Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթն այսօր ամրագրում է. «գործող խորհրդարանը վաղուց վերածվել է էժանագին բիստրոյի, որտեղ պատգամավորների հիմնական «օրենսդրական» գործունեությունն իրար վրա կայֆ բռնելն ու իրար վրա գործ տալն է, դրանով այլեւս ոչ մեկին չես զարմացնի: Սակայն այն, ինչ երեկ տեղի է ունեցել խորհրդարանում, զարմացրել է նույնիսկ նրանց, ովքեր վաղուց արդեն կորցրել են մեր քաղաքական այրերի վարքի ցանկացած դրսեւորման վրա զարմանալու ունակությունը: -Ներկայացնելով Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանի ու մասնավորապես «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի փոխանակած ծայրահեղ վիրավորանքները, «Հայկական ժամանակ»-ը ամփոփում է,- Այս պատմությանը մեր կողմից որեւէ բան ավելացնելը, կարծում ենք, անիմաստ է. պարզապես դուք, սիրելի ընթերցողներ, իրավունք ունեք տեղյակ լինելու, թե ինչ է կատարվում հայրենի խորհրդարանում»:

«Կոմպրոմատների «Օրինաց երկիր» վերնագրի տակ «168 ժամ» շաբաթաթերթն էլ խտացնում է՝ եթե որեւէ պատգամավոր համարձակվում է «Օրինաց երկրին» «թթու խոսք» ասել, «Օրինաց երկիրը» անմիջապես նրա դեմ «կոմպրոմատներ» է հրապարակում: ՕԵԿ «թափանցիկությունն ու հետեւողականությունն» այլեւս լուրջ չի ընդունվում որեւէ մեկի կողմից, որքան էլ դրանք իրականում իրենց մեջ լրջություն ու անգամ հանցագործության տարրեր պարունակեն:

Կենտրոն-Նորք-Մարաշ ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Թամամյանի հետ իր զրույցից «168 ժամ» -ի թղթակիցն այսօր պատմագրել է. «Հովհաննես Ղուկասիչը իր ծառայությունների համար քիչ է համարում Ծաղկաձորում երկու տուն ունենալը. «էդ ո՞վ ա որոշել, որ Դոդի Գագոն, Լֆիկ Սամոն պիտի տներ ունենան, կամ Արամ Սարգսյանը ունենա, իսկ Թամամյան Հովիկը չունենա: Երկուսը չունեմ, չորսն ունեմ, էղա՞վ: Քանի կուսակցություն ունեք Հայաստանում, ինչի՞ դրանք չեք հաշվում, որ իմ տներն եք հաշվում»,- բողոքում է նա:
Պարոն Թամամյանն իր հեղինակավոր կարծիքն է հայտնել նաեւ ընդդիմության մասին. «Ես գիտեմ, որ աթոռակռիվ են տալիս, որովհետեւ բոլորին լավ ճանաչում եմ: Բոլորի հետ աշխատել եմ, բոլորին անձամբ տիրապետում եմ: Գիտեմ բոլորի ունակություններն ու թերությունները, ունեցածն ու չունեցածը: Ազգի, ժողովրդի անունից թող շատ քչերը խոսեն: Արտաշես Գեղամյանը, երբ հելել էր գազելի կռիշ ու ինձանից էր խոսում, թող հիշի, երբ Դավթաշենի թաղամասը բացվեց, ինչքան է կերել: Եթե չի հիշում, ես կհիշեցնեմ»:

«Կյանքը մեկ անգամ չէ, որ հաստատել է՝ մեր երկրում կադրային քաղաքականությունը արմատապես սխալ է եւ ցանկացած ոլորտ կարող է ավիրել,- անդրադառնում է «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: -Բացառապես կուսակցական-կլանային պատկանելիության վրա հիմնված գործադիր իշխանության ձեւավորման մեխանիզմը լուրջ վթարներ է ունենում՝ ցուցադրելով իր ողջ անկատարությունը: Ու չնայած դրան, երկրի ղեկավարությունը նույնիսկ երկչոտ փորձ չի անում վերանայել կադրային գաղափարախոսության սկզբունքները: Այնպես որ օրինաչափ է, երբ այս մարտավարությունը տանում է փակուղի: Որպես սրա ակնառու թարմ օրինակ «Գոլոս Արմենիի» թերթում մատնանշվում է մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի գործունեությունը, մասնավորապես պարարվեստի ուսումնարանի տնօրենի նշանակման բարձրացրած դժգոհության ալիքով: Ուսումնարանի անձնակազմը հաղթեց, բայց հայ հասարակության համար դեռեւս չափազանց վաղ է կիսել այդ խանդավառությունը, քանի որ սա միայն մասնակի դեպք է, իսկ մեր պետությունը շարունակում է մնալ կադրային լուծումների փակուղում,- ընդգծում է մեկնաբանը:

Ռուսաստանում ու Բելառուսում ծավալվող գործընթացների ֆոնի վրա «Առավոտ» թերթը համադրում է.«Հայաստանը շատ ավելի մեծ կախում ունի Արեւմուտքից եւ, հասկանալի է, իրեն չի կարող նման շռայլություն թույլ տալ եւ Բելառուսի պես թքած ունենալ միջազգային հանրության կարծիքի վրա: Մեր երկիրը չունի նաեւ այն հզորությունը, որ Ռուսաստանի պես կարողանա անպատիժ հեռանալ ժողովրդավարության ակունքներից: Բայց, արի ու տես, որ հեռանում է: ուցե նկարագրված ֆոնի վրա արժե նորի՞ց մտածել Ռուսաստան-Բելառուս-Հայաստան միության գաղափարի մասին»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG