Մատչելիության հղումներ

Ռուսաստանը եւ Հայաստանը համատեղ պայքարում են ահաբեկչության դեմ


Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արթուր Բաղդասարյանն ու Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի Նախագահ Սերգեյ Միրոնովն այսօր Երեւանում համատեղ հայտարարություն ստորագրեցին, որով իրենց ղեկավարած մարմինների պատրաստակամությունն են հայտնում ազնիվ, առանց երկակի ստանդարտների համագործակցելու միջազգային ահաբեկչության դեմ պայքարում՝ ընդգծելով համընդհանուր համակարգի անհապաղ իրականացման անհրաժեշտությունը:

Համատեղ փաստաթղթում նշված է. «Պետությունները պարտավոր են ահաբեկչությանը հակադրել հատուկ ծառայությունների բարձր արհեստավարժությունը, կառուցողական միջազգային համագործակցությունը, ինչպես նաեւ ողջ միջազգային իրավական միջոցների ակտիվ օգտագործումը, որոնք մշակել են նախ եւ առաջ ՄԱԿ֊-ը, ԵԱՀԿ֊-ն, ԱՊՀ Միջխորհրդարանական Միությունը եւ այլ խորհրդարանական կազմակերպություններ»:

Ռուսաստանից ժամանած բարձրաստիճան հյուրը Երեւանի Զվարթնոց֊Արմենիա օդակայանում ասաց, թե Ռուսաստանը, ինչպես աշխարհի շատ երկրների, Հայաստանի հետ էլ ահաբեկչության դեմ պայքարի նույն շարքում է:

Միրոնովը ստորագրելիք համատեղ հայտարարությունը բնորոշեց որպես ամբողջ աշխարհում ահաբեկչությունը կանգնեցնելու ընդհանուր պատի մեջ եւս մեկ աղյուս:

Ռուս֊-վրացական սահմանին հայկական բեռները կանգնեցնելը, գործածելով «բեռնափոխադրումների դանդաղեցում» ձեւակերպումը, Դաշնության Ժողովի նախագահը բացատրեց Բեսլանի ողբերգությունից հետո ձեռնարկված միջոցառումներով:

Չնայած շեշտելով, որ ծանոթ են Հայաստանից բեռնափոխադրումների լուրջ խնդիրներին, պատրաստ են ամեն կերպ աջակցել Հայաստանին, եւ բացառում են, թե այս միջոցառումներն ուղղված են Հայաստանից բեռնափոխադրումների դեմ, ամեն դեպքում, հույս հայտնեց, որ Հայաստանի ղեկավարությունն ըմբռնումով կմոտենա այն դրդապատճառներին, որոնք Ռուսաստանին ստիպել են նման միջոցառումներ ձեռնարկել:

Սերգեյ Միրոնովը ճիշտ է համարում Ռուսաստանի նախագահ Պուտինի վերջերս արած առաջարկները, որով իշխանությունն առավել է խտանում Մոսկվայի ձեռքում, եւ որոնք քննադատության են ենթարկել արեւմտյան ղեկավարները:

Միրոնովը չհամաձայնեց միայն «խտանալ» ձեւակերպման հետ: Նաեւ բացատրեց Պետդումայի պատգամավորների ընտրությունն ամբողջովին համամասնական ընտրակարգով անցկացնելու որոշումը. «Գաղափարն ինքը հիմք ունի, բայց մեծամասնականից որոշ տարրեր պետք է պահպանվեին»:

Իսկ Ռուսաստանի նահանգապետերի նոր ընտրակարգը, որով, փաստորեն, նրանք նշանակվում են, Սերգեյ Միրոնովը բացարձակապես ճիշտ է համարում:

Սերգեյ Միրոնովը Հայաստան կատարած եռօրյա պաշտոնական այցի ընթացքում կհանդիպի նաեւ նախագահ Քոչարյանի, վարչապետ Մարգարյանի, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ, պետհամալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողության հետ, ծաղկեպսակ կդնի Եղեռնի զոհերի հուշարձանին: Վաղը հետկեսօրին համատեղ ասուլիս են հրավիրել Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ու Ռուսաստանի Դաշնային Ժողովի դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը:

Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG