներ 500-ից ավելի աշակերտ եւ 60 տարվա պատմություն - «Մեզ համար հասկանալի չի եղել, թե ինչու է փակվում օպտիմալացման բոլոր չափանիշներին համապատասխանող դպրոցը: Այդ հարցը մենք ուղղել ենք երկրի վարչապետին եւ կրթության նախարարին»:

Նրա խոսքերով, հարցը բարձրացնող հոդվածում չի վիրավորվում վարչապետի արժանապատվությունը: Իրենք հոդվածում փորձել են սոսկ հարցնել, թե ինչո՞ւ է վարչապետը ստորագրել այդ փաստաթուղթը:

«Իրենք [բռնարարք կատարողները] գտնում են, որ Սյունիքի մարզում այլ կարծիք չպիտի լինի», - ասաց նա: - «Ըստ նրանց, չի կարելի հարց տալ առհասարակ: Մենք պետք է ծափահարենք բոլոր այն արարմունքներին, ինչ կատարվում է մեզ մոտ: Իրենք խնդիր են դրել. երկրի վարչապետի եւ Սյունիքի մարզպետի մասին որեւէ հրապարակում այսուհետեւ չպետք է լինի մեր թերթում: Հակառակ պարագայում թերթը կհրկիզվի, հակառակ դեպքում կհրկիզվի մեր մեքենան, եւ այլ սպառնալիքներ»:

Հենց նշված հրապարակումներն են պատճառ հանդիսացել, որ սեպտեմբերի 28-ին «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը վտարվել է մարզպետարանում թերթին հատկացված սենյակներից, իսկ Սամվել Ալեքսանյանը, ով մինչ այդ նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Աբրահամյանի մամլո քարտուղարն էր, ազատվել էր պաշտոնից:

Ալեքսանյանը ասաց նաեւ, որ բացի մահակներով իրեն ծեծի ենթարկելուց, խմբագրատուն ներխուժած մարդիկ գողացել էին նաեւ իր բջջային հեռախոսը, որը իրավապահ մարմինները իրեն են վերադարձրել մի քանի ժամ հետո:

Կատարվածի կապակցությամբ Ալեքսանյանը ահազանգել է ոչ միայն իրավապահ մարմիններին: «Ես հեռագրել եմ ե’ւ հանրապետության նախագահին, ե’ւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին, ե’ւ հանրապետության դատախազին», - ասաց նա: - «Ես ուղղակի խնդրել եմ ձեռնարկել միջոցառումներ: Եթե այդ գրոհայիններին իրենք չպատժեն, մենք ստիպված կլինենք ձեռնարկել ինքնապաշտպանության միջոցառումներ»:

Նրա խոսքերով, հարձակվողները սպառնալիքներով պահանջել են, որ խմբագրությունը փակվի մեկ ժամվա ընթացքում: «Ես պատասխանեցի, որ խմբագրությունը այսուհետեւ ավելի հետեւողական է աշխատելու, այսուհետեւ ավելի լավ ենք լուսաբանելու այդ թեմաները», - պատմեց Ալեքսանյանը:

Կապանի ոստիկանության բաժանմունքի հերթապահ Սեւադա Առաքելյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Սամվել Ալեքսանյանի դիմումի հիման վրա իրականացվում են նախաքննական գործողություններ:


Արմինե Գեղամյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG