Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մինչ մամուլում ավելի շատ շրջանառում է Ազգային Ժողովում իրար վրա հերթական ցեխշպրտոցին,- ինչպես որակում է «Հայկական ժամանակ» թերթը, «Երկիր» թերթը ավելի բարձր բառապաշարում ամրագրում է,- Զուտ քաղաքական իմաստով մեզանում գուցե թե քաղաքական էլիտա կա, սակայն հասարակական լեգիտիմություն այդ էլիտան չունի եւ դժվար թե ունենա»:

«Երկիր»-ի համադրմամբ, ընդդիմությունը եւս կորցրել է հասարակական իմաստով իր լեգիտիմությունը»:

«Այբ-Ֆե» թերթն էլ այսօր դիմում է ընդդիմությանը. «բնակչությունը ձեզ համար արել է ամեն ինչ, իսկ դուք որեւէ կերպ չեք փոխհատուցում: Ակամա ռեժիմի ջրաղացին եք ջուր լցնում՝ ժամանակ առ ժամանակ նպաստում եք շիկացած մթնոլորտի լիցքաթափմանն ու գործող ռեժիմի կյանքի երկարաձգմանը: Կար դժգոհության հզոր ալիք: Խոստացաք, որ կկազմակերպեք հուզումներն ու ժողովրդին պարտության տարաք, -«Այբ-Ֆե»-ի խտացմամբ,- ակնհայտ է, որ ընդդիմությունը շշկռվել-մնացել է, չգիտի՝ ինչ անել, ումով անել եւ ինչպես: Մինչդեռ գործնական քայլեր են պահանջում: Ընդդիմությունը չպետք է անտեր թողնի իր դաշտը, որպեսզի իշխանությունը չվերարտարդրվի»:

«Հայոց աշխարհի»-ի թղթակիցը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցը բնորոշել է «շատ տխուր եւ հոռետեսական»: Իսկ վերջինս մասնավորապես ասում է. «Գործողություններ ընդդիմության կողմից իսկապես չկան: Այն քայլերը, որ արվում էին մինչեւ ապրիլի
12-ը, սպառվեցին: Նրանց կրկնությունը որեւէ նոր արդյունք չի տա: Նոր մարտավարություն է պետք: Իշխանություններն էլ ավելորդ ինքնավստահությամբ համարում են, թե իրենք հաղթել են: Տարբեր մակարդակների պաշտոնյաների պահվածքը, մամուլից դատելով, ավելի լկտի է դարձել: Ինչ վերաբերում է ասպարեզում եղած ուժերին, ապա ով կա՝ կա: Նոր բան չի ավելանալու ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության ճամբարում եւ նրանց վերադասավորումով էլ որեւէ բան չի փոխվելու, եթե չկա կոնկրետ ծրագիր, որի շուրջը արժեր միավորվել,-բանաձեւում է Վազգեն Մանուկյանը,- ողջ կյանքիս ընթացքում այսպիսի լճացում չեմ տեսել»:

«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով. «Հայաստանում աստիճանաբար օբյեկտիվորեն հասունանում են պայմաններ սոցիալ-տնտեսական ճգնաժամային երեւույթների եւ ծանր ձմռան համար: Մասնավորապես, ռուս-վրացական սահմանում հայկական ավտոմեքենաների հսկայական կուտակումների պատճառով Ռուսաստան-Հայաստան բեռնափոխադրումների գինն արդեն աճել է շուրջ 1/3–ով: Դա, բնականաբար, շատ շուտով անմիջապես կանդրադառնա սպառողական շուկայի գների վրա»:

Ուրվագծելով եւ ներքին կյանքում կոմպրոմատների պատերազմի նորանոր զարգացումները, «Իրավունք»-ի մեկնաբանը նախանշում է.«Հայաստանում ստեղծված է բավականին դրամատիկ կացություն, եւ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնների համադրությունն այնպիսին է, որ իշխանափոխությունը եւ ներքաղաքական խոշորագույն փոփոխությունները հնարավոր են, անգամ եթե ընդդիմությունը մատը մատին չխփի»:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի վերջին նստաշրջանում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի արտգործնախարարների ելույթների հետքերով «Ազգ» թերթում էլ ամրագրված է. «Ըստ էության, ղարաբաղյան կարգավորման գործընթացը մտել է դիվանագիտական պատերազմի փուլ: Հակամարտող կողմերի միմյանց հասցեին հնչեցվող սպառնալիքները չեն խոսում այն մասին, որ կարգավորումը մոտ ապագայում տեսանելի է»:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի, Կարս-Ախալքալաք երկաթուղին Ադրբեջանին թույլ կտա Վրաստանով կապվել Թուրքիայի հետ: Բնականաբար, եթե այս ծրագիրն իրականություն դառնա, Հայաստանը պետությունից կվերածվի հողամասի:

«Հայոց աշխարհ»-ի մեկնաբանն էլ «Երեքը մեկի դեմ. Կարս-Ախալքալաքը մարտահրավեր է Հայաստանին» վերնագրի տակ ընդգծում է.«Հայաստանը իրավունք ունի ավելին՝ պարտավոր է համակարգված քայլեր ձեռնարկել, կանխելու թուրք-վրաց-ադրբեջանական երկաթուղային գործարքը: Հայաստանը, օգտագործելով իր բոլոր հնարավորությունները, պետք է պահանջի եվրոպական ընտանիքից քննարկել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցման միջոցով արդեն իսկ առկա Կարս-Գյումրի-Թբիլիսի կոմունիկացիոն համակարգը շրջանցելու եւ եվրոպական փողերով Հայաստանի շրջափակումը հավերժացնելու Թուրքիայի նախաձեռնության քաղաքական հետեւանքները: ԱՄՆ-ը միշտ էլ փորձել է բացել հայ-թուրքական սահմանադուռը, սակայն ինչպե՞ս է ապագայում նա իրականություն դարձնելու այս բարդ խնդիրը, երբ կառուցվելիք Կարս-Ախալքալաք երկաթուղին դառնալու է հաղթաթուղթ Թուրքիայի ձեռքին՝ հիմնավորելու համար Կարս-Գյումրի գծի ավելորդությունը: Ռուսաստանի շահերի տեսանկյունից էլ արդյոք միեւնույն է, թե որտեղո՞վ կանցնի Թուրքիան Հարավային Կովկասին կապող երկաթուղին»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG