Մատչելիության հղումներ

Հայաստանը դեռեւս չի ներկայացրել իր ծրագիր-առաջարկները «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային


Ինչպես երեքշաբթի օրը հայտարարեց Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, Հայաստանը դեռեւս չի ներկայացրել իր առաջարկները Միացյալ Նահանգներից «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրի շրջանակում անհատույց օգնություն ստանալու համար: Նախարարը հույս հայտնեց, որ դրանք կներկայացվեն մինչեւ տարեվերջ:

Վարդան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 2-5-ը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է նաեւ «Հազարամյակի մարտահրավերները» կորպորացիայի ղեկավարության հետ: Հայաստանը, ի թիվս 15 այլ երկրների, անցած գարնանը ընդգրկվել էր այդ ծրագրում:

Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջին տարվա համար ընտրված 16 երկրներին տրամադրվելիք անհատույց օգնությունը կազմելու է մոտ 1 միլիարդ դոլար, երկրորդ տարվա համար՝ 1,5 միլիարդ դոլար:

Հստակ ծրագիր, ըստ Խաչատրյանի, կորպորացիայի ղեկավարությանը առայժմ չեն ներկայացրել ծրագրում ընդգրկված մի շարք երկրներ, այդ թվում նաեւ Հայաստանը:

«Չափի մասին եւ ժամկետների մասին որեւէ ինֆորմացիա չի տրվում», - ասաց նախարարը: - «Ասվում է՝ ժամկետը այն է, երբ դուք արժանի ծրագիր կներկայացնեք»:

Իսկ «արժանի ծրագիր» Հայաստանը հույս ունի ներկայացնել մինչեւ տարեվերջ: Խաչատրյանի փոխանցմամբ, շուտով Հայաստան են ժամանելու «Հազարամյակի մարտահրավերները» կորպորացիայի ներկայացուցիչները, որոնք, հավանաբար, կօգնեն Հայաստանի կառավարությանը կողմնորոշվել, թե հատկապես ինչ ծրագիր պետք է ներկայացնել, որպեսզի այն համապատասխանի կորպորացիայի պահանջներին, այսինքն՝ խթանի աղքատության նվազեցումը եւ տնտեսական զարգացումը:

Ընտրված 16 երկրներին ներկայացվել էին որոշակի պահանջներ: Հայաստանը, մասնավորապես, խնդիրներ ուներ ժողովրդավարությանն առնչվող ոլորտներում, սակայն, ըստ նախարարի, այդ խնդիրը հարթվել է:

«Դեմոկրատիայի հետ կապված մի քիչ կարմիր կետեր ունեինք: Այս անգամ ավելի կանաչ ենք մտել 2005-ի ցուցանիշների մեջ», - ասաց Վարդան Խաչատրյանը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG