Մատչելիության հղումներ

Վաղը Ատոմային էլեկտրակայանը կմիանա ընդհանուր էներգացանցին


Անցած գիշեր Մեծամորի ատոմային էլեկտրակայանի ռեակտորը սկսեց աշխատել՝ 65-օրյա հերթական, պլանային վերանորոգումից հետո, որը կատարվում է 4 տարին մեկ անգամ: Այժմ ատոմակայանը աշխատում է նվազագույն հսկելի հզորությամբ, իսկ վաղը նախատեսվում է կայանը միացնել ընդհանուր էներգացանցին՝ սկզբնական 210 մեգավատ հզորությամբ:

Վերանորոգումը, ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանի փոխանցմամբ, կատարվել է ժամանակացույցի համաձայն, եւ ցանցին միանալու ժամկետը կարող է խախտվել մի քանի ժամով ընդամենը:

Ատոմակայանի տնօրենի հավաստմամբ, պլանային վերանորոգման ընթացքում անվտանգության բարձրացման ուղղությամբ մի շարք կարեւորագույն եւ խոշոր միջոցառումներ են իրականացվել: Մասնավորապես նոր սարքավորումներ են ներկրվել՝ Միացյալ Նահանգների էներգետիկայի դեպարտամենտի եւ Եվրոպական ծրագրերի հովանավորությամբ:

Բացի այդ, լուրջ փորձաքննության է ենթարկվել ռեակտորը, որի ամրությունը նախկինում միշտ ստուգել է ռուսական մի ընկերություն, իսկ այս տարի միջազգային մրցույթով այդ աշխատանքը կատարել է չեխական «Շկոդա» ընկերությունը: Ինչպես փոխանցեց տնօրենը, մասնագետները որեւէ թերություն ռեակտորի կորպուսի վրա չեն հայտնաբերել:

Ինչպես հայտնի է, Վրաստանի սահմանին ավտոճանապարհը փակվելու հետեւանքով, մինչեւ օրս տեղ չեն հասնել հայկական ատոմակայանի վերանորոգման համար անհրաժեշտ նյութեր՝ հատուկ յուղեր:

«Խնդիրը լուծվել է այլ ճանապարհով, - բացատրեց Գագիկ Մարկոսյանը,- ստիպված ենք եղել յուղի նոր խմբաքանակ գնել եւ ներմուծել օդային ճանապարհով: Իսկ ցամաքային ճանապարհին մնացած խմբաքանակը մի օր կհասնի Հայաստան եւ կօգտագործվի մյուս տարի: Այնպես որ, ծախսերը առանձնապես չավելացան, բայց ավելացավ չարչարանքը»:

Ատոմակայանը լիցքավորված է 1/3-ից ավելին նոր վառելիքով: 2003 թվականի համար վառելիքի պարտքը մարված է ամբողջությամբ, եւ այս տարվա նոր խմբաքանակից էլ արդեն վճարված է 1,5 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ բերվել է 12 միլիոն դոլարի վառելիք, եւ առաջին անգամ վերջին տասնամյակում ատոմակայանի նոր վառելիքը ներկրվեց հուլիսին, երբ կայանը դեռեւս չէր կանգնել վերանորոգման:

Էմիլ Դանիելյան
Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG