Մատչելիության հղումներ

logo-print
Պարարվեստի ուսումնարանի 3 շաբաթ տեւած դասադուլն ավարտվեց, դասերը վերսկսվել են: Մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Գեւորգյանին ուսումնարանի տնօրեն նշանակելու որոշման հետ կոլեկտիվը այդպես էլ չհամակերպվեց:

Գործադուլն ավարտվեց միայն այն բանից հետո, երբ 2 օր առաջ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ուսումնարանի կոլեկտիվի 20 մարդուց բաղկացած պատվիրակությանը եւ խոստացավ հարցը լուծել ի նպաստ բողոքավորների:

Ուսումնարանի փոխտնօրեն Հասմիկ Մարկոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ վարչապետը շատ մտահոգված էր ստեղծված իրավիճակով: Նա քաջածանոթ է եղել իրադրությանը եւ ասել է, թե կոլեկտիվը գործադուլ հայտարարելով՝ ճիշտ մեթոդով չի գործել: Սակայն, մտածելով արվեստի ապագայի մասին եւ մտահոգվելով, որ երեխաները չտուժեն, խոստացել է, որ Կարեն Գեւորգյանը չի լինի ուսումնարանի տնօրենը: Վերջինս անձամբ պետք է հրաժարական ներկայացնի, երբ մշակույթի նախարարը այսօր վերադառնա Չինաստանից:

Ուսումնարանի կոլեկտիվին ընդունելուց հետո, վարչապետը հանդիպել է նաեւ Կարեն Գեւորգյանի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանելով՝ Կարեն Գեւորգյանը փոխանցեց, թե վարչապետի հետ քննարկել են ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհները, նաեւ իր հրաժարականի հրացը: Կարեն Գեւորգյանը վարչապետին ասել է, որ հանուն երեխաների, նրանց ուսումանական պորցեսը վերսկսելու պատրաստ է ներկայացնել հրաժարականի դիմում: Նա ավելացրեց նաեւ, որ վերջնական որոշումը կկայացնի մշակույթի նախարարը:

Կարեն Գեւորգյանը շեշտեց նաեւ, թե որպես դասախոս եւ մանկավարժ գոհ է, որ դասերը ուսումնարանում վերսկսվել են:
Գեւորգյանի բացատրությամբ, անցած 3 շաբաթների ընթացքում ինքը հրաժարական չներկայացրեց, քանի որ այն կարծիքին է, թե ստեղծված իրավիճակն ուղղակի կեղծ աղմուկ է, ներկայացում՝ սարքված մի քանի մարդու կողմից:

Բողոքավորները շեշտում էին, որ Կարեն Գեւորգյանը չի կարող ղեկավարել պարարվեստի ինստիտուտը, քանի որ դասական կամ բալետային պարարվեստի մասնագետ չէ: Այս կարծիքի հետ նոր տնօրենը համաձայն չէր: Ըստ նրա, եթե ոչ այսօր, ապա մի օր պետք է բացվի ընդհանրապես բոլոր մասնագետների եւ հասարակության առջեւ արդեն 30 տարի փակված պարարվեստի ուսումնարանի դուռը, եւ պետք է թափանցիկ դառնա նրանց աշխատանքը ու երեւա, թե ինչով են նրանք ընդհանրապես զբաղված: Հակառակ դեպքում, Կարեն Գեւորգյանի խոսքերով, եւս 10 տարի կունենանք այնպիսի բալետ, ինչպիսին ունենք այսօր:

Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG