Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 10-ին Հայաստան ժամանեց Նորվեգիայի Թագավորության Արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ Յան Պետերսենը՝ Հարավային Կովկասի երկրներում տարածաշրջանային այցին շրջանակներում:

Յան Պետերսենը հանդիպել է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ:

Վարդան Օսկանյանի հետ հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Վարդան Օսկանյանն ասաց, որ երկու հիմնական առաքելություն ունի Յան Պետերսենը մեր երկրում: Նորվեգիան, ինչպես հայտնի է, նախագահում է Երախորհրդի նախարարների խորհուրդը, եւ այցը բարենպաստ է նաեւ երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցեր քննարկելու համար:

Վարդան Օսկանյանն ասաց, որ համագործակցության համար պատմականորեն ձեւավորված լավ հիմք ունենք: Նրա խոսքերով, քննարկվել են տնտեսական հարցեր եւ
հնարավոր է համագործակցություն էներգետիկ բնագավառում՝ հատկապես հիդրոէներգետիկայի ոլորտում, որում Նորվեգիան մեծ փորձ եւ մասնագիտացած բազմաթիվ ընկերություններ ունի: Եվրախորհրդի առջեւ ստանձնած հայաստանյան պարտավորութունների հարցը եւս քննարկվել է:

Լրագրողների խնդրանքով արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացրեց իր վերաբերմունքը Թուրքիայի Եվրամիության անդամակցության բանակցությունների վերաբերյալ:

«Մի երկիր, որը սահմանը փակ է պահում Հայաստանի հետ, առավել եւս այդ որոշումից մի քանի շաբաթ առաջ քրեականացնում է «ցեղասպանություն» բառի օգտագործումը, կամ Կիպրոսից թուրքական բանակի հետբերման ջատագովումը, եւ դրա նկատմամբ աչք է փակվում Եվրամիության կողմից, մեզ լրջորեն մտահոգում է,- ասաց Վարդան Օսկանյանը,- արդյոք սա առավել քաղաքական գործընթաց է, թե՞ Եվրամիության պահանջներիով առաջնորդվող որոշում: Մենք կարծում ենք, որ նույնիսկ այս պահին Թուրքիան արժանի չէր Եվրամիության անդամակցության բանակցություններ սկսելու որոշմանը»:

Յան Պետերսենի խոսքերով. «Իհարկե, Թուրքիան շատ մեծ եւ շատ կարեւոր երկիրր է եւ միշտ եղել է ՆԱՏՕ-ի լավ դաշնակիցը: Բայց չեմ կարծում, որ ճիշտ կլինի իմ կողմից տեսակետ հայտնել մի կազմակեպության ընդլայնման մասին, որի անդամը մենք չենք հանդիսանում»:

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից մանրամասներ հաղորդելով՝ ԱԳՆ մամուլի ծառայությունը ծանուցում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, շեշտը դնելով տնտեսական փոխգործակցության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման վրա: Նախարար Օսկանյանը առաջարկել է ուսումնասիրել գործարար համաժողովի անցկացման հնարավորությունը, ինչպես նաեւ մշակույթի բնագավառում համագործակցության նորվեգական հարուստ փորձը:

Եվրոպական ինտեգրացման համատեքստում քննարկվել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ բարեփոխումների իրականացման ընթացքը: Նախարարը ներկայացրել է Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը՝ կատարելու Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները, նշելով սահմանադրական փոփոխությունների, ընտրական նոր օրենսգրքի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հանդիպման ժամանակ մտքերի լայն փոխանակում է ծավալվել տարածաշրջանային հարցերի շուրջ: Հյուրի խնդրանքով Վարդան Օսկանյանը մանրամասնորեն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքը եւ Հայաստանի մոտեցումները խնդրի լուծման ուղղությամբ:

Յան Պետերսենին այսօր ընդունել է նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունն էլ հաղորդում է, որ կարեւորելով երկու երկրների միջեւ բարձր մակարդակի շփումները, Հանրապետության նախագահն արտգործնախարարի այցը դիտարկել է ինչպես Հայաստանի եվրոպական քաղաքականության շրջանակում, այնպես էլ երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ակտիվացման համատեքստում: Նա իր երախտագիտությունն է հայտնել Նորվեգիայի փախստականների խորհրդի կողմից փախստականների խնդիրների լուծմանը ցուցաբերվող հետեւողական աջակցության համար:

Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG