Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի խմբագիրը այսօր կանխատեսում է. «Ընդդիմությունը հոկտեմբեր-նոյեմբերի ընթացքում 2-3 հանրահավաք կանցկացնի եւ 168-րդ անգամ կհայտարարի՝ «Մենք վճռական ենք սահմանադրական կարգը վերականգնելու մեր պայքարում»: Դա նման է մի իրավիճակի, երբ ավազակը մտել է քո տուն, քեզ կապել է աթոռին եւ հավաքում է կնոջդ զարդեղենը, իսկ դու րոպեն մեկ բացականչում ես, որ վճռական ես զարդերը վերադարձնելու եւ հանցագործներին բանտ նստեցնելու պայքարում, - համեմատում է խմբագիրը, շարունակելով,- Չնայած այդ հանրահավաքների բացարձակապես անվնաս եւ անմեղ բնույթին, իշխանությունն այնուամենայնիվ փակելու է քաղաք եկող ճանապարհները եւ վարչական կալանքի է ենթարկելու հանրահավաքի մոտ 30-40 մասնակիցների՝ քաղմասներում սապոգներով «բացատրական աշխատանք» կատարելով: Զուգահեռաբար փորձելու է «ֆռացնել» Ստրասբուրգի «պոլիտբյուրոյին», թե ճանապարհները չի փակել եւ ոչ մեկին չի ձերբակալել: Ներիշխանական ինտրիգներն ու հակամարտությունները շարունակվելու են՝ ճոյտա-օեկական, դաշնակցա-հանրապետական կամ այլ նմանատիպ դրսեւորումներով: Այդ խարդավանքները ուղեկցվելու են «ա՜խ, պետությունս», «ա՜խ, ազգս», «ա՜խ, կոռուպցիայի դեմ պայքարս» բացականչություններով: Դրանցով քողարկվելու է պայքարը պաշտոնների, «օբյեկտների» եւ ֆինանսական հոսքերի համար: Օլիգարխներն էլ,- ըստ խմբագրի,- շարունակելու են մրցել, թե ով ավելի շուտ կտիրանա Քուվեյթի շեյխին կամ Բրունեի սուլթանին պատկանող մեքենաների կրկնօրինակներին, ինչպես նաեւ զինված սափրագլուխների առավել մեծաքանակ զորքերին»:

«Մեր իշխանություններն արդեն կարող են տոնել իրենց լիակատար ու անառարկելի հաղթանակը՝ ընդդեմ թշնամու: Քանի որ պատահեց այն, ինչի մասին մեր իշխանությունը կարող էր երազել միայն,- ձեւակերպում է «Առավոտ»-ի խմբագրականը, այն առիթով, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրը Ադրբեջանի պատվիրակությունը պահանջեց կասեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԽ-ին՝ այդ պահանջը հիմնավորելով ոչ միայն «ավանդական» 20 տոկոս գրավյալ տարածքներով եւ մեկ միլիոն փախստականներով, այլեւ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթի առթիվ իրենց (այսինքն՝ ազերիների) դժգոհությամբ: Նման պահանջից հետո ՀՀ նախագահի հակառակորդների բազմադեմ բանակը կարելի է համարել լիովին ջախջախված: Ստացվում է, որ մինչ այժմ հայաստանյան ընդդիմությունը ոչ միայն ջուր էր լցնում թշնամու ջրաղացին՝ աշխարհի աչքի առաջ լվանալով մեր երկրի կեղտոտ սպիտակեղենը, այլեւ քննադատում էր ԵԽԽՎ-ում նախագահի ելույթը: Իսկ քննադատել այն, ինչ քննադատում են նաեւ ազերիները, պարզ է, որ ազգային դավաճանություն է:- Ի վերջո խմբագրականը խտացրել է, - թշնամանքը, ատելությունը, միմյանց հասցեին փիս-փիս բառեր ասելը եւ միջազգային հանրության աչքի առաջ «կռիվ-կռիվ» խաղալը չափազանց ձեռնտու են թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի իշխանություններին: Նրանք ցանկացած պահի կարող են ասել. «Տեսնո՞ւմ եք, ինչ լարված իրավիճակ է, լսո՞ւմ եք, թե ինչեր են ասում արտաքին թշնամիները: Ուրեմն պետք է համախմբվել հայրենի իշխանության շուրջը: Թե չէ կստացվի, որ դուք նույնն եք ասում, ինչ մեր հակառակորդները»:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի. «Թվում է՝ հիմա մենք բոլորս միասին պետք է խստագույն քննադատության ենթարկենք մեր իշխանություններին, որ նրանք փաստորեն տեսանելի ոչինչ չեն անում վրաց-ռուսական Վերին Լարս անցակետի բացմանը հասնելու համար: Բայց որքան էլ տարօրինակ թվա, քննադատելը այս դեպքում չափազանց դժվար է, որովհետեւ Ռուսաստանի կողմից Հայաստան եկող ավտոմեքենաների ճանապարհի փակումը ամբողջովին տեղավորվում է Հայաստանի վարած արտաքին քաղաքական կոնցեպցիայի շրջանակներում, եւ դա, ըստ էության, մեր երկրի դիվանագիտական հերթական հաղթանակն է:- Հեգնում է այսօր «Հայկական ժամանակ»-ը,- ի վերջո, շատ չի անցել ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի` ըստ էության միջազգային հանրությանն ուղղված ուլտիմատումից, որի իմաստն այն էր, որ Հայաստանին ոչ մի ճանապարհ էլ պետք չէ, ու մենք առանց ճանապարհների, չորս կողմից շրջափակված կարող ենք հարյուր տարի էլ զարգանալ: Հիմա նույն այդ միջազգային հանրությունը, ըստ ամենայնի, որոշել է Հայաստանին չզրկել զարգանալու հնարավորությունից, քանի որ ռուս-հայկական ցամաքային միակ ուղու փակ լինելը կարծես թե միջազգային լուրջ հուզումներ չեն առաջացրել: Այս ամենը, սակայն, կարեւոր է նրանով, որ մենք եւս մեկ անգամ առիթ ունենք մտածելու, թե ի վերջո՝ ինչ նպատակի է ծառայում Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Մի ժամանակ մենք մեզ մխիթարում էինք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բանի նման չէ, որովհետեւ մենք Ղարաբաղի հարց ունենք, եւ մեր արտաքին քաղաքական հիմնական խնդիրը հենց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումն է, ու մտքի բոլոր տիտանները զբաղված են այս գործով: Վերջերս միայն պարզվեց, որ նման խնդիր մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկա` առնվազն հարյուր տարի: Մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկա նաեւ հայաստանցի տնտեսվարող սուբյեկտների համար նոր շուկաներ եւ արտահանման նոր հնարավորություններ ստեղծելու հարցը: Համենայնդեպս, երկաթուղու ու ճանապարհի կարիք չունեցող երկիրը, բնականաբար, արտահանման եւ նոր շուկաների կարիք էլ չունի: Մնում է էլի ցեղասպանությունը, որը թերեւս, ՀՀ արտաքին քաղաքականության միակ թիրախը եւ նպատակակետն է»:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի արձանագրմամբ էլ. «Վրաստանի ու Ադրբեջանի ցամաքային սահմանները փակելու՝ Ռուսաստանի ղեկավարության որոշումից հիմնականում տուժում են ոչ թե մեր զույգ հարեւանները, այլ Հայաստանը: Հայաստանը հայտնվել է «անմեղ-մեղավորի» կարգավիճակում: Խնդիրը ոչ թե Վերին Լարս անցակետի փակումն է, այլ Վրաստանի հանդեպ իրականացվող միջոցառումները «հասցեական» դարձնելն է,-ընդգծում է մեկնաբանը,- Այդ համատեքստում հնարավոր է կիրառել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնույթ ունեցող այնպիսի քայլեր, որոնք անմիջականորեն չեն շոշափի Հայաստանի շահերը: Վերին Լարս սահմանային անցակետի փակման փաստը կարող է օգտագործվել որոշակի ուժերի կողմից՝ այն ռուս-հայկական ռազմավարական գործընկերության յուրահատուկ փորձաքարի վերածելու համար:

Սակայն հասարակության մեծամասնությունը խորապես հասկանում ու գիտակցում է. ո՛չ Վերին Լարսում ստեղծված խցանումն է այն հարցը, որը կարող է կասկածներ առաջացնել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հանդեպ, ո՛չ էլ Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ Հայաստանը պետք է խնդիրներ ունենա նման միջադեպի պատճառով»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG