Մատչելիության հղումներ

Կայացավ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների 4-րդ հանդիպումը


Միացյալ Նահանգներում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլի թվով 4-րդ հանդիպումը:

ՀՀ արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանի փոխանցմամբ, ինչպես եւ նախորդ հանդիպումների ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման խնդիրներ: Քննարկվել են նաեւ հակամարտությունների կարգավորմանը վերաբերող տարածաշրջանային հարցեր, համագործակցության խնդիրներ, տնտեսական եւ այլ ոլորտների հարցեր:Գյուլի հետ երկկողմ հարաբերությունների քննարկման ժամանակ միշտ էլ արծարծվում է սահմանների բացման հարցը, եւ այս անգամ էլ բացառություն չի եղել:

Նաեւ արտգործնախարարությունից տեղեկացանք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 59-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 29-ին նախատեսված ելույթում նախարար Օսկանյանը խոսելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների, միջազգային քաղաքականության գլոբալ խնդիրների մասին, եւ ելույթի առանցքային թեման լինելու է Lեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը: Նախարարը կներկայացնի Հայաստանի մոտեցումները, թերեւս պատասխանելով նաեւ Իլհամ Ալիեւի հայտարարություններին:

Վարդան Օսկանյանը մինչեւ Գյուլի հետ հանդիպելը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարկ Գրոսսմանի հետ: Վերջինիս հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների հարցը՝ Հայաստան-ԱՄՆ տնտեսական հանձնաժողովի եւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում Հայաստանի մասնակցությանը:
Երկուշաբթի օրը Օսկանյանը հանդիպել է նաեւ Lիբանանի արտգործնախարար Ժան Օբեյդի հետ:

Գեւորգ Ստամբոլցյան
Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG