Մատչելիության հղումներ

Ռուսաստանի կողմից օդային սահմանը փակելու պատժամիջոցը հետաձգվել է


Ռուսաստանի Դաշնության Տրանսպորտի նախարարությունը անցած տարի հայտարարել էր, որ հոկտեմբերին 1-ից ԱՊՀ անդամ մի շարք երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի, ավիաընկերությունների համար փակելու է իր օդային սահմանը, քանի որ վերջիններս աէրոնավիգացիոն վճարումների գծով մեծ պարտքեր են կուտակել:

Սակայն Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո քարտուղար Սերժ Մանուկյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Ռուսաստանը որոշել է այդ պատժամիջոցը ժամանակավորապես չկիրառել:

Նրա խոսքերով, երեկ Ռուսաստանի տրանսպորտի նախարարը անձամբ նամակ է հղել Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությանը՝ նշելով, թե հետաձգում են Հայաստանի նկատմամբ պատժամիջոցի կիրառումը:

Ռուսաստանցի նախարարը տեղեկացրել է, որ այս խնդրի լուծման մանրամասներն իրենք կքննարկեն հոկտեմբերի 13-15-ը Երեւանում կայանալիք «Հայ –ռուսական տնտեսական համագործակցության հանձաժողովի» նիստի շրջանակներում, որի ընթացքում կպարզվի, թե ինչ ժամանակացույցով պետք է մարվեն պարտքերը:

Առաջին անգամ չէ, որ Ռուսաստանը հայտարարում է, թե կփակի Հայաստանի հետ օդային սահմանը, եթե հայաստանյան ավիաընկերությունները չվճարեն իրենց պարտքերը: Չնայած այդ հայտարարություններին, Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն այդ պատիժը չի իրականացնում:

Հայաստանի ՔԱԳՎ մամլո ծառայության ղեկավարը տեղեկացրեց, որ իրենց վարչությունը սեպտեբրի 28 –ին դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով հետաձգել խնդրի լուծումը:

Ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը, նշում է, թե հայաստանյան գործող ավիաընկերությունները աէրոնավիգացիոն ծառայությունների համար Ռուսաստանին պարտք են 5 միլիոն դոլարից ավելի, իսկ լուծարված ընկերությունները՝ 2 միլիոն դոլարից ավելի գումար:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը վկայակոչելով՝ նույն աղբյուրը նշում է, թե որոշ դեպքերում ընկերությունները պարտքերից խուսափելու նպատակով կանխամտածված իրենց սնանկ են ճանաչել:

Սակաjն տարօրինակ է, որ ՀՀ ՔԱԳՎ տվյալներով, հայկական գործող ավիաընկերությունները Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը պարտքեր չունեն: Իսկ եթե ունենան էլ, ապա դրանք շատ չնչին են:

Ինչ վերաբերում է լուծարված ընկերություններին, ապա, ըստ Սերժ Մանուկյանի, նրանց պարտքը կազմում է ընդամենը 2 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար:

Սնանկացած ընկերություններից մեկը՝ «Հայկական ավիաուղիները», Ռուսաստանի աէրոնավիգացիոն ծառայությունների համար պարտք է 2,5 միլիոն դոլար: Նախատեսվում է, որ «Հայկական ավիաուղիները», որն այժմ լուծարման գործընթացում է, կկարողանա ինչ- որ մասով փակել իր պարտքը, քանի որ ընկերությունն արդեն վաճառքի է հանել իր գույքը, այդ թվում նաեւ 8 ինքնաթիռները:

Ինչ վերաբերում է սնանկացած մյուս ընկերություններին, ապա «Արաքս ավիան» Ռուսաստանին պարտք է 100 հազար դոլար, իսկ «Ուրարտու ավիան»՝ 40 հազար դոլար:

Եվ այսպես, հայ-ռուսական տնտեսական հանձնաժողովի նիստից հետո պարզ կդառնա, թե ով կվճարի այդ պարտքերը: Չի բացառվում, որ սնանկացած ընկերությունների փոխարեն այդ գումարները կփոխհատուցի Հայաստանի կառավարությունը:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG