Մատչելիության հղումներ

Ծաղկաձորում լրագրողների դեմ կիրառված բռնության գործով դատավարությունը սկսվեց


Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր սկսվեց օգոստոսի 24-֊ին Ծաղկաձորում լրագրողների դեմ կիրառված բռնության գործով դատավարությունը:

43֊-ամյա ամբաստանյալ Գագիկ Ստեփանյանը մասնակի ընդունեց մեղադրանքը խուլիգանության եւ լրագրողի օրինական աշխատանքը խոչընդոտելու առումով: Երկու մեղադրանքն էլ ապացուցվելու դեպքում նրան սպառնում է առավելագույնը երկու տարվա ազատազրկում:

«Չեմ խփել, չեմ հայհոյել, ես հո վիկինգ չեմ, չեմ իմացել, որ նրանք լրագրողներ են, ֊ ասաց Գագիկ Ստեփանյանը,֊ միայն քաշքշել եմ, ապարատի չիփն եմ վերցրել, որովհետեւ ընկերուհիս ասաց, որ անտառում մեզ միասին նկարել են»:

Տուժող, «Առավոտ» օրաթերթի թղթակից Աննա Իսրայելյանն այսօր դատարանում պնդեց, որ որեւէ մարդու իրենք չեն լուսանկարել այդ օրը, միայն՝ հատված ծառերի տեղում բարձրացած ու բարձրացող առանձնատներ են նկարել, եւ բացի այդ, միջադեպի ժամանակ ամբաստանյալն ակնարկ անգամ չի արել ոչ իրեն, ոչ էլ ընկերուհուն լուսանկարելու մասին: Ավելին, ասել է. «Դուք գիտե՞ք, թե ում տարածքն եք լուսանկարել»:

Թե հատկապես ում առանձնատան լուսանկարն է այդքան «նախանձախնդիր» դարձրել Ստեփանյանին, քրեական գործի խնդիրների մեջ չի մտնում, եւ մինչ օրս չի բարձրաձայնվել:

Դատաբժշկական փորձաքննությունն արձանագրել է Մխիթար Խաչատրյանին հասցված մարմնական վնասվածքը, ինչի հետքերը միջադեպից մի քանի օր անց էլ երեւում էին Խաչատրյանի վզին:

Ամբաստանյալը ենթադրեց, թե դա կարող էր առաջացած լինել ֆոտոխցիկը Խաչատրյանի ուսից քաշելիս: Աննա Իսրայելյանը պնդեց, որ դա անհնար է, քանի որ ֆոտոխցիկն իր պայուսակի մեջ էր այդ պահին:

Իսկ որ ամբաստանյալը չի իմացել, թե լրագրողների հետ գործ ունի, Աննա Իսրայելյանը պնդեց, որ ամբաստանյալը Մխիթարին հայհոյել է. «Ես քո լրագրող…», դրան, ըստ նրա, հետեւել է անվերարտադրելի հայհոյանք: Սա հաստատեց նաեւ գործով վկա, «Առավոտ» օրաթերթի վարորդ Գենադի Պողոսյանը:

Գործով երկու տուժողներից դատարան էր ներկայացել միայն Աննա Իսրայելյանը: Մխիթար Խաչատրյանը մտադիր է դիմում ներկայացնել դատարանին, որ չի ներկայանալու, եւ որ հիմք ընդունեն իր նախաքննական ցուցմունքը:

Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG