Մատչելիության հղումներ

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահը


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով հոկտեմբերի 5-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովը:

ՀՀ Նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Ռոբերտ Քոչարյանի եւ Գեորգի Պրվանովի առանձնազրույցը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-բուլղարական հարաբերությունների տարբեր բնագավառներին, համագործակցության ներկա վիճակին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ տեսակետներ են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ:

Ինչպես ծանուցում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, երկու երկրների նախագահներն արտահայտել են իրենց վճռականությունը` օժանդակել քաղաքական երկխոսության խորացմանն ու երկկողմ համագործակցության ակտիվացմանը: Նրանք գոհունակությամբ նշել են եվրոպական կառույցներին ինտեգրվելու ընդհանուր ձգտումը՝ որպես երկու երկրների արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը:

Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Գեորգի Պրվանովի մասնակցությամբ տեղի են ունեցել հայ-բուլղարական բանակցություններն՝ ընդլայնված կազմով: Քննարկվել են տնտեսական համագործակցության հետագա ակտիվացման հնարավորությունները եւ տրանսպորտային ենթակառուցվածքների հատուկ դերը: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ վերջին շրջանում գրանցվել է ապրանքաշրջանառության աճ:

Տեղի է ունեցել նաեւ երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ Հայաստանի եվ Բուլղարիայի նախագահների մամուլի համատեղ ասուլիսում լրագրողները մեկական հարց տալու հնարավորություն ունեցան:

Բուլղարիայի «Տրուդ» թերթի լրագրողուհուն հետաքրքեց, թե հայկական կոնյակը, որ այդքան հայտնի է, ինչու չի կարելի գնել Բուլղարիայի խանութներում:

Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ հայկական կոնյակի ավանդական շուկաններում պահանջարկը հիմա այնքան է ավելացել, որ մեր արտադրողները ի վիճակի չեն այդքան արտադրել:

Կոնյակ չլինելու հարցը առնչվում է նաեւ տրասպորտային կապի հետ, եւ Հայաստանի նախագահը նշեց, որ տրանսպորտային կապը իքնանպատակ չէ՝ այդ խնդրով լուծվում է տնտեսական հարաբերությունների բոլոր խնդիրները: Տրանսպորտային կապերը կարող են ուղղակի խթանել տնտեսական համագործակցությունը:

Նույն հարցի կապակցությամբ Գեորգի Պրվանովն ասաց, թե ամեն դեպքում Հայաստանից Բուլղարիա ապրանքների արտահանումը մեծ թռիչքով զարգացել է: Նրա խոսքերով, սակայն տրանսպորտի խնդիրը ամենակարեւորն է:

ՀՀ նախագահի գնահատմամբ, համագործակցության համար կայուն, արդիական, պայմանագրաիրավական հիմք կա: Բայց ապրանքաշրջանառությունը ակտիվացնելու ցանկության դեպքում, առաջին հերթին պետք է լուծել տրանսպորտի հիմնահարցը:

Ռոբերտ Քոչարյանը նաեւ գոհունակություն հայտնեց քաղաքական երկխոսության ակտիվության մակարդակից:
Գեորգի Պրվանովի գնահատմամբ, այս բանակցությունները շատ օգտակար էին: Նա նշեց, որ նախագահների հանդիպման նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումը խթանելն է:

Ինչ վերաբերում է միջազգային հարցերին, Բուլղարիայի նախագահը գոհունակությամբ տեղեկացել է, որ Հայաստանը առաջնահերթ է համարում եվրոինտեգրացումը: Նա նշեց, որ աշխատելու լայն ասպարեզ կա, քանի որ Բուլղարիան ավարտել է այդ ուղղությամբ բանակցային շրջանը:

Բուլղարիան ներկայումս ԵԱՀԿ նախագահող երկիրն է, Գեորգի Պրվանովը նշեց, որ բավականին շատ բան են արել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցությունները ակտիվացնելու համար: Արտգործնախարար Սոլոմոն Պասին ու Ղարաբաղի հարցով նրա ներկայացուցիչ ֆիլիպ Դիմիտրովը ջանքեր գործադրեցին հարցը բանակցային հիմքերի վրա դնելու համար:

Նշվեց նաեւ, որ ակտիվացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների շփումները, եւ այժմ ջանում են ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG