Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-Կառավարություն բանակցությունները երկարաձգվում եւս 2 շաբաթով


Այսօր ասուլիս էր հրավիրել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` ներկայացնելու համար, թե ինչու են «ԱրմենՏել»-ի հետ բանակցությունները երկարաձգվում եւս 2 շաբաթով: Բանակցությունները կավարտվեն հոկտեմբերի 28-ին:

Նախարարը նախապես նշեց, որ բանակցությունների ընթացքի մասին մանրամասներ չեն փոխանցվելու եւ հարցերից շատերին ուղղակի պատասխանել չի կարող, բայց նշեց, որ բանակացությունները շատ հաջող են ընթանում:

Կառավարությունը որոշում էր կայացրել, որ առնվազն բջջային ոլորտը պետք է բացվի, եւ ստեղծի արդյունավետ մրցակցություն, սակայն պարզվեց, որ միայն ոլորտը բացելը ոչինչ չի նշանակում, քանի որ դրա համար անհրաժեշտ է ոչ միայն իրավական որոշում, այլեւ մի շարք պայմաններ՝ նաեւ տեխնիկական հնարավորություններ:

Բջջային կապի տիրույթում երկրորդ օպերատորին ներգրավելու հարցում որոշակի պրոբլեմներ կան: Առավել մեծ հետաքրքրություն Հայաստանում ներկայացնում է 900 մեգահերցանոց հաճախականության տիրույթը, որում հիմա գործում է «ԱրմենՏել»-ը եւ այդ տիրույթը գրեթե ամբողջովին զբաղեցված է «ԱրմենՏել»-ի ենթակայաններով: Եթե անգամ նոր օպերատորը գործունեության արտոնագիր ստանա, ուղղակի չի ունենան բավարար հաճախականություն, որպեսզի կարողանա կազմակերպել իր աշխատանքը:

Մի կողմից ունենալով իրավական լուծում, մենք չունենք պատշաճ տեխնիկական հիմքեր, որպեսզի ապահովենք երկրորդ օպերատորի մուտքը, ասաց նա:

Պետք է որոշում կայացվի, թե հաճախականության որ հատվածը կարող է «ԱրմենՏել»-ը ազատել եւ տրամադրել իր մրցակցին: Եվ Դավիթ Հարությունյանի խորին համոզմամբ, այդ հարցը պետք է որոշվի ոչ թե երկրորդ օպերատորի ի հայտ գալուց հետո, այլ այժմ ընթացող բանակացությունների ժամանակ, այլապես նորից ի հայտ կգան վիճելի հարցեր, որոնք ստիպված կլինեն պարզել դատարանում, ուստի բոլոր սուր անկյունները հիմա պետք է հղկվեն:

Հաճախականությունը միակ խնդիրը չէ: Նախարարը ներկայացրեց նաեւ երկու օպերատորների բաժանորդների փոխկապակցման խնդիրը: Մի ցանցի բաժանորդը մյուս ցանցի բաժանորդի հետ կապվելու համար պետք է ունենան փոխադարձ կապակցման կետեր եւ ֆինանսական պարտավորություններ միմյանց նկատմամբ, սա եւս կարող է հետագայում ճանապարհ բացել դեպի դատարան:

Երրորդ ոչ պակաս կարեւոր հարցն այն է, որ «ԱրմենՏել»-ն արդեն ստեղծել է կապի ողնաշարային համակարգը, որը հիմնական կապուղիներն են՝ Հայաստանի բավականին մեծ տարածքներ օպտիկական մալուխով միացնող համակարգ: Պետք է պարզել, թե ինչ պայմաններով, երբ եւ ինչ գումարով է պարտավոր «ԱրմենՏել»-ը ծառայություններ մատուցել երկրորդ օպերատորին:

Սրանք երեք արմատական հարցերն են, որոնք իրենց հերթին մի քանի տասնյակ ենթահարցեր են ենթադրում:
Նախարարը շեշտեց, որ խնդիրը արդյունավետ, որակյալ եւ մատչելի հեռահաղորդակցություն ունենալն է:

«ԱրմենՏել»-ը, այսպես թե այնպես, Հայաստանի հիմնական հեռախոսակապի օպերատորն է, եւ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի չվնասվի, չվտանգվի այդ ընկերությունը:

Նա շեշտեց, որ լիովին հնարավոր են լուծումների տարբերակներ, որոնք հավասարապես կարող են բավարարել բոլոր կողմերին, եւ դրանք այժմ քննարկվում են:

Րոպեավճարի եւ ինտերնետ կապի վերաբերյալ հարցերը եւս բանակցային օրակարգում են:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG