Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ստասբուրգում Հայաստանի վերաբերյալ զեկույցի ընթերցումից անմիջապես առաջ Յերժի Յասկերնիան պատասխանել է «Այբ-Ֆե»-ի հարցերին, եւ մասնավորապես ընդգծել է. «Հայաստանում իրավիճակը շատ բարդ է: Քաղաքական ուժերը տարբեր բաներ են ասում եւ դժվար է ասել, թե իրականությունը որտեղ է թաքնված: Եթե մենք տեղեկատվություն ենք ստանում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, չենք կարող ասել, որ նախագահի խոսքը չի համապատասխանում իրականությանը: Ի դեպ, հարցին, թե ինչի վրա է հիմնված զեկույցի արձանագրումը՝ իբր հանրահավաքների ընթացքում քաղաքացիների, լրագրողների նկատմամբ բռնություններ իրականացնողները պատասխանատվության են ենթարկվել, պարոն Յասկերնիան պատասխանում է.«Հայաստանի ընդդիմությունից ենք ստացել, Վուտովան է այդ ինֆորմացիան տրամադրել»:

Իսկ Եվրախորհրդում Հայաստանի ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչներն առաջին անգամ ելույթ ունեցան առանց միմյանց հակասելու,- «Հայ պատգամավորները համախմբվեցին, բայց Արցախին չօգնեցին» վերնագրի տակ արժեւորել է «Այբ-Ֆե»-ն: Այս առումով «Հայկական ժամանակ»-ում նշվում է. «Շավարշ Քոչարյանի պարզաբանումներից պետք է ենթադրել, որ ընդդիմությունն այլընտրանք պարզապես չի ունեցել»:

Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանն էլ «Հայոց աշխարհ» թերթում հատուկ կարեւորում է. «Այս նստաշրջանի ընթացքում հնարավոր եղավ ընդդիմության մեր գործընկերների հետ աշխատել եւ գտնել օպտիմալ ձեւակերպումներ մի քանի փոփոխությունների առումով: Համոզված եմ, որ սա իսկապես ունի շատ մեծ նշանակություն»: Ըստ Տիգրան Թորոսյանի, ընդդիմության դիրքորոշումները Վեհաժողովում համատեղ աշխատանքի վերաբերյալ արմատական փոփոխություններ են կրել:

«ԱՅբ-Ֆե»-ի խմբագրականն այսօր ամրագրում է, որ ապագա նախագահացուներն արդեն սկսել են սեւ արշավ, եւ դա հատկապես ցայտուն երեւում է ԱԺ նախագահի պարագայում: Արդեն սկսել են այսուայն տեղ մարդկանց համոզել, թե Քոչարյանից հետո գալու է Սերժը, եւ ղարաբաղցիներից ազատվելու միակ հեռանկարը «Երեւանի տղա» Արթուր Բաղդասարյանի շուրջ համախմբվելն է: Ժողովուրդը գոնե մեկ անգամ պետք է այդ խառնակչական ծրագրերին վճռականորեն հակադրվելու կարողություն ունենա:

«Մի վախեցեք օբյեկտիվությունից» վերնագրի տակ Դաշնակցության «Երկիր» շաբաթաթերթը ի մի է բերում, թե իրենց Գերագույն մարմնի վերջին ասուլիս-հաշվետվությունից հետո «հնչեցին ու հնչում են գնահատականներ, որոնց իմաստն ու բովանդակությունը դուրս է քաղաքական մտածելակերպից ու ընկալումներից: Ոմանք նեղացան Դաշնակցությունից, որ ասուլիսում ամեն ինչ սեւ գույներով չներկայացվեց, ուրիշները նեղացան, որ ամեն ինչ վարդագույն գույներով չներկվեց, երրրոդներին հիասթափեցրեց կոալիցիայի պառակտման մասին լուրերի անհիմն լինելը, եւ այսպես շարունակ :- Այս ֆոնի վրա «Երկիր»-ը շեշտում է,- Ոմանց ամենից շատ զարմացնում եւ զայրացնում է ճշմարտությունը: ԿԿարողանա՞նք ընկալել ու հաշտվել իրականության ու ճշմարտության հետ՝ ուրեմն կկարողանանք կառուցել արդար երկիր, կայացած քաղաքական դաշտ, արդար հասարակություն»:

«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով՝ երկրի նախագահի դիրքերի թուլացման ազդանշաններն են շատերին մղում մտածելու, որ ժամանակն է սեփական հատվածական շահերն ապահովելու նպատակով ծավալել բազմապիսի ինտրիգներ: Այս իրավիճակում կան երկու ուժեր, որոնք առանձնապես չեն շտապում որեւէ կտրուկ քայլ անել՝ ՀՅԴ-ն եւ ընդդիմությունը: ՀՅԴ-ն իր ակնկալիքները ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանին եւ հանրայնորեն այդ թեման չսրելով, առայժմ սպասում է նախագահի քայլերին: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այն չի միջամտում քաղաքական գզվռտոցին եւ սառնասրտորեն սպասում է, թե երբ իշխանական դաշտում, պատկերավոր ասած բոլորը բոլորին «գոլուբոյ» կհանեն:

«Ռուսաստանը չի ցանկանում բացել սահմանը եւ մեղքը գցում է Վրաստանի վրա,- Վերին Լարսի սահմանագծից փոխանցում են «Ազգ»-ի թղթակիցները:- Սահմանը փակ է եւ հստակ չէ, թե երբ կբացվի: Ռուսական կողմի`սահմանը բացելու հայտարարությունները կարող են նոր թյուրիմացությունների տեղիք տալ, ավելի կոնկրետ` նոր «պատանդներ» կավելանան Դարյալի կիրճում սպասողներին: Ընդհանուր առմամբ, ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում իրավիճակն այսպես շարունակվելու դեպքում կարող է վերածվել հումանիտար ճգնաժամի»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG